Ղրղըզստանի խորհրդարանը չի կարողացել հաստատել Ղազախստանում մեկնարկած խաղաղապահ գործողությանը երկրի զինվորականների մասնակցության առաջարկը։
Ղրղըզստանի խորհրդարանի այսօր առավոտյան հրավիրված արտահերթ նիստին ներկայացել է ընդամենը 40 պատգամավոր։ Ղրղըզական օրենսդրության համաձայն, զորքերն արտերկիր ուղարկելու հարցում կողմ պետք է քվեարկի խորհրդարանի 90 անդամներից առնվազն 60-ը։
Ավելի վաղ Ղրղըզստանի նախագահ Սադիր Ժապարովի մամուլի քարտուղար էրբոլ Սուլթանբաևը հայտարարել էր, որ ղրղըզ զինվորականները կմասնակցեն ՀԱՊԿ խաղաղապահ գործողությանը, սակայն բողոքի ակցիաների մասնակիցների հետ դիմակայությանը չեն մասնակցի։
«Ղրղըզստանի զորքերը զբաղվելու են բացառապես ռազմավարական օբյեկտների հսկողությամբ», - հայտարարել է Ղրղըզտանի նախագահի խոսնակը։