Մատչելիության հղումներ

Ուկրաինայում նախկին նախագահ Պորոշենկոյի դեմ քրեական գործ է հարուցվել


Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկո, Կիև, հունիս, 2020թ.
Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկո, Կիև, հունիս, 2020թ.

Հետխորհրդային տարածքի հերթական պաշտոնաթող նախագահը կանգնած է ամբաստանյալի կարգավիճակ ձեռք բերելու իրական վտանգի առջև։ Այս անգամ խոսքը Ուկրաինայի հինգերորդ նախագահ Պետրո Պորոշենկոյի մասին է։

Նախօրեին հայտնի դարձավ, որ Ուկրաինայի Հետաքննությունների գլխավոր բյուրոն Պորոշենկոյին որպես կասկածյալ է ներգրավել շաբաթներ առաջ հարուցված քրեական մի գործի շրջանակներում։

Նախաքննության մարմինները Պորոշենկոյին կասկածում են երկրի օրենսդրության խախտմամբ ուժային կառույցներում նշանակումներ կատարելու մեջ։ Խոսքը, մասնավորաբար, Արտաքին հետախուզության ծառայության առաջին փոխտնօրենի՝ 2018-ին իրականացված նշանակման մասին է, որն, ըստ ուկրաինացի քննիչների, ուղեկցվել է օրենքի մի շարք դրույթների կոպիտ խախտումներով։ Մասնավորապես, Պորոշենկոն, քննիչների պնդմամբ, ճնշում է գործադրել հետախուզական ծառայության ղեկավարի վրա՝ ստիպելով նրան փոխտնօրենի պաշտոնում նշանակել ոմն Սերգեյ Սեմոչկոյի։

Ուկրաինացի հետախույզները, սակայն, Պորոշենկոյի նշանակմանն ընդիմացել են՝ հաշվի առնելով Սեմոչկոյի ոչ միանշանակ վարկը։ Մի շարք այդպես էլ չհերքված տեղեկությունների համաձայն՝ Պորոշենկոյի նախընտրած թեկնածուն, չնայած ուժային կառույցի աշխատակից լինելուն, զբաղվում էր բիզնեսով։ Ավելին, պարզվել էր, որ Սեմոչկոյին պատկանող ընկերությունը բիզնես գործունեություն է ծավալել բռնակցված Ղրիմի տարածքում, իսկ նրա հարազատներից մի քանիսը ընդհանրապես Ռուսաստանի քաղաքացիներ էին։

Պորոշենկոն, մինչդեռ, իրեն ներկայացված մեղադրանքն անվանում է «իրավաբանական աղբ»՝ պնդելով, թե Ուկրաինայի օրենսդրության համաձայն՝ երկրի նախագահն իրավունք ունի միանձնյա նշանակումներ կատարել ուժային կառույցներում, այդ թվում՝ Արտաքին հետախուզության ծառայությունում։

Պետրո Պորոշենկոն նաև պնդում է, որ իրեն քրեական այս գործում որպես մեղադրյալ ներգրավելը կատարվել է օրենքի խախտմամբ։ Նախկին նախագահի համոզմամբ, իրեն՝ որպես պետության պաշտոնաթող ղեկավարի և գործող պատգամավորի, քրեական մեղադրանքի մասին պետք է հայտներ անձամբ Գլխավոր դատախազը։ Թերևս հենց այդ բացը լրացնելու նպատակով էր, որ երեկ Պորոշենկոն փաստաբանների և մի քանի տասնյակ աջակիցների ուղեկցությամբ գրոհեց Գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովայի աշխատասենյակը՝ տապալելով դատախազության ղեկավարի և Կիևում Շվեյցարիայի դեսպանի միջև այդ պահին մեկնարկող հանդիպումը։

Դուրս գալով դատախազությունից՝ Պորոշենկոն համոզված հայտարարում էր, որ Գլխավոր դատախազը կատարում է Ուկրաինայի գործող նախագահ Վլադիմիր Զելենսկու անձնական պատվերը, իսկ տեղի ունեցողն «ընդդիմության առաջնորդի դասական հետապնդում է»։

«Դրանով ժամանակին զբաղվում էր նաև Վիկտոր Յանուկովիչը։ Ես խորհուրդ եմ տալիս նախագահ Զելենսկուն՝ վերցնել խոսափողը, զանգահարել Ռուսաստան և հետաքրքրվել Յանուկովիչից, թե նրա համար այդ ամենն ինչով ավարտվեց», - նշում էր Պորոշենկոն։

Նախագահ Վլադիմիր Զելենսկին, այդուհանդերձ, հերքում է, թե Պորոշենկոյի դեմ քրեական գործի հարուցման հետ որևէ կապ ունի։ Զելենսկու համոզմամբ՝ իր նախորդի գլխավոր սխալը մեկ տարի առաջ կայացած ընտրություններում կրած պարտության հետ ոչ մի կերպ չհամակերպվելն է։

«Կարծում եմ՝ Պորոշենկոյի գլխավոր սխալն այն է, որ նա մինչ օրս իրեն երկրի նախագահ է զգում։ Կանցնի 10 տարի, միևնույն է, նա կշարունակի իրեն Ուկրաինայի նախագահ զգալ՝ համոզված լինելով, որ երկրի համար որևէ լավ բան արած միակ մարդն ինքն է», - նշում էր Զելենսկին։

Ըստ Ուկրաինայի Գլխավոր դատախազության, այս պահին Պորոշենկոն շուրջ երկու տասնյակ քրեական գործերով է անցնում՝ առայժմ հիմնականում որպես վկա։ Դրանցից թերևս ամենասկանդալայինն այսպես կոչված «նկարների մաքսանենգության» գործն է։ Նախաքննական մարմիններն ուսումնասիրում են շրջանառվող այն տեղեկությունները, որոնց համաձայն՝ Պետրո Պորոշենկոն և նրա բիզնես գործընկեր Օլեգ Գլադկովսկին տարիներ շարունակ համաշխարհային ամենահայտնի աճուրդային տներից ձեռք էին բերում Մալևիչի, Ռեպինի, Այվազովսկու, Լևիտանի հեղինակած թանկարժեք նկարներ՝ հետագայում դրանք ներկրելով Ուկրաինա և ձևակերպելով որպես Կիևում Սեյշելյան կղզիների հյուպատոսության սեփականություն։ Այդ հնարքն, ըստ իրավապահների, հնարավորություն էր տվել Պորոշենկոյին խուսափել մաքսատուրքի գանձումից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG