«Հայաստանի և Ադրբեջանի միջև ղարաբաղյան 44-օրյա պատերազմին հաջորդած հրադադարը հիմնականում պահպանվել է, բայց պարբերաբար տեղի ունեցող հրաձգությունները իրավիճակն անկայուն են պահել սահմաններին», - գրում է հեղինակավոր Human Rights Watch (HRW) իրավապաշտպան կազմակերպությունը 2021 թվականին նվիրված իր զեկույցում։
Հայաստանի մասին հատվածում զեկույցի հեղինակները գրում են, որ էթնիկ հայկական ուժերի պարտությանը հաջորդած քաղաքական ճգնաժամը մեծ մասամբ մեղմացավ հունիսին կայացած արտահերթ ընտրություններում, որոնք միջազգային դիտորդները համարեցին մրցունակ և միջազգային չափանիշներին համապատասխանող:
Միևնույն ժամանակ իրավապաշտպան կառույցը նկատում է, որ Հայաստանում շարունակվել են ընտանեկան բռնության, հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականությանն առնչվող խնդիրները, խոչընդոտներ են եղել պալիատիվ խնամքի հարցերում, չի դադարել բռնությունն ու խտրականությունը սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հողի վրա։ Իսկ ատելության խոսքի տարածվող պրակտիկան զսպելու նպատակով իշխանությունները ներմուծել են կարգավորումներ, որոնք իրականում կարող են խաթարել խոսքի ազատությունը:
Այնուամենայնիվ, զեկույցի գլխավոր հատվածը վերաբերում է 44-օրյա պատերազմի առաջացրած հետևանքներին՝ մարդու իրավունքների տեսանկյունից։ Հղում անելով Հայաստանի օմբուդսմենին՝ զեկույցի հեղինակները գրում են, որ 2021 թվականի սեպտեմբերի տվյալով առնվազն 41 պահեստազորային և 4 քաղաքացիական անձ շարունակում են մնալ ադրբեջանական գերության մեջ։
«Բազմաթիվ հայ ռազմագերիներ ենթարկվել են դաժան և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և խոշտանգումների ադրբեջանական ուժերի կողմից կա՛մ գերեվարվելիս, կա՛մ տեղափոխման ժամանակ, կա՛մ տարբեր կալանավայրերում կալանքի ընթացքում։ 2021 թվականին Ադրբեջանի կողմից վերադարձվել է շուրջ 100 հայ գերի և քաղաքացիական անձ», - գրված է իրավապաշտպան կառույցի զեկույցում։
Զեկույցի հեղինակները նաև նկատում են, որ հայ-ադրբեջանական շփման գծերում միջադեպերը սպառնում են Հայաստանի սահմանային կամ Լեռնային Ղարաբաղի գյուղերի բնակիչների անվտանգությանը, հիշեցնում են հոկտեմբերի 9-ի Մարտակերտի շրջանում գյուղատնտեսությամբ զբաղվող խաղաղ բնակչի սպանության մասին, ապա նկատում, որ Լեռնային Ղարաբաղում չկա մարդու իրավունքների հարցերով զբաղվող մոնիտորինգային անկախ խումբ, և չկան գործող մեխանիզմներ, որոնք կանդրադառնային սահմանային ու այլ միջադեպերին։
Միևնույն ժամանակ HRW-ը գրում է, որ ըստ Ադրբեջանի դատախազության, պատերազմի դադարից հետո 23 ադրբեջանցի քաղաքացիական անձ է սպանվել և 36-ը վիրավորվել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ականների պայթյունների պատճառով, նրանց թվում նաև 2 լրագրող։
Զեկույցի հեղինակները նաև հայտնում են տեղեկությունների մասին, որ պատերազմի ընթացքում հայկական ուժերի կողմից արտադատական մահապատժի են ենթարկվել 2 ադրբեջանցի զինվորներ, սակայն HRW-ին հայտնի չէ, որ այս դեպքերի վերաբերյալ հայկական կողմում քննություններ են տարվել։
Իրավապաշտպանը կարևորում է, որ Ադրբեջանում պահվող գերիների հարցը կազմակերպությունը չի շրջանցել
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը կարևորում է, որ հատկապես Ադրբեջանում պահվող գերիների հարցը կազմակերպությունը չի շրջանցել։
«Գերիների թեմային են անդրադարձել և նրանք մինչ այս ունեին մի Press release, որտեղ պահանջում էին գերիներին ազատ արձակել Ադրբեջանից, այսինքն խոշտանգումների հետ էր կապված նաև այդ հրապարակումը և հիմա նորից անդրադարձել են գերիների թեմային: Կարևոր է նաև, որ արձանագրել են խոսքի ազատության հետ կապված խնդիրները, այն, ինչ մենք բարձրաձայնում էինք այստեղ», - ասաց Ալեքսանյանը:
Հաջորդ՝ խոսքի ազատությանը նվիրված բաժնում զեկույցի հեղինակները հիշեցնում օգոստոսի 11-ի Ազգային ժողովի միջադեպը։ «Խորհրդարանի խոսնակը արգելեց լրագրողներին նկարահանել իշխանական ու ընդդիմադիր պատգամավորների միջև ծագած կռիվը, իսկ հատուկ ուժերը կարգադրեցին լրագրողներին չնկարահանել, ապա դուրս հրավիրեցին խորհրդարանի՝ իրենց դիտասենյակից», - կարդում ենք զեկույցում։
Խոսքի ազատության համատեքստում հիշատակվում է նաև եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ Ազգային անվտանգության ծառայության քրեական հետապնդումը։
«Արձանագրել են, որ մինչև հիմա եզդի իրավապաշտպանը շարունակում է քրեական հետապնդման ենթարկվել», - ասաց Ալեքսանյանը:
Աշխարհի ավելի քան 100 երկրներում մարդու իրավունքների վիճակին նվիրված զեկույցում Հայաստանին տրամադրված մոտ 7 էջերում իրավապաշտպանները խոսել են նաև հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց, երեխաների, ինչպես նաև սեռական փոքրամասնությունների ոտնահարված իրավունքներից։
Ժաննա Ալեքսանյանի խոսքով՝ հնարվոր է տարվա ընթացքում կազմակերպությունը ավելի մանրամասն անդրադառնա Հայաստանում մարդու իրավունքներին առնչվող առանձին թեմաների, ինչպիսի փորձ նախորդ տարիներից կա։