Մատչելիության հղումներ

Նկուղում զոհերի մարմինները պարկերով անփույթ պահելը, ըստ Քննչական կոմիտեի, հանցագործություն չէ


44-օրյա պատերազմում զոհված զինվորների մարմինները նկուղում պարկերով +12 ջերմաստիճանի տակ օրերով անփույթ պահելը հանցագործություն չէ՝ ըստ Հայաստանի քննչական կոմիտեի։

44-օրյա պատերազմում զոհված զինվորների մարմինները նկուղում պարկերով +12 ջերմաստիճանի տակ օրերով անփույթ պահելը հանցագործություն չէ՝ ըստ Հայաստանի քննչական կոմիտեի։

Աբովյանի դիահերձարանի նկուղում այս տարվա հունիսին բացահայտված սկանդալային դեպքը Քննչական կոմիտեն յոթ ամիս քննել ու պարզել է, որ հանցակազմ չկա։ Գործը կարճել է հենց այս հիմքով։

Քննչական մարմինը եզրահանգել է, որ որևէ մեկը չպետք է պատասխան տա զոհված զինվորների մարմիններն անարգելու համար։

Սա պետության վերաբերմունքն է պետությունը պաշտպանող զինվորի նկատմամբ, կարծում է ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանը. - «Դա ուղերձ է, որ մեր տղերքի անարգումը էս Քննչականի և էս վարչախմբի համար սովորական մի բան է»։

Պատերազմում զոհված զինվորների մարմինները Աբովյանի դիահերձարանի նկուղում հայտնաբերել էին անհետ կորած զինվորների ծնողները։ Հատակին լցրած պարկերի զարհուրելի տեսարանի տեսանյութը տարածվեց տելեգրամյան ալիքներով, սկանդալ պայթեց։ Աբովյանի դիահերձարանի ղեկավարն ու երկու սանիտար աշխատանքից ազատվեցին։ Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանը նկատողություն ստացավ։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներողություն խնդրեց։ Ապա քրեական գործ հարուցվեց պաշտոնական դիրքի չարաշահման հոդվածով։

«Քննությամբ կպարզվի կոնկրետ անձանց մեղավորությունը և կտրվեն իրավական գնահատականներ», - կառավարության նիստում հայտարարել էր այն ժամանակ Քննչականի ղեկավար Հայկ Գրիգորյանը։

Գեղամ Նազարյան
Գեղամ Նազարյան

«Եթե Քննչականը պնդում է, որ էն, ինչ որ մենք ականատես ենք եղել, դա հանցակազմի տարրեր չի պարունակում, դա պետության վերաբերմունքն է այս սահմռկեցուցիչ տեսարանին, որը դժվար ա հիշել, անընդհատ աչքիդ առաջ դա ունենալ ու պատկերացնել, թե ում մարմիններն են դրանք։ Էն տղերքի մարմինները, որոնք իրենց կյանքը տվեցին էս երկրի, հայրենիքի, մեզանից յուրաքանչյուրի համար։ Բոլորը՝ սկսած սանիտարից, սկսած էն վարորդից, որը ականատես է եղել, թե ոնց են տղերքի մարմինները իրար վրա նետում, վերջացրած Առողջապահության նախարարն ու վարչապետը, բոլոր էս դրվագով պետք է պատասխանատվության ենթարկվեն», - ասաց Նազարյանը։

Նա սեփական աչքերով է տեսել դիահերձարանների դժոխային պատկերները։ Ամիսներ շարունակ իր զոհված որդու մարմինն է փնտրել։ Հունվարին Երևանի դիահերձարաններից մեկում է գտել և պարզել, որ Աբգարի մարմինը դեռ հոկտեմբերի 2-ին են Երևան տեղափոխել։

Զարհուրելի պատկերներն ամենուր էին, ասում է, ու զարմացած չէ, որ Աբովյանում պայթած սկանդալը այսպիսի ավարտ ունեցավ. - «Ես, իմ ընտանիքը, հարյուրավոր, հազարավոր այլ ընտանիքներ իրենց որդիների մարմինները կամ որդիներին փնտրելիս եղել են շատ տարբեր դիահերձարաններում և ականատես են եղել նույնքան զարհուրելի պատկերների։ Աբովյանը միակ տեղը չի եղել»։

Հոկտեմբերի դրությամբ Հայաստանի դիահերձարաններում շուրջ հարյուր զինվորի նույնականացված մարմին ու մասունք կա, որ դեռ անթաղ է. հարազատների մեծ մասը չի վստահում փորձաքննությանը, սպասում է կրկնակի հետազոտւոթյան արդյունքներին։

Քննչական կոմիտեն այսօր նոր տվյալներ է հաղորդել. 44-օրյա պատերազմի հետևանքով Հայաստանում և Արցախում զոհվել է 3808 զինծառայող և քաղաքացիական անձ, արտերկիր ուղարկված 100 մասունքներից չի հաջողվել նույնականացնել 5-ը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG