Մատչելիության հղումներ

Մեկնարկել է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների առցանց կոնֆերանսը


Մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ղեկավարների առցանց կոնֆերանսը։ Նիստը վարում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նիստի մեկնակին ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին Ղազախստանում բախումների զոհերի հիշատակը։

Վերջին տվյալներով՝ Ղազախստանում անկարգությունների ժամանակ զոհվել է 164 մարդ, ավելի քան 2 հազար 200 մարդ էլ դիմել է բժշկական օգնության՝ կապված անկարգությունների արդյունքում ստացած վնասվածքների հետ։ Կա 8 հազար ձերբակալված։

Այսօրվա նիստի օրակարգում Ղազախստանում ստեղծված իրավիճակն է։

Ղազախստանում մի քանի օր շարունակվող բողոքի զանգվածային ակցիաները վերաճեցին բախումների, ցուցարարները գրավեցին մասնավորապես Ալմաթիի օդանավակայանը: Երկրի ղեկավար Կասիմ-Ժոմարդ Տոկաևն «արտաքին ագրեսիայի ակտ» որակեց երկրում կատարվողը՝ հայտարարելով, որ օգնություն է խնդրել ՀԱՊԿ գործընկերներից՝ «ահաբեկչական սպառնալիքը» հաղթահարելու համար: Դիմումից ժամեր անց ՀԱՊԿ-ը հայտարարեց, որ խաղաղապահներ է ուղարկում Ղազախստան։ ՀԱՊԿ անդամ 5 երկրներից, Ղազախստանում մոտ 2 հազար 500 խաղաղապահ տեղակայվեց, այդ թվում՝ 100 հայաստանցի զինծառայող ​։

Տոկաևն այսօր իր ելույթում շեշտեց՝ մոտ ժամանակներս մասշտաբային հակաահաբեկչական գործողությունները կավարտվեն «զուգահեռ կավարտվի նաև խաղաղապահների հաջող ու արդյունավետ առաքելությունը Ղազախստանում»։

«Կարևորը ապագայում թույլ չտալ նման դեպքերի կրկնություն ՀԱՊԿ երկրներում։ Կարծում եմ հենց դա է մեր հիմնական խնդիրը։ Ղազախստանը պատրաստ է այդ աշխատանքին և միշտ կսատարի իր դաշնակիցներին», - հայտարարեց Ղազախստանի նախագահը։

XS
SM
MD
LG