Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ մեխանիզմները երևի պատմության մեջ առաջին անգամ աշխատեցրել ենք. ԱԽ քարտուղար


ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում 100 հայաստանցի զինծառայող է մեկնել Ղազախստան
ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում 100 հայաստանցի զինծառայող է մեկնել Ղազախստան

ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում 100 հայաստանցի զինծառայող է մեկնել Ղազախստան, ավելի քան մեկօրյա լռությունն այսօր խախտեց ու հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ «Զվարթնոց» օդանավակայանից հայկական ստորաբաժանումը տեղափոխել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի երեք «Իլ-76» ռազմական օդանավը։

ՀԱՊԿ անդամ 5 երկրներից, ըստ կազմակերպության գլխավոր քարտուղար Զասի, Ղազախստանում մոտ 2500 խաղաղապահ կտեղակայվի։ Հայկական զորք ուղարկելու՝ աղմուկ հանած որոշումը վարչապետ Փաշինյանը գիշերով հրապարակեց, բայց պետական կառույցներից մանրամասներ երեկ ողջ օրը հնարավոր չէր ճշտել։

Հայաստանի պետական գերատեսչությունները միայն այսօր որոշեցին պարզաբանել. նախ արտգործնախարարությունը հայտարարեց՝ հայ խաղաղապահները պահպանելու են ռազմավարական նշանակության օբյեկտներ, ավելի ուշ նաև ՊՆ-ը պնդեց՝ բացառապես շենք-շինությունների և ենթակառուցվածքների հսկողություն կիրականացնեն, թե որոնց՝ չեն հստակեցնում։ Սա թերևս շեշտվել էր՝ ի պատասխան հնչող մտահոգությունների, թե արդյոք հայկական ուժերը դուրս են գալու ցուցարարների դեմ։

Եթե Հայաստանը ոչ ասեր, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի կարծիքով` կնմանվեր նեղացած երիտասարդի։

Երբ անցած տարի՝ ադրբեջանական զորքի ներխուժման օրերին, Հայաստանն էր սպասում, ռազմական օգնություն ՀԱՊԿ-ից այդպես էլ չստացավ։ Ղազախստան հայ զինվորականներ ուղարկելու որոշումից հետո ամենաշատ հնչող քննադատություններից մեկը հենց սա է՝ պետք էր համարժեք արձագանք տալ։

«Մենք ոչ թե ամոթխած երիտասարդի կամ նեղացած երիտասարդի պես պետք է ասեինք, որ այ տեսեք` դուք չեք արել, մենք էլ չենք արել, այլ մենք պատասխանատվություն ենք վերցրել, ՀԱՊԿ մեխանիզմները երևի պատմության մեջ առաջին անգամ աշխատեցրել ենք, ցույց ենք տվել, թե ինչպես պետք է աշխատի, և հույս ունենք, որ հետագայում եթե Հայաստանը նման իրավիճակում հայտնվի, ապա կստանա համապատասխան օգնություն», - հայտարարեց ԱԽ քարտուղարը:

Հեղափոխությամբ իշխանության եկած պաշտոնյան Հանրայինի եթերում շտապել է գնահատական տալ ղազախական իրադարձություններին՝ երբ խաղաղապահներ ուղարկելու հարցը բարձրացել է, ըստ Գրիգորյանի, այնտեղ արդեն ոչ թե հեղափոխական գործընթացներ էին, այլ՝ ահաբեկչական գործողություններ։ Առայժմ, սակայն, պաշտոնապես որևէ փաստ չի ներկայացվել ահաբեկչության կամ օտարերկրյա միջամտության մասին։

«Երբ Հայաստանը որոշումը կայացրել է, ևս իր որոշումն է կայացրել` որպես նախագահող` կոնսենսուսային որոշում ենք կայացրել, այդ պահին արդեն, կարելի է ասել, այնտեղ այլևս հեղափոխական գործընթացներ չէին, արդեն ահաբեկչական գործողություններ կային», - ասել է նա:

«Տոկաևը թամամ փաստ ու ապացույց չունի, դուք ո՞նց ստացաք այդ ապացույցները, որ այնտեղ ահաբեկչություն է». Լևոն Բարսեղյան

«Տոկաևը թամամ փաստ ու ապացույց չունի, դուք ո՞նց ստացաք այդ ապացույցները, որ այնտեղ ահաբեկչություն է», - Հայաստանից Ղազախստան զորք ուղարկելը կոպիտ սխալ է համարում իրավապաշտպան, «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը։ Նկարագրելով կայծակնային արագությամբ՝ 2 ժամում ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների որոշումը՝ Բարսեղյանը կարծիք հայտնեց՝ սա Կրեմլի քմահաճույքն էր։

