Մատչելիության հղումներ

Ալիևն ու Զելենսկին հայտարարում են երկու երկրների տարածքային ամբողջականությանն աջակցելու մասին


Ուկրաինայի և Ադրբեջանի առաջնորդները հայտարարում են երկու երկրների տարածքային ամբողջականությանն աջակցելու և Սև ծովի ու Կասպից ծովի հիբրիդային սպառնալիքներին համատեղ հակազդելու պատրաստակամության մասին։

Ռուս-ուկրաինական լարվածության ֆոնին՝ Կիև է այցելել Ադրբեջանի նախագահը։ Սա Իլհամ Ալիևի առաջին այցն է Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումից ի վեր։ Ադրբեջանի առաջնորդը վերջին անգամ Ուկրաինա էր այցելել 2013 թվականի նոյեմբերին։ Նախօրեին Ուկրաինայի պետական պահպանության վարչությունը հայտարարել է, որ Ալիևի այցի պատճառով մայրաքաղաքի մի շարք հատվածներում ժամանակավորապես կսահմանափակվի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։ Ադրբեջանական պատվիրակությանը Կիևի օդանավակայանում դիմավորել են մեծ շուքով՝ «Բորիսպոլում» օդանավակայանում պատվո պահակախումբ է շարվել, ծածանվել են երկու երկրների պետական դրոշները։ Ալիևին դիմավորել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Էմինե Ջապարովայի գլխավորած պատվիրակությունը։

Թե ինչն է դրդել երկու պետությունների ղեկավարներին հանդիպում անցկացնել հետխորհրդային տարածաշրջանի համար դժվարին ժամանակաշրջանում, մասնավորապես Ուկրաինայի սահմաններին ռուսաստանյան տասնյակ հազարավոր զինվորականների և ռազմական տեխնիկայի կուտակումների ֆոնին, կողմերը չեն բացահայտում՝ բավարարվելով միայն աշխատանքային այց ձևակերպմամբ։

Այդ աշխատանքային այցի շրջանակներում այսօր Կիևում նախ տեղի է ունեցել երկկողմ հանդիպում նախագահների մակարդակով, ապա մի շարք փաստաթղթերի ստորագրում, այդ թվում՝ ադրբեջանա-ուկրաինական հռչակագիր։

Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ այդ փաստաթղթով Ուկրաինան ու Ադրբեջանը պատրաստակամ են պաշտպանելու միմյանց տարածքային ամբողջականությունը, դիմակայել հիբրիդային սպառնալիքներին։ Թե որ երկրներից են Կիևն ու Բաքուն իրար պաշտպանելու, կամ որ սպառնալիքները նկատի ունի, Ռուսաստանի հետ հակամարտող Ուկրաինայի առաջնորդը չի հստակեցրել։ Մոսկվայի ռազմավարական գործընկեր Բաքուն այդ փաստաթղթով հանձն է առել Կիևին աջակցել ինչպես Սև ծովի, այնպես էլ այդ տարածաշրջանից դուրս տեղի ունեցող գործընթացներում։

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցը ընդգծում է երկու պետություների միջև ռազմավարական գործընկերությունը քաղաքական, տնտեսական և անվտանգության ոլորտներում»,- ասել է Զելենսկին։

Ունենալով ընդհանուր անցյալ Խորհրդային Միության կազմում՝ 2200 կիլոմետր իրարից բաժանող Ուկրաինան ու Ադրբեջանը հարաբերությունները էլ ավելի խորացնելու մասին են խոսում։

Երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը հասել է մեկ միլարդ դոլարի։ «Սա ռեկորդային ցուցանիշ է»,- շեշտել է Ուկրաինայի առաջնորդը։

Ուկրաինան Ադրբեջանից ներկրում է հիմնականում նավթ և բենզին, ինչը կազմում էր ընդհանուր շրջանառության գրեթե մեկ երրորդը։ Այլ ապրանքների թվում են ադրբեջանական մրգերն ու բանջարեղենը, գինին, հանքային ջուրը։ Ադրբեջանն էլ Ուկրաինայից գնում է հիմնականում սև մետաղներ, կաթնամթերք, երշիկեղեն, արևածաղկի ձեթ, մեղր, հացահատիկային ապրանքներ և դեղագործական ապրանքներ։ 10 միլիոն բնակչություն ունեցող Ադրբեջանում գործում է ավելի քան 200 ուկրաինական ընկերություն, որոնք մոտ 25 մլն դոլարի ներդրում են արել այդ երկրում։

Ինչպես այսօր Կիևում հայտարարում էր Իլհամ Ալիևը, գոհ է Ուկրաինայի հետ համագործակցության մակարդակից և պատրաստ է զարգացնել հարաբերությունները բոլոր ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկ։

Կիևը բազմիցս է իր աջակցությունը հայտնել Ադրբեջանի մասնակցությամբ իրականացվող «Հարավային գազային միջանցք» ծրագրին՝ նշելով, որ ցանկանում է դրա միջոցով կրճատել կախվածությունը Ռուսաստանից: Միջանցքը շահագործման հանձնելու դեպքում ակնկալվում է Կասպիական ավազանում արդյունահանված գազը Վրաստանի և Թուրքիայի տարածքով արտահանել եվրոպական շուկաներ:

Ալիևը Կիև է այցելել Զելենսկու հրավերով։ Ուկրաինայի նախագահն ադրբեջանցի պաշտոնակցին հրավիրել էր մոտ մեկ ամիս առաջ Բրյուսելում՝ Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում։ Երկու առաջնորդներն առանձնազրույց էին ունեցել, որի մանրամասները չեն հաղորդվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG