Բժիշկ Վահե Տեր-Մինասյանը հորդորում է պատվաստվել, այդ թվում` հղիներին: «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» շրջանակներում նա խորհուրդ տվեց վերջ տալ մի շարք կասկածներին, թե «որտեղ են մեզ ուզում գցել»: Ըստ նրա` այն, որ նախկինում օրինակ` հղիներին խորհուրդ չէին տալիս քովիդի դեմ պատվաստվել, դեռևս ուսումնասիրությունների պակասից էր:
Այսօր, հիշեցնենք, նախարարությունը հայտնեց, որ մահացել է 28 տարեկան ծննդկան, ում մոտ հղիության 37-38 շաբաթականում հայտնաբերվել է կորոնավիրուս:
Աշխարհը խորհուրդ է տալիս հղիներին ևս պատվաստվել
Քովիդ-19-ի` նոր հիվանդության պարագայում բոլորս սովորելով գնում ենք, ասում է Վահե Տեր-Մինասյանը: «Եթե ամիսներ առաջ ասվում էր, որ հղիներին հակացուցված են պատվաստումները, ապա արդեն մի քանի ամիս է, որ աշխարհի բոլոր երկրները հակառակ կարծիքն են հայտնում, որովհետև կան հետազոտություններ», - նշեց նա` հավելելով, որ մեծաթիվ փորձարկումներ են արվել․ - «Եվ արդյունքները ցույց են տվել, որ այո, անգամներով, շատ շատ անգամներով ավելի հեշտ են տանում, եթե անգամ վարակվում են վակցինացված կանայք, քովիդը։ Ավելին ասեմ՝ խուսափում են մի շարք բարդություններից, և, միաժամանակ, երեխաների հետ կապված, պտղի հետ կապված խնդիրներ չեն առաջանում»։
Բժիշկը նշեց` ինչպես ամբողջ աշխարհը, այնպես էլ Հայաստանը հղիներին խորհուրդ է տալիս պատվաստվել:
Ինչ վերաբերում է թե որ պատվաստանյութով դա անել, նա մատնանշեց Moderna-ն և Pfizer-ը՝ առայժմ․ - «Այսինքն, եթե ինձ հղին հարցնի՝ որո՞վ, ապա ես այսօր ունեմ ձեռքի տակ տվյալները այդ երկու [պատվաստանյութերի վերաբերյալ]։ Չնայած մյուս պատվաստանյութերը նույնպես, ասում են, արդեն թույլ են տվել, վերջիններից մեկը Sputnik-ն էր, որը փոխեց ռեկոմենդացիաները»։
Այս տարվա մայրական մահացության դեպքերի մոտ 90 տոկոսը պայմանավորված է քովիդով, հայտնեց բժիշկը:
«Որևէ պաշտոն ինձ չի հետաքրքրում»
«Ամեն մեկը մտածում է իր արշինով, մեզ պետք չեն 3 միլիոն վարչապետներ, նախարարներ, ռեկտորներ, մեզ պետք են մարդիկ, ովքեր սիրում են իրենց աշխատանքը, նվիրված են, ես ինձ այդպիսին եմ համարում, ու հավատացնում եմ, որ ինձ որևէ պաշտոն չի հետաքրքրում», - ի պատասխան հարցադրմանը, թե ինքը պատվաստվելու խորհուրդներ է տալիս, քանի որ ցանկանում է առողջապահության նախարար նշանակվել, արձագանքեց Տեր-Մինասյանը:
Կերակրող մայրերի համար նույնպես սահմանափակումները հանված են
Կերակրող մայրերի համար նույնպես սահմանափակումները հանված են, խորհուրդ է տրվում պատվաստվել, նաև կաթի միջոցով հակամարմիններ են փոխանցվում երեխաներին, ասաց Վահե Տեր-Մինասյանը: Նա ևս մեկ անգամ շեշտեց` պատվաստումները ազատում են հիվանդությունը ծանր ընթացքով տանելուց: «Կան դեպքեր պատվաստված մարդկանց, որոնք հիվանդանում են և անգամ մահացել են, բայց եթե տոկոսային հարաբերակցությամբ փորձենք համեմատել չպատվաստվածների հետ, սարեր-ձորերի տարբերություն կա», - ասաց նա:
Վահե Տեր-Մինասյանը ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ լիովին պատվաստված, այսինքն` պաշտպանված է համարվում երկրորդ դեղաչափն ստացած մարդը: Բացի այդ, հիշեցրեց պատվաստման կեղծ հավաստագրեր ձեռք բերելու վերաբերյալ բացահայտումների մասին:
Օգտատերերը նաև հետաքրքրվել էին, թե արդյոք պատվաստված անձը վարակակիր չի՞ համարվում, այսինքն` հարկ չկա՞ մեկուսանալու:
«Չէ, չէ, ձեզ վիրուսով չեն վարակում, այսինքն` պատվաստանյութի մեջ վիրուս չկա որպես այդպիսին: Պատվաստանյութի միջոցով ոչ ոք ձեր օրգանիզմ ո՛չ չիպ է մտցնում, ո՛չ վիրուս, դա միջոց է, որ ձեր օրգանիզմում ստեղծվեն հակամարմիններ», - պատասխանեց նա:
Պատվաստման դեմ հակաքարոզչությամբ զբաղվող բժիշկներին կզսպի «աշխատանքից զրկելը»
Հարցին՝ ի՞նչը կզսպի պատվաստման դեմ հակաքարոզչությամբ զբաղվող բժիշկներին, պետությունը ի՞նչ քայլ պետք է անի, որ այդ մարդիկ դադարեցնեն հակաքարոզչությունը, Վահե Տեր-Մինասյանն պատասխանեց՝ աշխատանքից զրկելը։ Դիտարկմանն էլ՝ գուցե մասնավոր կլինիկայում է աշխատում և իր ոլորտում հաջողակ է, նա արձագանքեց․ - «Իսկ ո՞վ ասաց, որ մասնավոր կլինիկան չունի լիցենզավորում։ Ես էլ եմ աշխատում մասնավոր կլինիկայում, իսկ ո՞վ ասաց, որ նախարարությունը չի կարող զրկել մեր կլինիկան, կամ պատժամիջոցներ կիրառել»։
Ինչ վերաբերում է հստակ գործիքներին, որոնք, Առողջապահության նախարարության հավաստմամբ, գերատեսչությունը տվյալ պահին չունի, Տեր-Մինասյանն ընդգծեց․ - «Թող ստեղծեն, կներեք, իսկ ինչի՞ չեն ստեղծում։ Ե՛վ հիվանդանոցը, որտեղ այդ մարդը աշխատում է, պետք է զրկվի որոշակի լիցենզիայից, և՛ տույժեր պիտի վճարվի, տույժեր պիտի վճարվի այն բոլոր մարդկանց ընտանիքներին, որոնք լսել են նրանց»։
Բժիշկը համոզված է՝ հենց Կառավարությունը պետք է գործուն մեխանիզմներ ունենա․ - «Միանշանակ, բա էլ ինչի՞ համար է մեր Կառավարությունը, եթե պիտի թողնենք ինչ-որ կլինիկայի հայեցողության վրա։ Չէ, ես համաձայն չեմ։ Չնայած ես ո՛չ այդ ոլորտի աշխատող եմ, ո՛չ պատասխանատու եմ, բայց ես կարծում, որ մենք ունենք դրա համար նաև Առողջապահական տեսչություն՝ ուղիղ պարտականությունների մեջ է մտնում»։
Ամբողջությամբ դիտեք տեսանյութում