«Միամիտ չենք, որ ասենք` հա, Նիկոլ Փաշինյանն իր աղա, քեֆով է որոշել դա անել, դա ճնշում է եղել, ես ուզում եմ իմանալ` ուրիշ որ ճնշումների դեպքում ինչքան ենք զիջելու, հիպոթետիկ բաներ չեմ ուզում ասել էլի, որ զանգեն, ասեն` ախպեր, կարճ շալվարով եք գործի գնալու, հասարակական կազմակերպությունները փակելու եք, փակելո՞ւ եք, թե՞ չէ: Ընդհանուր դրամանիշ եք մտցնելու Ռուսաստանի հետ: Ի՞նչ կլինի որ, հըն, պարո՛ն Փաշինյան, ասեք հլը, говорите ну: Զիջելո՞ւ եք, թե՞ չէ: Մենք պիտի իմանանք` որն է ինքնիշխանության կորստի սահմանը, զիջումների չափը ո՞րն է: Ես` որպես հարկատու, պիտի իմանամ, որոշեմ` ինձ ձեռք տալիս է այդպիսի իշխանություն», - ասաց նա:

Բարսեղյանը նաև իշխանության հույսերին անդրադարձավ, թե վաղն էլ նույն իրավիճակում ՀԱՊԿ-ը կօգնի. «Այս տեսակ մանկապարտեզ, ուրիշ ոչ մի բան: Քե՞զ է տված ՀԱՊԿ-ը աշխատեցնելու, հիմա աշխատեցրեք, հենց հիմա վարչապետ Նիկոլ Փաշինյանը թող դիմի ՀԱՊԿ-ի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլ Փաշինյանին գրավոր, ասի, որ Հայաստանի ինքնիշխան տարածք` 41, թե 45, թե 50 կիլոմետր, մտել են օտար երկրի ուժեր, որոնք ՀԱՊԿ-ի անդամ երկրի ուժեր չեն, հարգելի՛ ՀԱՊԿ, արագ, զինված ուժերով խնդրում եմ եկեք, մաքրեք այդ տարածքը, կանգնեք սահմանին:

Հենց հիմա դիմեք, աշխատեցրեք: Էս մեկը աշխատեց չէ՞ արդեն: Հիմա ինչո՞ւ չեք աշխատեցնում: Բոլորս էլ հասկանում ենք, որ սա Կրեմլի քմահաճույքն է»:

Ղազախստանում խաղաղապահ գործողություններին մասնակցել թույլատրող գործադիրի որոշումը միայն երեկ երեկոյան տեղադրվեց կառավարության պաշտոնական կայքում, այն դեպքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ, այդ թվում` Հայաստանի մասնակցությամբ կայացրած որոշման մասին դրանից ավելի քան 12 ժամ առաջ արդեն հայտնել էր:

Սահմանադրությունը, այո՛, զինված ուժերի կիրառման մասին իրավասությունը Կառավարությանն է վերապահում, բայց նաև հստակ նշում՝ որոշում պետք է ընդունվի։ Կառավարության լրատվականից «Ազատությանը» փոխանցեցին՝ որոշումն ընդունվել է գրավոր քվեարկությամբ՝ երեկ օրվա երկրորդ կեսին։

Հիմա սա ի՞նչ էր՝ հետին թվո՞վ կայացրած որոշում... Խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը կարծում է՝ կառավարությունը նաև այս հարցը պետք է պարզաբանի. «Կա այդ խնդիրը` ինչո՞ւ, որովհետև չի կարող ամսի 5, լույս 6-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարի մի բան, որի վերաբերյալ որոշումը հրապարակվելու է երեկոյան առանց պատշաճ բացատրության»:

Կառավարությունը Ղազախստան խաղաղապահներ ուղարկելու որոշման հիմնավորում, ըստ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավորի, չի ներկայացրել։ Արծվիկ Մինասյանի խոսքով՝ դեռ չեն որոշել ինչպես, բայց պատասխանատուներից փորձելու են Ազգային ժողովում ստանալ պատասխաններ. «Նման կարևորագույն որոշումներ ընդունելուց առաջ անհրաժեշտ է իսկապես խորությամբ գնահատականներ տակ այդ գործողության հնարավոր հետևանքներին, մանրամասն նաև ՀԱՊԿ կարգավորումներին պետք է անդրադարձ կատարել, այդ թվում նաև Ղազախստանի նախագահի գրավոր դիմումի բովանդակությունը, դրա քննարկման արդյունքները, այսինքն` բավականին մեծ ծավալի տեղեկատվություն մշակելու և դրանք հավուր պատշաճի ներկայացնելու անհրաժեշտություն կա»:

XS
SM
MD
LG