Մատչելիության հղումներ

Լևոն Հովհաննիսյանը հավանաբար վաղը կընտրվի քաղաքապետի առաջին տեղակալ. Հրաչյա Սարգսյան


Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասում է՝ ինքը կաշխատի, իր աշխատանքն ընթացքում կերևա։ Նախկին քաղաքապետից գոհ է, նորմալ գործընկերային հարաբերություններ է ունեցել։ Հրաչյա Սարգսյանի խոսքով՝ իր տեղակալները ևս կփոխվեն։

Երևանի քաղաքապետը «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» հյուրն է։

«Ես բազմաթիվ ծրագրեր եմ իրագործել և դրանք պատրաստվում եմ շարունակել»

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասում է՝ բարդույթ չունի, որ ինքը ընտրվել է ոչ թե երևանցիների, այլ ավագանու անդամների կողմից։

«Օրենսդրությունը հնարավորություն է տալիս տարբեր դեպքերում ընտրություն իրականացնել, ընտրել նոր քաղաքապետ, և ինստիտուցիոնալ առումով է եղել»,- ասաց Հրաչյա Սարգսյանը՝ ի պատասխան հարցին, թե հիմա ինքը նորընտի՞ր, թե՞ նորանշանակ քաղաքապետ է, լեգիտիմության խնդիր չունի՞։

Նա նշեց, որ քաղաքացիները սովորաբար կուսակցությանն են քվե տալիս ընտրությունների ժամանակ։

«Որպես այդպիսին բարդույթ չունեմ, ես բազմաթիվ ծրագրեր եմ իրագործել և դրանք պատրաստվում եմ շարունակել»։

«Մարությանի հետ նորմալ հարաբերություններ ենք ունեցել, գործընկերային։»

«Ես ենթադրում եմ, որ ինչ-որ զանգեր եղած կլինեն, որ պարոն Մարությանն ասել է, բայց այն գործողությունները, որ իրենից խնդրել են անել, միջնորդել են, իրավաչափ են, թե չէ, չեմ կարող այդ հարցերին պատասխանել։ Այդ հարցերով մենք չենք խոսել իրար հետ։

Պարոն Մարությանի հետ նորմալ հարաբերություններ ենք ունեցել, գործընկերային։ Կարծում եմ՝ մեր գործընկերային հարաբերությունը կշարունակվի», - նշեց Երևանի քաղաքապետը։

Ըստ նրա՝ աշխատանքային հարաբերություններում էլ խզվածություն նախկին քաղաքապետի հետ չի եղել։

Հիշեցնենք, նախկին քաղաքապետն ասել էր, որ իրեն իր պաշտոնավարման ընթացքում զանգեր են եղել, թե ինչ-որ արտոնություններ է պետք ոմանց տալ, ոմանց աշխատանքից ազատել և այլն։

«Մեր տարբերությունն այն էր, որ պարոն Մարությանի դեպքում խզվածություն կար իշխանությունների հետ»

Օգտատերերից մեկի հարցին, թե Հայկ Մարությանն էլ էր լքել կուսակցությունը, ինքն էլ ժամանակին հեռացել է «Առաքելություն» կուսակցությունից, ո՞րն է իրենց տարբերությունը։

«Մեր տարբերությունն այն էր, որ պարոն Մարությանի դեպքում խզվածություն կար օրենսդիր, գործադիր իշխանության հետ, ավագանու միջև, և որպես այդպիսին այդ խզվածությունը հնարավորություն չէր ընձեռում, որպեսզի արդյունավետ կառավարում լիներ, և դա էր պատճառը, որ սրան հանգեցինք», - պատասխանեց Սարգսյանը։

