Մատչելիության հղումներ

Փաշինյանը ինչո՞ւ ուղիղ չի ասում, որ այդ ճանապարհին պետք է լինեն հայկական մաքսակետեր. ընդդիմադիր պատգամավոր


Վարչապետի թիմակիցների կարծիքով, Փաշինյանը ավելի քան հստակ է պատասխանել բոլոր հարցերին, ուստի լրացուցիչ մեկնաբանության կարիք չեն տեսնում։

Փաշինյանը հստակ չի ասում, թե իր պատկերացմամբ ինչ ասել է միջանցքային տրամաբանություն։ Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանից հետո նման եզրահանգման են եկել ընդդիմադիր պատգմավորները։

Տիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցությունից Տիգրան Աբրահամյանի համար ամեն ինչ ավելի քան պարզ է. եթե Հայաստանի տարածքով անցնող ճանապարհը Հայաստանը չվերահսկի, ուրեմն դա միջանցք է. - «Միջանցքի և ճանապարհի տարբերությունը, դրա որակումը կախված է նրանից, թե ով է վերահսկում այդ ճանապարհը։ Այսինքն՝ կոնկրետ Հայաստանի Հանրապետության տարածքում Նախիջևանի և Ադրբեջանի միջև կապը ո՞վ է վերահսկելու։ Եթե դա վերահսկում է Հայաստանի Հանրապետությունը, և դա ուղեկցվում է համապատասխան ապահովման բաղադրիչներով, ապա դա լինում է ուղղակի կոմունիկացիա, ճանապարհ։ Եթե դրա վերահսկողությունը չի իրականացնում կոնկրետ այն երկիրը, որտեղով անցնում է այդ ճանապարհը, նշանակում է, որ դա միջանցք է»։

Երեկ հարցուպատասխանի ժամանակ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը շարադրեց իր պատկերացրած չորս բաղադրիչները։ Դրանք են. սահմանին կանգնելու են Հայաստանի սահմանապահները, այդ ճանապարհով անցնող բեռների նկատմամբ մաքսային հսկողություն իրականացնելու է Հայաստանի մաքսային ծառայությունը, այդ հատվածում տեղի ունեցող պատահարները քննելու են Հայաստանի իրավապահները, և վերջապես չորրորդը՝ բոլոր ենթակառուցվածները կառուցվելու են Հայաստանի բյուջեի միջոցներով։

Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Փաշինյանն ըստ էության համաձայնեց բոլոր կետերի հետ, բացի առաջինից։ Բայց նրա բացատրությունը այստեղ այլ էր. - «Եթե ձեր տրամաբանությամբ առաջնորդվենք, Հայաստան - Իրան սահմանին կանգնած են ոչ Հայաստանի Հանրապետության սահմանապահները, հետևաբար Իրանի Իսլամական Հանրապետությունից դեպի Հայաստան եկող ճանապարհը միջա՞նցք ա, թե՞ միջանցք չի։ Մնացած հարցերով, մնացած կետերով համաձայն եմ»։

Հիմնավորումը, որով Փաշինյանը չընդունեց ընդդիմադիրների առանձնացրած առաջին բաղադրիչը՝ Հայաստանի սահմանապահների ներկայությունը, Տիգրան Աբրահամյանը անընդունելի է համարում։ Նրա պնդմամբ, Իրանի հետ սահման դեպքում դա անցակետ է։

Արթուր Ղազինյան
Արթուր Ղազինյան

Հարցուպատասխանի ժամանակ Արթուր Ղազինյանը ևս այս դիտարկումն արեց. - «Սահմանապահ ծառայությունը, կա միջպետական պայմանագիր, որը կնքված է Ռուսաստանի Դաշնության հետ, և նրա հետ համատեղ իրականացվում է նաև սահմանների պահպանությունը։ Բայց էնպես չի, որ հայ սահմանապահներ էնտեղ կանգնած չեն»։

Փաշինյանն այս դիտարկումն անարձագանք թողեց։

Վարչապետի թիմակիցների կարծիքով, Փաշինյանը ավելի քան հստակ է պատասխանել բոլոր հարցերին, ուստի լրացուցիչ մեկնաբանության կարիք չեն տեսնում։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը համաձայն չէ, ասում է՝ հաշվի առնելով իշխանության հակասական հայտարարությունները, առավել մանրամասն ու բաց խոսելու անհրաժեշտություն կա. - «Որքան էլ ասեն, որ սա է մեր դիրքորոշումը, մենք տեսնում ենք, որ իրականության մեջ այլ դրսևորումներ կան։ Եվ լավ կանեն, որ իշխանությունները ավելի բաց խոսեն ու հասկանալի կերպով ասեն, թե, օրինակ, Ադրբեջանը միջանցք ասելով ի՞նչ նկատի ունի»։

Աննա Գրիգորյան
Աննա Գրիգորյան

Գրիգորյանը, վերլուծելով Ադրբեջանի նախագահի պնդումները «անխոչընդոտ տարանցման մասին», ենթադրում է, որ Ադրբեջանը դեմ է մաքսակետերի տեղադրմանը։ Հարցնում է՝ միջանցքային տրամաբանությունը բացառող Փաշինյանը ինչո՞ւ ուղիղ չի ասում, որ այդ ճանապարհին պետք է լինեն հայկական մաքսակետեր. - «երբ Նիկոլ Փաշինյանը Սոչիում ասում էր մենք տարընթերցումներ չունենք, ամեն ինչ համաձայնեցված է, արդյո՞ք համաձայնեցված էր այն դիրքորոշումը, որ այս պահին հնչեցվում է, կամ մի քանի օր Արտաքին գործերի նախարարությունը համապարփակ հայտարարությամբ է հանդես եկել։ Ես չգիտեմ։ Որովհետև ոչ մի բան դրա մասին չի ասվում»։

Ինքը՝ վարչապետը, երեկ խորհրդարանի ամբիոնից հղում էր անում Արտաքին գործերի նախարարության դեկտեմբերի 7-ի հայտարարությանը, որը տարածվել է ի պատասխան Ադրբեջանի ղեկավարի սպառնալիքի, թե «Զանգեզուրի միջանցքի բացման ժամկետ նշեք, հակառակ դեպքում ուժով կբացենք»։ Նախարարությունը հղում էր անում 44 -օրյա պատերազմից հետո ստորագրված երեք փաստաթղթերին, որոնցից և ոչ մեկում Հայաստանը որևէ պարտավորություն չի ստանձնել Ադրբեջանին միջանցք կամ միջանցքային տրամաբանությամբ ուղի տրամադրելու։ Փոխարեն Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG