Թեև այսօրվանից Հայաստանում նաև բաց տարածքներում դիմակ կրելը կրկին պարտադիր է, սակայն «Ազատության» նկարահանման ընթացքում շատ քչերն էին հետևում այս որոշմանը։
Երևանի կենտրոնում և այլ համայնքներում չհանդիպեցինք նաև ոստիկանության կամ տեսչական մարմինների աշխատակիցների, որոնք կվերահսկեին իրավիճակը։
Այնինչ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում բաց տարածքներում դիմակների կրումը պարտադիր դարձնելը հիմնավորել էր ոստիկանների ու տեսչական մարմինների աշխատանքը հեշտացնելու հանգամանքով՝ ասելով, թե «երբ համընդհանուր դիմակ կրելու պարտադրանք կա, այդ դեպքում ավելի հեշտ է վերահսկել»։
Չնայած համաճարակային գերլարված իրավիճակին, կառավարությունը հակված չէ լոքդաունի գնալ. այժմ երկու ուղղությամբ են աշխատում. առաջինը դիմակների կրման կանոնների խստացումն է, երկրորդը՝ պատվաստումների ծավալի ընդլայնումը։
Ինչպես է Հայաստանում ընթանում պատվաստման գործընթացը
«Հենց մուտքը պոլիկլինիկայի մատենավարման բաժինն է։ Մոտ 40 հոգով մի տարածքում կանգնած հերթի էինք սպասում», - «Ազատությանն» ասաց Գոհար Աբրահամյանը։
Նա օրերս է պատվաստվել։ Այս 40 հոգանոց հերթը միայն պոլիկլինիկայի մուտքի մոտ է եղել։ Նրա խոսքով, չի պահպանվել սոցիալական հեռավորությունը, նույն տարածքում հերթի մեջ են եղել ինչպես պատվաստվել ցանկացողները, այնպես էլ բժշկի այցելողները, որոնք ունեցել են տարբեր գանգատներ՝ հազ, փռշտոց և այլն. - «Եվ այդպես բոլորով սիրուն, իրար կողք քիպ-քիպ կանգնած հերթ էինք սպասում։ Սակայն պատվաստման հատվածն առանձնացված է, բայց արդեն այդ հատվածում էլ մոտ 80 հոգով էինք հերթ կանգնած։ Միջանցքը բավական նեղ է ու ոչ օդափոխվող, պատուհանները բավականին հեռու էին գտնվում այդ հատվածից։ Անհնազանդություն արեցինք և զանգահարեցինք պոլիկլինիկայի ղեկավարին։ Նա նույն պահին իջավ ներքև, կազմակերպեց գործընթացը»։
Կորոնավիրուսից պաշտպանվելու համար պատվաստման եկած Աբրահամյանն ասում է, որ անընդհատ վախենում էր ա այդ նույն տարածքում քովիդով կվարակվելուց. - «Անվերջ նայում էի, տեսնեի ով է փռշտում, ոչ չի փռշտում... Սոցիալական հեռավորության մասին հնարավոր չէր խոսել այդ պայմաններում, որովհետև մենք փորձեցինք ինքնակարգավորվել, բայց տարածքը շատ փոքր է, նեղ միջանցք է, և մոտ ութսուն հոգով հերթի էինք սպասում։ Ուղղակի ֆիզիկապես դա հնարավոր չի կարգավորել։ Հերթական անգամ ցույց տրվեց, որ առողջապահական համակարգի աքիլեսյան գարշապարը մնում է պոլիկլինիկաները։ Իհարկե ողջունելի է հետաքրքրվածությունը պատվաստումների նկատմամբ, բայց մյուս կողմից, հերթեր են գոյանում, որոնք ուղղակի չեն կարողանում վերահսկել պոլիկլինիկաների աշխատակազմը»։
«Դիմակների պարտադիր կրում արդյունք կտա, եթե նաև պահպանվեն հակահամաճարակային բոլոր կանոնները»
Հայաստանում պատվաստումային գործընթացը մեկնարկել է 7 ամիս առաջ։ Սակայն միայն վերջին շաբաթներին են մասնագետները որոշ դրական տեղաշարժ նկատում, ինչն էլ կապվում է հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած խստացումների հետ։ Չնայած դրան, Հայաստանը շարունակում է տարածաշրջանի հետնապահը մնալ։
Ինչ վերաբերում է դիմակների կրման խստացմանը, հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանի կարծիքով, դա արդյունք կտա, եթե միաժամանակ պահպանվեն բոլոր հակահամաճարակային կանոնները, ինչպես նաև վերանայվի վերահսկողությունը. - «Խորհուրդ կտայի նախ առնվազն մինչև հաջորդ շաբաթ կրթական համակարգը որպեսզի հիբրիդ ուսուցման անցներ, ոչ թե ամբողջությամ օնլայն, այլ հիբրիդային։ Քննարկվեր խոշոր գործատուների աշխատակիցների մի մասի հեռավար աշխատանքի տեղափոխելը, այնտեղ, որտեղ հնարավոր է։ Քննարկել ժամանցային վայրերի՝ մոլեր, սրճարաններ, տեղեր, որտեղ մարդիկ հավաքվում են, իրենց աշխատաժամերը սահմանափակել։ Ինչպես նաև, եթե տեխնիկապես սա հնարավոր կլինի... միայն պատվաստված մարդկանց թույլ տալ, որպեսզի փակ տարածքներում ինչ-որ ժամանց անեն»։
Միայն վերջին մեկ ամսում քովիդից Հայաստանում ավելի քան հազար մարդ է մահացել, հիվանդանոցները շարունակում են գերծանրաբեռնված մնալ։ Այս պահին քովիդ կենտրոններում ու տանը հիվանդությունից բուժվում է գրեթե 31 հազար քաղաքացի։