Փոխքաղաքապետերը հավանաբար կփոխվեն

Հարցին՝ պատրաստվո՞ւմ է փոխել փոխքաղաքապետերին, արդյոք կա պայմանավորվածություն, թե կոնկրետ որ ուժից պետք է լինեն իր տեղակալները, նա ասաց՝ դասակարգում չկա. «Քաղաքապետի տեղակալները Հայկ Մարությանի հետ են եկել, և որոշ տեղակալներ որոշում ունեն, որ իրենք ևս ուզում են լքել իրենց պաշտոնը, ես դա ընդունել եմ։ Վաղը ընտրության դեպքում Լևոն Հովհաննիսյանը՝ «Իմ քայլը» խմբակցության քարտուղարը կընտրվի քաղաքապետի առաջին տեղակալ», - հայտնեց նա՝ հավելելով, որ մյուս երկու փոխքաղաքապետերի դեպքում հավանաբար կրկին փոփոխություն կլինի, սակայն որոշում չկա։

Հայկ Մարությանի հետ որպես տեղակալներ պաշտոնավարել են սկսել Սերգեյ Հարությունյանը, Սերգեյ Ներսիսյանը և Գայանե Մելքոմ Մելքոմյանը։

«Այս պահի դրությամբ ես կարծում եմ, որ մենք փոփոխություն կունենանք երկու փոխքաղաքապետերի մասով (Սերգեյ Հարությունյանի և Գայանե Մելքոմ Մելքոմյանի)։ Դա իրենց ցանկությունն է, ես չեմ իրենց ասել, որ դիմում պետք է գրեք և հեռանաք», - հավելեց նա։

Ինչ վերաբերում է Երևանի գրեթե բոլոր քաղաքապետերի հետ աշխատած Կամո Արեյանին, Երևանի նորընտիր քաղաքապետը չբացառեց, որ նրա հետ ևս գուցե չշարունակեն աշխատել՝ շեշտելով՝ հարցը կքննարկեն։

«Կարո Արեյանը մոտ 20 տարուց ավելի աշխատում է, ավելի ինֆորմացիայի է տիրապետում, բայց այնուամենայնիվ ինստիտուցիոնալ առումով ժամանակը գնում է առաջ, նոր տեխնոլոգիաներ են զարգանում և ամբողջը պետք է թվայնացնենք ու կարողանանք թվային ձևով կառավարենք», - ասաց Սարգսյանը։

«Ես նույնպես Հայկ Մարությանից գոհ եմ»

Ինչ վերաբերում է նախկին քաղաքապետի աշխատանքային գործունեությանը, Հրաչյա Սարգսյանն ընդգծեց. «Ես նույնպես Հայկ Մարությանից գոհ եմ, մենք այն ծրագրերը, որ իրականացրել ենք, միասին ենք արել, դա թիմային աշխատանքի արդյունք էր, նույն մանկապարտեզները, աղբահանության խնդիրը, ավտոբուսների խնդիրը»։

Դիտարկմանը, թե Մարությանը հայտարարեց, որ գործող իշխանությունները հեղափոխական արժեքներից շեղվել են, և պատրաստ է արդյոք «վերևներից եկած զանգերով ապահովել բուտկաների, աշխատավարձի բարձրացման, հեռացման խնդիրը», արձագանքեց. «Այն, ինչը կլինի օրենքի շրջանակներում, ես պատրաստ եմ իրականացնել, որը չի լինի, ոչ»։

Այլ աշխատակիցներ ևս կհեռանան քաղաքապետարանից

Իր գործունեության մասին էլ ասաց. «Ես չեմ ուզում գնահատական տալ, ես կարծում եմ, որ այն աշխատանքը, որ կիրականացնեմ, կտեսնեն՝ քաղաքը լավ եմ կառավարում, թե վատ եմ կառավարում»։

Տրանսպորտի վարչության ղեկավարը աշխատանքից հեռացման դիմում է ներկայացրել, տեղեկացրեց քաղաքապետը։ «Այս մասով կարող եմ ասել, որ փոփոխություն կունենանք, մեր շինբարեկարգման վարչությունն է դիմում գրել, պետ պետք է ունենանք, ենթադրում եմ։ Այս երկուսի մասով որ գիտեմ, մնացածի մասով նույնպես կարծում եմ՝ որոշ փոփոխություններ կլինեմ։

Կադրային ջարդ չէ որպես այդպիսին, ես կարծում եմ՝ մենք պետք է բովանդակությանը շատ ուշադրություն դարձնենք, ոչ թե ձևին»։

Ամբողջությամբ՝ տեսանյութում.

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG