Մատչելիության հղումներ

Իշխող ՔՊ-ի թեկնածուն մտահոգված է, որ սահմանամերձ Կապանում տուրիզմը զարգացած չէ, տանիքներին արևային կայաններ չկան


Նոյեմբերի 14-ին Կապանում, Ստեփանավանում ու Իջևանում ավագանու ընտրություններ են։ Մրցակցությունը հատկապես թեժ է Սյունիքի մարզի Կապան համայնքում։ Պայքարում են գործող համայնքապետն ու իշխող ուժի թեկնածուն։

«Քաղաքացիական պայմանագրի» ավագանու ցուցակը գլխավորում է պատգամավոր Դավիթ Դանիելյանը։ Իսկ գործող քաղաքապետ Գևորգ Փարսյանը, որ Սյունիքի մյուս խոշոր համայնքապետերի հետ պատերազմից հետո միացել էր Փաշինյանի հրաժարականի պահանջին, «Շանթ» դաշինքով է առաջադրվել։

Ի՞նչն է ստիպել Դավիթ Դանիելյանին պատգամավորական մանդատը թողնել ու համայնքապետի պաշտոնի համար պայքարել, ասում է. «Գտնելով մի շարք խնդիրներ, որոնք համայնքում լուծում չեն ստանում, և ամբողջովին պոտենցիալը չի օգտագործվում, որոշում կայացրեցի պատգամավորական մանդատը թողնել և գալ, կանգնել իմ քաղաքացիների կողքին»:

Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Կապանը դարձավ սահմանամերձ համայնք։ Կապան-Գորիս ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածն անցավ Ադրբեջանի հսկողության տակ։ Այստեղ պարբերաբար անվտանգության հետ կապված լուրջ խնդիրներ են ծագում։ Ադրբեջանցիները ճանապարհն են փակում, կանգնեցնում հայերի մեքենաները, սպառնում։

Իշխող թիմի համայնքապետի թեկնածուն խոստանում է ընտրվելու դեպքում սահմանների ամրացման հարցով զբաղվել։ Մտահոգված է, որ սահմանամերձ Կապանում տուրիզմը զարգացած չէ, շենքերին տանիքներին չկան արևային կայաններ. «Բացեր կան զբոսաշրջության առումով, որ գրեթե ոչինչ չի արվում: Կապանում մենք ունենք հզոր մշակութային ժառանգություն, բայց այդ պոտենցիալը չի օգտագործվում, թանգարանների ոլորտը ճիշտ չի օգտագործվում», - «Ազատության» հետ զրույցում նշեց նա:

Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2023-ի հոկտեմբերին։ Այստեղ արտահերթ ընտրություններ նշանակվեցին, երբ օգոստոսին հրաժարական տվեցին ավագանու մի խումբ անդամներ։ Փարսյանը դա մեկնաբանել էր իր պաշտոնավարման դեմ քայլ, որ իշխանություններն արտահերթի ճանապարհ բացելով՝ փորձում են ազատվել իրենից։

Արդյոք իշխանությունը մտավախություն չունի՞, որ այստեղ էլ Գորիսի ընտրությունների օրինակով պարտվելու է, առավել ևս, որ Գևորգ Փարսյանը Կապանում Փաշինյանի թիմին հաղթել է դեռևս հեղափոխության թունդ փուլում՝ 2018-ի աշնանը։

«Գորիսի ընտրությունները և Կապանինն իրականում չպետք է իրար հետ համեմատենք, որովհետև առաջին` թեկնածուները տարբեր են, երկրորդ` ավագանիների կազմերն են տարբեր: Ես տեսնում եմ Կապանում որոշակի դժգոհություններ, որ անկուսակցական համայնքապետը բացեիբաց աջակցեց իր ընկերների հետ Քոչարյանին Ռոբերտին, ընտրություններին դիմավորեց նրան, Վահե Հակոբյանին, Իշխան Սաղաթելյանին: Քաղաքացիների մոտ դժգոհություն եմ տեսնում այդ առումով», - ասաց Դավիթ Դանիելյանը:

Կապանի համայնքապետի հետ խոսել չհաջողվեց, զանգերին չպատասխանեց։ Իսկ «Շանթ» դաշինքը հիմնադրած Շանթ Հարությունյանն ասաց, որ չի կասկածում Փարսյանի հաղթանակին. «Ես վստահ եմ, որ կհաղթի, ուղղակի ես մտածում եմ շատ ձայնով հաղթի»:

Այս տարվա աշնանից սկսված համայնքային ընտրությունները համամասնական ընտրակարգով են։ Սա նշանակում է, որ թեկնածուն ընտրություններին մասնակցելու համար պետք է որևէ քաղաքական ուժի կամ դաշինքի ցուցակով առաջադրվի։ Ինչո՞ւ է Փարսյանն ընտրել իր զարմիկ Շանթ Հարությունյանի հիմնադրած կուսակցությունը, որը հակառուսական ուղղվածություն ունի, իսկ Սյունիքի ու հենց իր ղեկավարած Կապանի սահմաններին ռուս սահմանապահներն են կանգնած։

«Մենք տեղական ընտրությունը չենք դիտել քաղաքական հայացքների դրսևորման դաշտ, եթե այսօր մեր դաշնակիցը ռուսն է, բնական է` ինքն ընդունում է ռուսին, քաղաքական պայքարի ինքը նենց չի … ոնց որ մեր կուսակցությունը, դա համագործակցություն է, տեղական դաշտում է», - պատասխանեց Հարությունյանը:

Իջևանում պայքարում են ՔՊ-ն ու ՀՅԴ-ն

Իջևանում իշխանության միակ մրցակիցը Հայ հեղափոխական դաշնակցությունն է։ Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակը գլխավորում է Իջևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Ճաղարյանը, ՀՅԴ ավագանու ցուցակը՝ Վահան Ղազումյանը։ Համայնքային ընտրությունների հոկտեմբերյան արդյունքները դաշնակցական թեկնածուին լավատեսություն են ներշնչում, որ իշխանությունը Փաշինյանի ծննդավայր Իջևանում էլ է պարտվելու. «Ինչ-որ փոփոխություններ կան, մարդիկ երբ խոսում են, հույս է արթնացել, որ կարելի է իշխանությանը հաղթել»։

Ստեփանավանում 3 կուսակցություն է առաջադրվել

Ստեփանավանի ավագանու ընտրություններում պայքարում են «Քաղաքացիական պայմանագիր», «Բարգավաճ Հայաստան» ու Հայ ազգային կոնգրես կուսակցությունները։ Իշխանության ավագանու ցուցակը գլխավորում է համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գրիգորյանը, ԲՀԿ-ինը՝ Հարություն Ղարագոզյանը, իսկ Կոնգրեսի ցուցակի առաջին համարը Վանո Հակոբյանն է։ Հակոբյանն ասաց՝ Ստեփանավանում մրցակցությունը թեժ չէ, նախընտրական պայքարը խաղաղ է. «Մեր պայքարը ոչ թե անձերի դեմ է, մենք ուզում ենք մեր ծրագրերով մեր համայնքի, մեր քաղաքի խնդիրները լուծել»:

Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը դեռ հուլիսին էր կանխատեսել, որ աշնանային ընտրությունները բավականին հետաքրքիր են լինելու։ Աշնանային ընտրությունների հենց առաջին փուլն իշխանության օգտին չէր, Փաշինյանի թիմը պարտվեց Գյումրիում, Մեղրիում, Գորիսում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG