Ղրղըզստանի խորհրդարանը հավանություն տվեց ՀԱՊԿ-ի կազմում Ղազախստան զորախումբ ուղարկելու առաջարկին։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կողմ է արտահայտվել 69, դեմ՝ 7 պատգամավոր։
Սա երկրորդ քվեարկությունն է, առաջինի արդյունքները չեղյալ էին հայտարարվել անհրաժեշտ թվով կողմ ձայների բացակայության պատճառով։
Այսօրվա նիստն ուղեկցվել է բողոքի ակցիաներով, որոնց մասնակիցները պահանջում են ձեռնպահ մնալ Ղազախստան զորք ուղարկելուց։
Ղրղըզստանը հարևան երկիր կուղարկի 150 զինծառայողից կազմված զորախումբ, 8 միավոր զրահատեխնիկա և 11 մեքենա։ Ղրղըզստանի իշխանությունները պնդում են, որ իրենց զինվորականները կզբաղվեն բացառապես ռազմավարական կառույցների պաշտպանությամբ, այլ ոչ թե ցուցարարներին ցրելով։
Ղազախստանում զանգվածային անկարգությունները սկսվել են հունվարի 1-ից, երբ ուժի մեջ է մտել հեղուկ գազի մեկ լիտրի գինը ավելի քան կրկնակի բարձրացնելու որոշումը: Հետագայում կառավարությունը չեղարկել է որոշումը, սակայն զանգվածային բողոքները շարունակվել են: Նախորդ օրերին դրանք վերաճեցին զինված բախումների, որոնց հետևանքով տասնյակ զոհեր և հարյուրավոր վիրավորներ կան։
Երկրի իշխանությունները օգնության համար դիմել են ՀԱՊԿ-ին, որի խաղաղապահները ժամանում են Ղազախստան։
Երկրի իշխանությունները օգնության համար դիմել են ՀԱՊԿ-ին, որի խաղաղապահները ժամանում են Ղազախստան։