Մատչելիության հղումներ

Փաշինյանի՝ զորք ուղարկելու և, առհասարակ, ՀԱՊԿ-ից օգնություն խնդրելու որոշումը Ղազախստանում ընդունվել է հիասթափությամբ. Դոորով


Փաշինյանի՝ զորք ուղարկելու որոշումը Ղազախստանում ընդունվել է հիասթափությամբ, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց «Ազատության» ղազախական ծառայության տնօրեն Տորոկուլ Դոորովը՝ նշելով, որ ՀԱՊԿ այլ անդամների այս որոշումը ևս ընդունվել է ափսոսանքով։

«Սակայն բոլորը կարծես հասկանում են, որ դա իհարկե Պուտինի որոշումն է և կազմակերպության անդամ մնացած երկրների ղեկավարները գործում էին ոչ լրիվ ինքնուրույն», - ասաց «Ազատության» ղազախական ծառայության տնօրենը միևնույն ժամանակ նշելով, որ ծայրահեղ բացասական է ընդունվել նաև Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաևի կողմից ՀԱՊԿ-ից օգնություն խնդրելու որոշումը։

«Հենց կարճ ժամանակով ինտերներտը հասանելի է դառնում, մենք տեսնում ենք սոցցանցերում մարդկանց գրառումներից, որ ղազախստանցիներն այս որոշումը շատ բացասաբար են ընկալել, բոլորը դեմ էին, նրանք դա ընկալում էին, որպես երկրի անկախության վաճառք այլ երկրին, նաև որպես Ռուսաստանի կողմից օկուպացիա, որովհետև հիմա փորձագիտական շրջանակներում և հասարակ մարդկանց շրջանում շատ են խոսակցություններն այն մասին, որ դա արդեն վերջն է ու ամեն ինչ ղեկավարվելու է Ռուսաստանի ու Պուտինի միջոցով, ու որ Ղազախստանն ինքնուրույն ոչ մի բան չի կարող որոշել», - ասաց Դոորովը։

Ղազախստանում մի քանի օր շարունակվող բողոքի զանգվածային ակցիաները վերաճեցին բախումների, ցուցարարները գրավեցին մասնավորապես Ալմաթիի օդանավակայանը: Երկրի ղեկավար Կասիմ-Ժոմարդ Տոկաևն «արտաքին ագրեսիայի ակտ» որակեց երկրում կատարվողը՝ հայտարարելով, որ օգնություն է խնդրել ՀԱՊԿ գործընկերներից՝ «ահաբեկչական սպառնալիքը» հաղթահարելու համար: Դիմումից ժամեր անց ՀԱՊԿ-ը հայտարարեց, որ խաղաղապահներ է ուղարկում Ղազախստան։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

XS
SM
MD
LG