Մատչելիության հղումներ

Ալմաթիի Հանրապետության հրապարակի տարածքում կրակոցները շարունակվում են


Ղազախստան - Բախումների հետևանքները Ալմաթիում, 6-ը հունվարի, 2022թ․
Ղազախստան - Բախումների հետևանքները Ալմաթիում, 6-ը հունվարի, 2022թ․

Ալմաթիի Հանրապետության հրապարակի տարածքում կրակոցները շարունակվում են։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը, կան զոհեր։

Զոհվածների դիերն ընկած են հենց ճանապարհին։ Երևում են մի քանի գնդակոծված մեքենաներ, որոնցից առնվազն երկուսի մեջ դիակներ կան։

Առավոտյան իրադարձությունների կենտրոնը Հանրապետության հրապարակն է։ Քաղաքի մյուս հատվածներում համեմատաբար հանգիստ է, ժամանակ առ ժամանակ կրակոցներ են հնչում։

Ղազախստանում զանգվածային անկարգությունները սկսվել են հունվարի 1-ից, երբ ուժի մեջ է մտել հեղուկ գազի մեկ լիտրի գինը ավելի քան կրկնակի բարձրացնելու որոշումը: Հետագայում կառավարությունը չեղարկել է որոշումը, սակայն զանգվածային բողոքները շարունակվել են: Նախորդ օրերին դրանք վերաճեցին զինված բախումների, որոնց հետևանքով տասնյակ զոհեր և հարյուրավոր վիրավորներ կան։

Երկրի իշխանությունները օգնության համար դիմել են ՀԱՊԿ-ին, որի խաղաղապահները ժամանում են Ղազախստան։

XS
SM
MD
LG