Տարեվերջին Սանկտ Պետերբուրգում սպասվում է ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպում։ Կրեմլի ու Երևանի պաշտոնական աղբյուրները հաստատում են, որ նախկին Խորհրդային Միության երկրների առաջնորդները հաջորդ շաբաթ մեկնելու են Ռուսաստան` առանց մանրամասներ հայտնելու։
Կառավարության լրատվական ծառայության ղեկավար Արմեն Խաչատրյանն «Ազատությանը» փոխանցեց, թե երբ ժամանակը գա, կտրամադրեն պատշաճ տեղեկություն հանդիպման մանրամասների, օրակարգի վերաբերյալ։
Քաղաքագետ Արեգ Քոչինյանը տարեվերջյան այս հավաքից մեծ սպասելիքներ չունի. «Ընդհանրապես ԱՊՀ ֆորմատով հանդիպումները, մանավանդ առաջին դեմքերի երբեք աչքի չեն ընկել առնվազն հանրային դաշտում ինչ-որ նորություններ կամ բովանդակային փոփոխություններ բերելու միտումով: Այնպես որ, առաջին դեմքերով ԱՊՀ գագաթնաժողովից ինչ-որ լուրջ փոփոխություններ կամ լուրջ սպասելիքներ ակնկալել պետք չէ»:
Հնարավո՞ր է նաև Ալիև-Փաշինյան դեմ առ դեմ հանդիպում`պաշտոնապես դեռ չի հաղորդվել: Քաղաքագետ Քոչինյանը, վերջին զարգացումները հաշվի առնելով, նման հնարավորությունը չի բացառում. «Տեղում հնարավոր է բուլվարային համաձայնություն ձեռք բերվի, և կամ ուղղակի տետատետ կամ թեկուզ Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ տեղի ունենա Հայաստանի և Ադրբեջանի առաջին դեմքերի հանդիպումը, ինչպես օրինակ` մենք դա տեսանք Բրյուսելում Մակրոնի միջնորդությամբ հանդիպման օրինակի վրա»:
Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ վերջին անգամ հանդիպել են նոյեմբերի 26-ին Սոչիում, դրանից հետո երկու երկրների ղեկավարները Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում երկու եռակողմ հանդիպում են ունեցել` Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, ապա Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի մասնակցությամբ:
Հանդիպումից հետո հաղորդվեց, որ կողմերը վերահաստատել են երկաթուղային կապը վերագործարկելու համաձայնությունը, ավտոմոբիլայինի շուրջ դեռ չեն պայմանավորվել: Թե էլ ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, առայժմ չի հաղորդվել:
«Մենք տեղյակ ենք, որ կա ինչ-որ բանակցային գործընթաց, այդ բանակցային գործընթացը վերաբերում է տարածաշրջանում կոմունիկացիաների բացմանը, բայց թե որտեղ, ինչ, ինչ պայմաններով, ինչ ձևաչափով, այդ ամեն ինչն, իհարկե, մեզ հայտնի չէ», - նկատեց Արեգ Քոչինյանը:
Իսկ Բրյուսելյան հանդիպումից առաջ Ադրբեջանի ղեկավարը հայտարարել էր, թե Հայաստանը պետք է ճանապարհ տրամադրի առանց մաքսակետերի, ինչպես որ Լաչինի միջանցքում է։
«Եթե Հայաստանը պնդի` ապրանքների և քաղաքացիների տեղաշարժի վերահսկումը «Զանգեզուրի միջանցքով» պետք է լինի մաքսակետերով, ապա մենք պնդելու ենք Լաչինի միջանցքում նույն պայմանները»,- ասել էր Ալիևը: Փաշինյանը հակադարձել էր, թե այդ զուգահեռներն անընդունելի են հայկական կողմի համար, դրանք որևէ աղերս չունեն մինչ օրս եղած քննարկումների հետ, և որ «Բաքուն փորձում է փակուղի մտցնել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը»։