Մատչելիության հղումներ

«Տաշիր Պիցցա»-ի արտադրատեսակներից և հումքից վերցված նմուշներում շեղումներ են հայտնաբերվել


«Տաշիր Պիցցա» սննդի ցանցի մասնաճյուղերում արտադրատեսակներից և հումքից վերցված նմուշների լաբորատոր հետազոտությունների արդյունքում նորմայից շեղումներ են հայտնաբերվել, հայտնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ)։

Մասնավորապես թռչնի մսով պատրաստված «Կեսար» աղցանի համար թռչնի մսի կիսապատրաստվածքը և հավի խաշած միսը եղել է ոսկեգույն ստաֆիլակոկ ցուցանիշով, թռչնի խաշած միսը՝ ԱՑԽՄ, սալմոնելաներ և ոսկեգույն ստաֆիլակոկ, հազարը (մարոլ)՝ ԱՑԽՄ և սալմոնելաներ, տավարի աղացած միսը՝ լիստերիա մոնոցետեգենես ցուցանիշներով, խմելու ջրի 4 նմուշում շեղումներ չեն հայտնաբերվել։

Նոյեմբերի 4-ին Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնն էր թունավորումների մասին ահազանգ ստացել։ Նոյեմբերի 4-ից 9-ն հոսպիտալացվել է 179 հիվանդ, 35-ը 0-18 տարեկան: Համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ բոլոր հիվանդները օգտվել են «Տաշիր պիցցա» ցանցի մասնաճյուղերում մատուցվող սննդից: Նոյեմբերի 9-ի դրությամբ 111 անձ դուրս է գրվել, ստացոնար բուժում է ստանում 64-ը, որից 26-ը՝ մինչև 18 տարեկան: Հյուսիսային պողոտայում և Խանջյան փողոցի վրա գտնվող, մասնաճյուղերի գործունեությունը անմիջապես կասեցվել է։ Նոյեմբերի 5-ին, ստուգումների ընթացքում, «Տաշիր պիցցա»-ն դադարեցրել է իր բոլոր մասնաճյուղերի գործունեությունը:

Ըստ տեսչական մարմնի, «Տաշիր պիցցա»-ին պատկանող հանրային սննդի կազմակերպություններում իրականացվել է նաև շրջակա միջավայրի նմուշառում: Ըստ այդմ, մակերեսներից վերցված լվացուկների 40 նմուշներից 14-ում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ), աշխատակիցներից վերցված մանրէակրության վերաբերյալ 24 կենսանմուշներից երկուսում հայտնաբերվել է salmonella enteritidis, 9 աշխատակիցների մոտ անջատվել է ստաֆիլակոկ:

ՍԱՏՄ-ն տեղեկացնում է, որ ստուգումներ են սկսվել նաև «Տաշիր պիցցա»-ում օգտագործվող մայոնեզ արտադրող «Հայր և որդի Ավագյաններ» ընկերությունում և թռչնամիս մատակարարող Սարատովի թռչնակոմբինատ «Կուռնիկով» ընկերությունում, արդյունքները կհրապարակվեն:

XS
SM
MD
LG