Մատչելիության հղումներ

Դեկտեմբերի 1-ից չպատվաստված անձանց ներկայացվող պահանջներն ավելի կխստացվեն. նախագիծ


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ախիվ
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ախիվ

Առողջապահության նախարարությունը հնարավոր է փոխի քովիդի դեմ չպատվաստված անձանց վերաբերող կարգավորումները։ Դրանց համաձայն՝ դեկտեմբերի 1-ից կարող է պահանջվել հիվանդ չլինելը վկայող ՊՇՌ թեստ գործատուներին ներկայացնել 7 օրը մեկ՝ գործող 14-ի փոխարեն, իսկ դեկտեմբերի 15-ից մշակութային հաստատություններ ու ռեստորաններ այցելելու համար ունենալ պատվաստումը հաստատող QR կոդ կամ վկայական։

«Դրանք կքննարկվեն միջգերատեսչական հանձնաժողովի կողմից արդեն վերջնական հավանություն տալու», - ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Մինչև նոր խստացումները, Հայաստանը շարունակում է գտնվել քովիդի տարածման ու մահացության առումով վատագույն փուլում. այսօր հիվանդությունից մահացել է 41 մարդ, ընդհանուր առմամբ, մինչ օրս վիրուսի հետևանքով Հայաստանում մահացել է 7849 մարդ՝ ներառյալ 1000-ից ավելի այն մարդիկ, որոնց մասին նախարարությունը գրում էր, որ ունեցել են քովիդ սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ թե՛ հիվանդության բարդացումների, թե՛ մահացության առումով նկատվում է մարդկանց միջին տարիքի նվազում:

«Երբ որ դելտա շտամը դեռ նոր էր շրջանառվում և հետո էլ, երբ Հայաստան ներթափանցեց, պարբերաբար բարձրաձայնվել է, որ այս շտամը շատ ավելի ագրեսիվ վարքագիծ ունի՝ թե՛ երիտասարդացման, թե՛ հիվանդացության ծանրացման առումով մենք նկատում ենք այդ տարբերությունը», - ընդգծեց նախարարը:

Փաշինյան. Լոքդաուն Հայաստանում չի նախատեսվում

Վարչապետ Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյան

Այսօր Հայաստանում հաստատվել է քովիդի 2330 նոր դեպք, դրական է եղել իրականացված թեստերի մոտ 19 տոկոսը, ինչը համարվում է վիրուսի տարածման բարձր ցուցանիշ։ Չնայած սրան այսօր կառավարության նիստին վարչապետը կրկին հայտարարեց, որ լոքդաուն Հայաստանում չեն նախատեսում:

«Ի վերջո մենք նոր չենք ասել, մենք շատ վաղուց ենք ասել և ասում ենք, որ դրանից խուսափելու միայն մեկ տարբերակ կա՝ պատվաստվել, մենք լոքդաունների չենք գնալու, ես ուզում եմ սա հստակ արձանագրենք», - հայտարարեց վարչապետը:

Ինչո՞ւ է կառավարությունը խուսափում լոքդաունից, եթե ամեն օր մահվան տասնյակ դեպքեր են գրանցվում, արդյոք չի՞ ստացվում է, որ տնտեսությունն ավելի կարևոր է, քան մարդկանց առողջությունը, հետաքրքրվեցինք հանրային առողջության մասնագետ Վարդուհի Պետրոսյանից։ Ըստ նրա՝ Հայաստանի նման տնտեսություն ունեցող երկրները չեն կարող իրենց թույլ տալ լոքդաուններ, քանի որ որևէ ժամանակահատվածում եկամտի աղբյուրից զրկվելն իր հերթին առաջացնում է հանրային առողջության նոր ու լուրջ խնդիրներ։

«Այսօր գնալ լոքդաունի, երբ որ կա ապահով և արդյունավետ լուծում՝ դա պատվաստումներն են, իսկապես մի քիչ անընդունելի եմ համարում այդ ավելորդ ռիսկին գնալը, եթե կարելի է այս ապահով և երկարաժամկետ իմաստով արդյունավետ միջոցին դիմել: Իսկ կարճաժամկետ է, իհարկե, դիմակ կրելը», - ասաց Պետրոսյանը:

Հայաստանում 2-րդ դեղաչափ ստացել է ավելի քան 263 հազար մարդ կամ չափահասների 13 տոկոսը

Հանրային առողջության մասնագետ Վարդուհի Պետրոսյան
Հանրային առողջության մասնագետ Վարդուհի Պետրոսյան

Աշխարհի տարբեր երկրների պատվաստումների մակարդակը համեմատող աղյուսակներում Հայաստանն աչքի է ընկնում ցածր պատվաստման մակարդակով։ Քովիդի դեմ առաջին դեղաչափ երկրում ստացել է ավելի քան 588 հազար մարդ՝ չափահաս բնակչության 29 տոկոսը, 2-րդ դեղաչափ ստացել է ավելի քան 263 հազար մարդ կամ չափահասների 13 տոկոսը։ Հայաստանն օրական հնարավորություն ունի իրականացնելու 20-25 հազար պատվաստում, սակայն, ըստ վարչապետի, քաղաքացիները բավարար ակտիվ չեն։

«Մենք ունենք պատվաստանյութերի անհրաժեշտ պաշար, ընտրությունը քաղաքացիներինն է, և մենք չենք էլ կարծում, որ նույնիսկ, կներեք, ընտրություն կա», - ասաց Փաշինյանը:

Այս պահին հոսպիտալացված մոտ 3000 հիվանդներից միայն 90-ն է պատվաստված, մնացածը չպատվաստված մարդիկ են։

«Եթե մենք համեմատում ենք բարձր եկամուտ ունեցող երկրների հետ, մենք ուղղակի խայտառակ ցածր ցուցանիշ ունենք: Նույնիսկ մեր հարևան երկրների հետ համեմատած մեր ցուցանիշները դեռևս ցածր են: Եթե մենք ամռան ամիսներին ավելի ակտիվ պատվաստման գործընթաց ունենայինք մեր քաղաքացիների կողմից, ապա մենք այսօր այս մահացությունը չէինք ունենա միանշանակ», - ասաց Վարդուհի Պետրոսյանը:

XS
SM
MD
LG