Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ սահմանադրական կարգը հիմնականում վերականգնվել է երկրի բոլոր շրջաններում, և տեղական իշխանությունները վերահսկում են իրավիճակը։ Այդ մասին ուրբաթ օրը հայտնել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը՝ հակաահաբեկչական շտաբի նիստի արդյունքներով։
«Հակաահաբեկչական գործողությունը սկսվել է: Իրավապահ ուժերը քրտնաջան աշխատում են: Սահմանադրական կարգը հիմնականում վերականգնվել է երկրի բոլոր շրջաններում: Տեղական իշխանությունները վերահսկում են իրավիճակը: Բայց ահաբեկիչները շարունակում են զենք օգտագործել և վնասել քաղաքացիների ունեցվածքը, ուստի հակաահաբեկչական գործողությունները պետք է շարունակվեն մինչև զինյալների լիակատար ոչնչացումը», - ասել է Տոկաևը։
Ղազախստանում զանգվածային անկարգությունները սկսվել են հունվարի 1-ից, երբ ուժի մեջ է մտել հեղուկ գազի մեկ լիտրի գինը ավելի քան կրկնակի բարձրացնելու որոշումը: Հետագայում կառավարությունը չեղարկել է որոշումը, սակայն զանգվածային բողոքները շարունակվել են: Նախորդ օրերին դրանք վերաճեցին զինված բախումների, որոնց հետևանքով տասնյակ զոհեր և հարյուրավոր վիրավորներ կան։
Երկրի իշխանությունները օգնության համար դիմել են ՀԱՊԿ-ին, որի հավաքական խաղաղապահ ուժերի տեղափոխումը Ղազախստան կավարտվի արդեն այսօր։