Հայաստանում «օմիկրոն» դեռ չի հայտնաբերվել
Հայաստանում վերջին օրերին կովիդի համաճարակային վիճակը համեմատաբար հանդարտ է, անցած օրվա ընթացքում դրական է եղել իրականացված թեստերի ընդամենը 2 տոկոսը։
«Հայաստանում իրականացված սեկվենավորման արդյունքներով` դեռ «օմիկրոն» նոր շտամը հայտնաբերված չէ, մենք նոր Հայաստան ժամանած քաղաքացիներից վերցրած նմուշներից դրական դեպքերից անում ենք սեկվենավորում, և երբ որ կունենանք հայտնաբերված դեպք, անպայման դա կհանրայնացնենք», - հավաստիացնում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Երկրում կորոնավիրուսի հերթական ալիքի մարումը նախարարի և վարչապետի կարծիքով` տեղի ունեցավ նաև պատվաստումների ակտիվացման շնորհիվ։ Հայաստանի ողջ բնակչության մոտ 32 տոկոսն արդեն ստացել է պատվաստանյութի առնվազն 1 դեղաչափ, իսկ 23 տոկոսը՝ 2 դեղաչափ։ Վերջին ալիքն ավելի սահուն հաղթահարեցինք, կարծում է վարչապետ Փաշինյանը։
«Պատվաստումների այնուամենայնիվ որոշակի շեմից հետո մենք զգացինք դրա ազդեցությունը ընդհանուր գործընթացի, համաճարակային իրավիճակի վրա: Երկրորդը, իհարկե, նախորդ շրջանում հիվանդացությունների արդյունքում որոշակի, այսպես ասած, իմունիտետի ձևավորման նաև պրոցեսը նույնպես կարևոր է եղել», - կառավարության նիստում նկատեց նա:
Հայաստանում այժմ կիրառվող 4 պատվաստանյութերից՝ «ԱստրաԶենեկայից», «Սինոֆարմից», «Սպուտնիկից» ու «Մոդեռնայից» բացի, շուտով հասանելի կլինի նաև ամերիկա-գերմանական «Ֆայզեր» պատվաստանյութը։ Կառավարության այօրվա որոշմամբ ձեռք կբերվի 200 հազար դեղաչափ:
«Մենք հաջորդիվ նաև ունենք նվիրատվության խոստումներ և ակնկալում ենք, որ բացի այս 200 հազար դեղաչափից, կստանանք նաև նվեր խմբաքանակներ», - նշեց Ավանեսյանը:
Հայաստանում պատվաստվածների 60 տոկոսից ավելին աշխատող քաղաքացիներ են։ Նրանց վրա ազդել են կառավարության կիրառած վարչական լծակները, երբ գործատուներին պարտավորեցրին չպատվաստված աշխատողներից ամեն շաբաթ բացասական ՊՇՌ թեստ պահանջել։ Ի՞նչ է անելու Առողջապահության նախարարությունը հանրության նաև մյուս՝ գործատուներից կախում չունեցող հատվածին պատվաստման տանելու համար։
«Մեր զինանոցում, իհարկե, կան դեռ որոշակի և՛ խրախուսող, և՛ որոշակի առումով սահմանափակող միջոցառումներ, որոնք մենք ըստ ժամանակի կգործարկենք: Գիտեք, որ քիմա քննարկման փուլում է գտնվում սննդի վայրերում, ժամանցի վայրերում ևս պահանջելու պատվաստման սերտիֆիկատը կամ ՊՇՌ հետազոտության արդյունքները», - ասաց նախարարը:
Կառավարությունը որոշել էր այս պահանջը կիրառել հունվարի 1-ից, սակայն տնտեսվարողներին պատրաստվելու, լրացուցիչ օրեր տալու համար պահանջի կիրառումը որոշ ժամանակով կհետաձգվի։
Կարևոր է, որ բժիշկներն իրար հակասող խորհուրդներ չտան պացիենտներին. ընտանեկան բժիշկ
Ընտանեկան բժիշկ Սամվել Հայրումյանի կարծիքով` սա ևս որոշ առումով կխթանի, որ ավելանան պատվաստվողները, սակայն, այնուամենայնիվ, ցանկալի արդյունքների՝ բնակչության մեծ մասի պատվաստմանը հասնելու համար ավելի մեծ ջանքեր են պետք։
«Առաջնային օղակի բժիշկները, բուժքույրերը ավելի ակտիվ մեծահասակ բնակչությանը թիրախային խմբերին համոզեն, բացատրեն պատվաստվելու համար, մյուս կողմից նաև մնացած օղակներում` հիվանդանոցային օղակում, նեղ մասնագետները մնացած, բացի թերապևտներն ու մանկաբույժները, ընտանեկան բժիշկներ, մի քիչ ավելի օգնեն մեզ այդ աշխատանքում», - շեշտեց նա:
Կարևոր է, որ բժիշկներն իրար հակասող խորհուրդներ չտան պացիենտներին, ասում է Հայրումյանը` նկատելով, որ բժիշկների կողմից երբեմն տարվում է հակապատվաստումային թաքնված քարոզ. «Երբ տարբեր բժիշկներ խորհուրդ են տալիս պատվաստումը մի քիչ հետաձգել, ասենք, խրոնիկ հիվանդներին կամ ասում են` դուք նոր եք լավացել, պիտի սպասեք, կամ ասում են` լրացուցիչ հետազոտություններ արեք, նոր, դա շատերի մոտ ընկալվում է զգուշացման ինչ-որ ձև, որ գուցե իրոք սպասեն, չշտապեն»:
Թեև պատվաստվածները ևս կարող են վարակվել, բժիշկը ևս մեկ անգամ հիշեցնում է վիճակագրությունը՝ պատվաստվածները մի քանի անգամ ավելի պակաս հավանականությամբ են հայտնվում հիվանդանոցներում, առավել ևս վերակենդանացման բաժանմունքներում։
Նրա կարծիքով՝ կովիդի արդեն հաջորդ ալիքի ընթացքում հնարավոր կլինի խուսափել հարյուրավոր մահերից, եթե բնակչության մեծ մասը պատվաստված լինի։