Մատչելիության հղումներ

Ադրբեջանի նախագահն այցելում է Կիև


Ուկրաինայի և Ադրբեջանի դրոշները, արխիվ
Ուկրաինայի և Ադրբեջանի դրոշները, արխիվ

Ռուս-ուկրաինական լարվածության ֆոնին Կիև է այցելում Ադրբեջանի նախագահը, այս րոպեներին նա հանդիպում է ունենում նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, որի ավարտին նախատեսված է մի շարք երկկողմ փաստաթղթերի ստորագրում, այնուհետև՝ հանդիպում լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։

Սա Իլհամ Ալիևի առաջին այցն է Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումից ի վեր։ Ադրբեջանի առաջնորդը վերջին անգամ Ուկրաինա էր այցելել 2013 թվականի նոյեմբերին։

Այցի նախօրեին Ուկրաինայի պետական պահպանության վարչությունը հայտարարել է, որ Ալիևի այցի պատճառով մայրաքաղաքի մի շարք հատվածներում ժամանակավորապես կսահմանափակվի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։

Թե ինչն է դրդել երկու պետությունների ղեկավարներին հանդիպում անցկացնել հետխորհրդային տարածաշրջանի համար դժվարին ժամանակաշրջանում, կողմերը չեն բացահայտում՝ բավարարվելով միայն աշխատանքային այց ձևակերպմամբ։

Ալիևը Կիև է այցելում Զելենսկու հրավերով։ Ուկրաինայի նախագահն ադրբեջանցի պաշտոնակցին հրավիրել էր մոտ մեկ ամիս առաջ Բրյուսելում՝ Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում։ Երկու առաջնորդներն առանձնազրույց էին ունեցել, որի մանրամասները չեն հաղորդվել։

Ադրբեջանի պետական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հանդիպման գլխավոր նպատակը երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի հետագա զարգացումն է, ինչի մասին վկայում է Ալիևի և Զելենսկու կողմից ստորագրվելիք փաստաթղթերի ցանկը։ Ադրբեջանական աղբյուրների վկայությամբ՝ խոսքը էներգետիկ, գյուղատնտեսական ոլորտների մասին է։

Մինչ այդ էլ Ադրբեջանն ու Ուկրաինան ակտիվ համագործակցում են հենց այդ ոլորտներում։ Ընդհանուր առմամբ, Ուկրաինան Ադրբեջանի հետ արտաքին առևտրի ծավալով զբաղեցնում է 6-րդ տեղը, իսկ արտահանմամբ՝ 12-րդը։ Անցած տարվա 11 ամիսների կտրվածքով, ադրբեջանական պաշտոնական տվյալների համաձայն, երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 866 միլիոն դոլար։ Միաժամանակ, արտահանման ծավալը հասել է 446 մլն դոլարի։ Իսկ 2020 թվականին ընդհանուր ապրանքաշրջանառությունը կազմել է 771 մլն դոլար, որից 418 մլն-ը կազմել է արտահանումը, 353 մլն-ը՝ ներմուծումը։ Մինչ օրս երկրների միջև ստորագրվել է 155 համաձայնագիր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG