Ուկրաինայի նախկին նախագահ, Գերագույն ռադայի պատգամավոր, երկրի ամենահարուստ մարդկանցից մեկին՝ Պետրո Պորոշենկոյին կասկածում են պետական դավաճանության մեջ, վկայակոչելով Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Ալեքսանդր Տուրչինովին՝ երեկ երեկոյան հայտնել են ուկրաինական լրատվամիջոցները։
Անցած շաբաթ հայտնի է դարձել, որ Պորոշենկոն, որին Հետաքննությունների պետական բյուրոյի աշխատակիցները փորձել են ծանուցում հանձնել՝ Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունից ածխի մատակարարման գործով հարցաքննության կանչելու համար, լքել է Ուկրաինան:
Գործը քննվում է «ահաբեկչության ֆինանսավորման», «պետական դավաճանության» և «ահաբեկչական կազմակերպության ստեղծման» հոդվածներով:
Ընթացիկ տարվա հոկտեմբերին Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Վիկտոր Մեդվեդչուկին մեղադրանք է առաջադրվել պետական դավաճանության և ահաբեկչական կազմակերպությունների գործունեությանն օժանդակելու համար։ Ըստ քննիչների, Կիևը ոչ պաշտոնապես ածուխ է գնել անջատողականներից։ Այս սխեմայում հենց Մեդվեդչուկն էր միջնորդը, ով բանակցում էր ինքնհռչակ հանրապետությունների ներկայացուցիչների և ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Բանակցությունների մասին գիտեր նաև Ուկրաինայի այն ժամանակվա նախագահ Պետրո Պորոշենկոն։ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնել է, որ Մեդվեդչուկի դեմ գործի շրջանակներում ստուգելու է Պորոշենկոյին և Ազգային բանկի նախկին ղեկավար Վալերիա Գոնտարևային։
Ուկրաինացի լրագրողներն ավելի վաղ հրապարակել էին Մեդվեդչուկի խոսակցությունների գաղտնալսված ձայնագրությունները, այսպես կոչված, հանրապետությունների ներկայացուցիչների և տարբեր մակարդակի ռուս պաշտոնյաների, այդ թվում՝ փոխվարչապետ Դմիտրի Կոզակի, Պուտինի օգնական Վլադիսլավ Սուրկովի, «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերի և Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հետ։ Մեղադրող կողմը պնդում է, որ Վիկտոր Մեդվեդչուկն օգնել է Դոնբասի հանքերից ածուխ վաճառել Կիևի կողմից վերահսկվող տարածքներում գտնվող ընկերություններին։
Քննիչները ենթադրում են, որ միջնորդական ծառայությունների համար Մեդվեդչուկը գումար է ստացել։ Ինքը՝ Պետրո Պորոշենկոն, սեփական «Պրյամոյ» հեռուստաալիքին տված հարցազրույցում, հաստատել է, որ 2014 թվականին Ուկրաինան ածուխ է գնել Դոնբասի անջատողականներից։