Կիևի դատարանը երեկ մինչև հուլիսի 1-ը հետաձգեց երկրի պաշտոնաթող նախագահ Պետրո Պորոշենկոյի խափանման միջոցի քննությունը:
Ուկրաինայի նախկին առաջնորդն անցնում է ավելի քան երկու տասնյակ քրեական գործերով։ Գերագույն ռադայի պատգավոր և «Եվրոպական համերաշխություն» կուսակցության ղեկավար Պետրո Պորոշենկոն իր դեմ հարուցված բոլոր քսանյոթ քրեական գործերը՝ խուլիգանությունից մինչև թանկարժեք արվեստի գործերի ապօրինի ձեռքբերում, համարում է բացառապես քաղաքական հետապնդում:
Դատարանը 54-ամյա նախկին նախագահի խափանման հարցը քննում էր շենքից դուրս Պորոշենկոյի հազարավոր աջակիցների բողոքի ակցիայի ուղեկցությամբ: Մայդանի իրադարձություններից հետո երկրի ղեկավարը պաշտոնը ստանձնած նախագահը պնդում է, որ ինքը Վլադիմիր Զելենսկու վարչակազմի ընտրովի արդարադության զոհն է ` իրավիճակը համեմատելով իրեն նախորդած նախագահ Վիկտոր Յանուկովիչի գլխավորած ռեժիմի հետ. -«Սա բարդույթավորված անձանց վրեժխնդրություն է, ոչնչությունների ստոր վրեժ, որոնք չեն սիրում Ուկրաինան։ Բայց մենք ձեզ հետ հաստատ նրանցից չենք վախենում, քանի որ ճշմարտությունը մեր կողմում է»:
Պորոշենկոյի շուրջ իրավական գործընթացներով մտահոգություն են հայտնել նաև Ուկրաինայի արևմտյան դաշնակիցները, այդ թվում Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Կանադան, Գերմանիան: Երկրում ամերիկյան դեսպանատունը հատուկ հայտարարությամբ շեշտել էր, թե «արդարադատական համակարգը չպետք է օգտագործվի քաղաքական հաշվեհարդարների համար»։
Նախագահի գրասենյակը որևէ կերպ չի մեկնաբանել այս իրադարձությունները: Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, թե Պորոշենկոն պատասխանատվության կենթարկվի, սակայն դա «իրավապահների խնդիրն է»։
Այս պահին Պորոշենկոն կասկածյալի կարգավիճակ ունի դեռևս մեկ գործով։ Քննչական մարմինը պնդում է, որ պաշտոնաթող նախագահը երկրի օրենսդրության խախտմամբ ուժային կառույցներում նշանակումներ է կատարել: Մասնավորապես, արտաքին հետախուզության ծառայության առաջին փոխտնօրեն է նշանակել կասկածելի կապեր և կենսագրություն ունեցող Սերգեյ Սեմոչկոյին։
Մի շարք լրագրողական հետաքննությունների համաձայն, Սեմոչկոն պատկառելի ունեցվածքի տեր է, խնամքով թաքցրել է ինչպես դա, այնպես էլ կնոջ ռուսաստանյան անձնագիր ունենալու փաստը: Բացի այդ, Սեմոչկոյին պատկանող ընկերությունը բիզնես գործունեություն է ծավալել բռնակցված Ղրիմի տարածքում։ Այս մասին սկանդալային հրապարակումներից հետո, որոնք այդպես էլ չեն հերքվել, Պորոշենկոն Սեմոչկոյին պաշտոնանկ է արել:
Սա Պորոշենկոյին վերագրվող քսանյոթ գործերից միայն մեկն է, որն ապացուցվելու դեպքում նախկին առաջնորդը կարող է բանտում անցկացնել 7-10 տարի:
Այդ պատժաչափը սակայն էականորեն կմեծանա, եթե ապացուցվի նաև մեկ այլ քրեական գործում՝ այսպես կոչված 43 նկարների գործին Պորոշենկոյի մեղսակցությունը: Մայիսի վերջին իրավապահները հենց ցուցահանդեսի բացման ժամանակ ներխուժել են թանգարան` կալանավորելով Պորոշենկոյի ընտանիքին պատկանող ցուցադրվող գեղանկարների հավաքածուն։ Դրան նախորդել էր քրեական գործ՝ 43 արվեստի գործեր Ուկրաինայից ապօրինի կերպով դուրս տանելու առնչությամբ: Նախաքննական մարմնի պնդմամբ, ավելի քան չորս տասնյակ հայտնի արվեստագետների աշխատանքները երկրից դուրս են բերվել մաքակետերի շրջանցմամբ: Պորոշենկոն հրաժարվել է այդ գործով ներկայանալ հարցաքննության, փոխարենը հավաքածուն որոշել է ցուցադրել Գոնչարի թանգարում՝ ապացուցելու, որ հավաքածուն երկրում է: Երկրի նախկին նախագահը հավաստիացնում է, որ հավաքածուն օրինական է, ձեռք է բերել մինչև իր պաշտոնավարումը։
Ուկրաինայի վեցերորդ նախագահի պաշտոնավարման ընթացքում տեղի ունեցած ևս մեկ աղմկահարույց դրվագ իրավապահների քննության առարկա է դարձել՝ ստանալով «Պորոշենկոյի խուլիգանության գործը» անվանումը: Նրա փաստաբան Իլյա Նովիկովի խոսքերով, գործը հարուցվել է անհայտ անձի դիմումի հիման վրա, որում հայցորդը պատմել է նախագահի աշխատանաքային ուղևորություններից մեկի ընթացքում Պորոշենկոյի կողմից թույլ տրված խուլիգանության մասին, որի մանրամասները սակայն իրավապահները առայժմ չեն հրապարակել:
Ուկրաինայի վեցերորդ նախագահի դեմ քրեական գործերի հարուցման գլխավոր նախաձեռնողը Անդրեյ Պորտնովն է՝ նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալը: Պորոշենկոյի պաշտոնավարման տարիներին Պորտնովն ինքն էլ է անցել մի շարք քրեական գործերով և այժմ հրապարակայնորեն նրան բանտով է սպառնում:
Պորտնովի դիմումի համաձայն, իրավապահները ևս մեկ գործ են հարուցել Պորոշենկոյի դեմ` հնարավոր պետական դավաճանության հոդվածով: Խոսքը ուկրաինական հակամարտության հարցով Մինսկի համաձայնագրի ստորագրման մասին է։
Յանուկովիչի մերձավոր զինակցի նախաձեռնությամբ նաև հետաքննություն է ընթանում Կերչի նեղուցում տեղի ունեցած հայտնի միջադեպի առնչությամբ, որն ավարտվել էր ռուսաստանցի զինվորականների կողմից ուկրաինական նավաստիների գերեվարմամբ : Իրավապահները փորձում են պարզել, թե արդյոք Պորոշենկոն որպես երկրի գերագույն հրամանատար չարաշահել է պաշտոնեական լիազորությունները: