Մատչելիության հղումներ

Դեկտեմբերի 28-ին Սանկտ Պետերբուրգում կհանդիպեն ԱՊՀ ղեկավարները


Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի պեսկովը, արխիվ:
Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի պեսկովը, արխիվ:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ այս տարեվերջին՝ դեկտեմբերի 28-ին, Սանկտ Պետերբուրգում նախատեսվում է ԱՊՀ լիդերների անձնական հանդիպումը: Խոսնակի փոխանցմամբ, այս պահին ընթանում է հանդիպումը կազմակերպելու աշխատանքը:

«Իսկապես, ընթացքի մեջ է նախապատրաստումը»,- այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով հանդիպման և դրա հնարավոր ձևաչափի մասին` ասել է Ռուսաստանի ղեկավարի մամլո խոսնակը:

Հայաստանը և Ադրբեջանը ԱՊՀ անդամներ են, և եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախագահ Իլհամ Ալիևը մասնակցեն կազմակերպվելիք հավաքին, ապա կարող են նաև հանդիպում անցկացնել Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքը համարվող Սանկտ Պետերբուրգում:

Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ և մասնակցությամբ 2021-ի հունվարի 11-ին հանդիպել են Մոսկվայում, ապա նոյեմբերի 26-ին Սոչիում:

Դեկտեմբերի 14-ին և 15-ին Փաշինյանը և Ալիևը Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում երկու եռակողմ հանդիպում են անցկացրել` նախ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, ապա Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի մասնակցությամբ:

ԱՊՀ-ն ստեղծվել է ԽՍՀՄ փլուզումից հետո՝ 1991 թվականի դեկտեմբերին, և այս տարի լրանում է կառույցի 30-ամյակը:

ԱՊՀ-ին անդամակցել են նախկին խորհրդային հանրապետությունները՝ բացառությամբ Բալթյան երեք երկրների:

Ուկրաինան համարվում է «վիճելի» կարգավիճակով անդամ, քանի որ հայտնել է ԱՊՀ-ից դուրս գալու մասին, սակայն ԱՊՀ վարչական մարմիններ համապատասխան դիմումներ դեռ չի ուղարկել: Թուրքմենստանը 2005 թվականից դադարեցրել է անդամությունը և ստացել է ասոցացված դիտորդ-անդամի կարգավիճակ, իսկ Վրաստանը 2009 թվականից դուրս է եկել ԱՊՀ կազմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG