Հայաստանի վարչապետը՝ որպես ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, անհապաղ խորհրդակցություններ է սկսում կազմակերպության անդամ երկրների ղեկավարների հետ: Այդ մասին Նիկոլ Փաշինյանը գրել է Ֆեյսբուքում:
«Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաևի հետ: Հաշվի առնելով Ղազախստանի նախագահի դիմումը, ով ակնկալում է ՀԱՊԿ աջակցությունը Ղազախստանում հաստատված իրավիճակը հաղթահարելու հարցում, որպես ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ անհապաղ խորհրդակցություններ եմ սկսում ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ», - ասված է Հայաստանի ղեկավարի գրառման մեջ:
Ղազախստանում բողոքի զանգվածային ակցիաները վերաճել են բախումների, կրակոցներ են հնչում, ցուցարարները գրավել են Ալմաթիի օդանավակայանը:
Ղազախստանի նախագահը հայտարարել է, որ օգնություն է խնդրել ՀԱՊԿ գործընկերներից՝ «ահաբեկչական սպառնալիքը» հաղթահարելու համար: Տոկաևն «արտաքին ագրեսիայի ակտ» է որակել երկրում կատարվողը: