Հայաստանում դիմակ կրելը պարտադիր է և՛ բաց, և՛ փակ տարածքներում, հակահամաճարակային կանոնների պահպանման վերահսկողությունն, ըստ կառավարության, խստացվել է: Այսօր առանց դիմակի շրջեցինք մայրաքաղաքի փողոցներում, մտանք խանութներ, օգտվեցինք տրանսպորտից՝ պարզելու արդյոք կա պատշաճ վերահսկողություն, թե՝ ոչ։
Անցանք ոստիկանների կողքով՝ ոչ մի արձագանք, տրանսպորտում էլ նույնը՝ ոչ վարորդը ձայն հանեց, ոչ էլ ուղևորները, մեծ սուպերմարկետներից մեկում գնումներ արեցինք և միայն վերջում՝ դրամարկղի մոտ գանձապահը խնդրեց դիմակ կրել, նույն պատկերը մեկ այլ խանութում էր:
Միայն Երևանի մետրոպոլիտենում հենց մուտքի մոտ պահանջեցին դիմակ կրել, սակայն արդեն կառամատույցում և վագոնում առանց դիմակի լինելու համար ոչ ոք ոչինչ չասաց:
Կորոնավիրուսի ահագնացող թվերի ֆոնին ավելի քան 2 ամիս առաջ վարչապետը հանձնարարեց խստացնել հակահամաճարակային կանոնների վերահսկողությունը, ոստիկանությունն ու տեսչական մարմինները հայտարարեցին՝ «հայտնաբերված խախտումների դեպքում կիրառվելու են օրենքով սահմանված վարչական պատասխանատվության միջոցներ»։ Դա ենթադրում է տուգանք կամ նախազգուշացում։
Այս ընթացքում տեսչական մարմինների պաշտոնական էջերը լի են կատարած աշխատանքի վերաբերյալ հաղորդագրություններով, նրանց ներկայացուցիչները մեզ փոխանցեցին՝ այս ընթացքում հազարավոր ստուգայցեր են իրականացրել։ Հանրային տրանսպորտի, առևտրի կենտրոնների և այլ հաստատությունների վերահսկողությունը առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն է իրականացնում, կառույցի հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Գայանե Խաչատրյանն ընդունում է՝ տրանսպորտում խախտումները շատ են:
«Այս պահի դրությամբ առավել խնդրահարույց է, առավել շատ խախտումներ հայտնաբերվում են տրանսպորտում, քանի որ կուտակումներից խուսափել չենք կարող և դիմակ կրելու պահանջը հաճախ չի կատարվում՝ թե՛ վարորդների կողմից, թե՛ քաղաքացիների», - ասաց Խաչատրյանը:
Սննդի անվտանգության տեսչականը խանութներն ու սննդի օբյեկտներն է հսկում, ՍԱՏՄ մամուլի պատասխանատու Անուշ Հարությունյանն ասում է՝ խանութներում հակահամաճարակային կանոններն այժմ ավելի լավ են պահպանվում. «Խանութներում առավելապես հիմա նկատում ենք, որ դիմակներ ավելի շատ են կրում և խնդիր գրեթե չի առաջանում: Ավելի վատ սովորություն կա մարդկանց մոտ, տեսնում են տեսուչներին անմիջապես դիմակները դնում են, այդպես ման են գալիս, հետո տեսուչները դուրս են գալիս, դիմակները հանում են»:
Դիմակ կրելուց զատ պատասխանատուները հետևում են նաև աշխատողների շրջանում պատվաստման կամ պարտադիր թեստավորման պահանջին, չնայած քովիդի դեմ պատվաստումների թիվն ավելացնելու համար կիրառվող այս պահանջն արդեն մեկ ամիս է կիրառվում է, չափահաս քաղաքացիների դեռ 15 տոկոսն էլ պատվաստված չէ։
Կորոնավիրուսը երեկ 50 մարդու կյանք է խլել, քովիդից մահացածների թիվը մոտենում է 6600-ի, երեկ հիվանդության 1835 նոր դեպք է հաստատվել։ Թեև Հայաստանը համաճարակային լարված փուլում է, սակայն գործադիրը հայտարարել է, որ լոքդաունի չի գնա, փոխարենը կաշխատեն պատվաստումների թիվը մեծացնելու և հակահամաճարակային կանոնների վերահսկողությունը ուժեղացնելու ուղղությամբ։