Մատչելիության հղումներ

Թուրքիան ու Ադրբեջանը շարունակում են տարածաշրջանային լայն համագործակցության մասին ուղերձներ հղել Հայաստանին


Պաշտոնական Անկարան և Բաքուն հերթական միջազգային հարթակն են օգտագործել Հայաստանին տարածաշրջանային լայն համագործակցության գնալու վերաբերյալ ուղերձներ հղելու համար:

Այսօր Ստամբուլում մեկնարկած թյուրքալեզու երկրների խորհրդի արտգործնախարարների 8-րդ նիստի ժամանակ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն կրկին անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքին»:

«Կասպից ծովով անցնող տրանսկասպյան միջազգային տրանսպորտային գիծը կուժեղանա Զանգեզուրի միջանցքի գործարկմամբ: Այդ միջանցքը կնպաստի ամբողջ թյուրքական աշխարհի զարգացմանը», - ասել է թուրք նախարարը: Նա նշել է, որ պատերազմում Ադրբեջանի հաղթանակը ճանապարհ է բացել տարածաշրջանում հարատև խաղաղության ու կայունության համար:

Նույն նիստին մասնակցող Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ևս ընդգծել է «Զանգեզուրի միջանցքի» կարևորությունը: Անդրադառնալով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև նոյեմբերի 10-ին, ապա հունվարի 11-ին ստորագրված եռակողմ հայտարարություններում տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանը վերաբերող կետերին՝ Բայրամովը նշել է, որ այդ ուղղությամբ հստակ քայլեր են ձեռնարկվում: Նա շեշտել է, որ հաղորդակցության ուղիների բացումը, այդ թվում մեծ կարևորություն ներկայացնող «Զանգեզուրի միջանցքի» գործարկումը, կամրապնդի տարածաշրջանի երկրների համագործակցությունը և կնպաստի ապրանքաշրջանառության մեծացմանը: Բայրամովը հույս է հայտնել, որ այս զարգացումներից կշահեն նաև գործընկեր երկրները:

Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարը կրկին պնդել է, թե Բաքուն ու Անկարան ակտիվ ջանքեր են գործադրում Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ուղղությամբ։ Որպես ասվածի ապացույց Բայրամովը հիշատակել է «3+3» ձևաչափը՝ համոզմունք հայտնելով, որ հետպատերազյան իրավիճակում այս հարթակը կարող է արդյունավետ համագործակցության մեխանիզմ դառնալ տարածաշրջանի երեք երկրների և նրանց երեք մեծ հարևանների՝ Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի համար:

«Զանգեզուրի միջանցքի» թեման նախօրեին քննարկվել է նաև Թուրքիայի Ազգային մեծ ժողովում, որտեղ քվեարկության էր դրվել Ադրբեջանում թուրք զինվորականների ծառայությունը մեկ տարով երկարաձգելու մասին նախագահ Էրդողանի ներկայացրած օրինագիծը։ Պատգամավորները, սակայն, անդրադարձել են նաև միջանցքի բացման հեռանկարին՝ տարբեր շեշտադրումներով։ Ընդդիմադիր «Լավ» կուսակցության պատգամավորներից Աբդուլ Ահադ Անդիջանը, մինչդեռ, առավել կոշտ շեշտադրումներ է արել, ու պնդել, թե թուրքական իշխանությունները Հայաստանի հետ սահմանը պետք է բացեն միայն «Զանգեզուրի միջանցքի» տրամադրման դեպքում:

Թուրք պատգամավորը, որ ներկայացնում է խորհդարանի երկրորդ ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը, հայտարարում էր, թե այս միջանցքի բացմամբ շահագրգռված չէ նաև Ռուսաստանը, քանի որ վախենում է կորցնել իր ազդեցությունը տարածաշրջանում: Ուստի, հորդորում էր ընդդիմադիր գործիչը, Թուրքիան պետք է ռազմավարություն մշակի և աշխատի այս ուղղությամբ:

Ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավոր Յունուս Էմրեն էլ էր կարևորում «Զանգեզուրի միջանցքը» և' Թուրքիայի, և' Ադրբեջանի համար: Նա ընդգծել է, որ միջանցքը էական նշանակություն կունենա հատկապես Նախիջևանի համար՝ այն դուրս բերելով շրջափակումից:

Իշխող կուսակցության պատգամավոր Վոլքան Բոզքըրը, սակայն, իր ելույթում միջանցքի հարցին չի անդրադարձել, փոխարենը խոսել է պատերազմից հետո Հարավային Կովկասում ի հայտ եկած նոր իրողությունների մասին՝ պնդելով, թե մնայուն խաղաղությունը արդեն ուրվագծվում է: Նա ընդգծել է, որ Թուրքիան կառուցողական է տրամադրված, պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, միաժամանակ նշել, որ այս հարցում Անկարան խորհրդակցում է Ադրբեջանի հետ:

Բոզքըրի խոսքերով, հուսով են, որ Հայաստանը դրական մոտեցում կցուցաբերի, մասնավորապես ակնկալում են, որ Ադրբեջանին կհանձնվեն ականապատման քարտեզները:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG