Մատչելիության հղումներ

Քաղաքագետը մեծ ակնկալիքներ չունի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բրյուսելյան հանդիպումից


Քաղաքագետ Բենյամին Պողոսյանը չի կարծում, թե Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին հաջողվի էական առաջընթաց արձանագրել դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի մեկնարկի շուրջ։

Հստակ կամ վերջնական պայմանավորվածություն հաղորդակցության ուղիների ապաշրջափակման վերաբերյալ, ըստ քաղաքագետի, շատ դժվար կլինի ակնկալել՝ շեշտելով՝ եթե կողմերին Սոչիում, երեք ժամից ավելի տևած բանակցություններում, չհաջողվեց քիչ թե շատ լուրջ առաջընթաց ապահովել այս բոլոր հարցերում, ապա ակնկալել, որ այս անգամ հաջողություն կլինի, մի փոքր լավատեսական է հնչում։

«Ամենայն հավանականությամբ, ըստ երևույթին, կլինեն ընդհանուր հայտարարություններ, որ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը կարևորում են իրենց մասնակցությունը Արևելյան գործընկերությանը, գտնում են, որ Եվրամիությունը կարող է որոշակի դեր կատարել երկկողմ հարաբերությունների կարգավորման գործում՝ հաշվի առնելով իր փորձը։ Նաև դրական շեշտադրումներ կարվեն Արևելյան գործընկերության բոլոր պետություններին առաջարկվող այդ ֆինանսատնտեսական աջակցության փաթեթների վերաբերյալ։ Գիտենք, որ բոլոր 6 պետություններն էլ որոշակի փաթեթներ ակնկալում են, իհարկե, տարբեր չափերով», - ասաց քաղաքագետը։

Այսօր Բրյուսելում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը․ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը նախ երկկողմ հանդիպում կունենա Հայաստանի վարչապետի, ապա Ադրբեջանի նախագահի հետ, ինչից հետո՝ երեկոյան, Փաշինյանն ու Ալիևը կնստեն բանակցություններրի սեղանի շուրջ՝ Շառլ Միշելի միջնորդությամբ։ Բանակցությունների օրակարգի հիմնական հարցն է փոխվստահության մթնոլորտ ապահովել կողմերի միջև։

Բրյուսելյան հանդիպմանն ընդառաջ Պողոսյանը, սակայն չբացառեց, որ լինեն «որոշակի ժեստեր, օրինակ, գերիների ազատ արձակում»։

«Այսինքն՝ գերիների ազատ արձակում անմիջապես հանդիպումից առաջ․ հնարավոր է հենց այսօր, հնարավոր է հանդիպումից առաջ», - ասաց Պողոսյանը՝ շեշտելով՝ հումանիտար հարցերից բացի, այլ առաջընթաց չի ակնկալում։

Վերջին անգամ Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են Սոչիում նոյեմբերի 26-ին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմի Պուտինի նախաձեռնությամբ։ Բանակցություններից հետո Պուտինը, Փաշինյանը և Ալիևը հայտարարություն հրապարակեցին։ Բաքուն անմիջապես հայտարարեց, որ Սոչիի հանդիպման արդյունքում ընդունված եռակողմ հայտարարությունն ամբողջությամբ արտացոլում է իրենց տեսակետները։ Պաշտոնական Երևանն էլ երեք կարևոր արձանագրում շեշտեց՝ գերիների վերադարձ, «միջանցքի» թեզի հերքում, սահմանին կայունության քայլեր։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG