Մատչելիության հղումներ

Մի խումբ սենատորներ ԱՄՆ Կոնգրեսին առաջարկում են պատժամիջոցներ սահմանել ՌԴ պաշտոնյաների նկատմամբ


Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնի
Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնի

Դեմոկրատ և հանրապետական մի խումբ սենատորներ ԱՄՆ Կոնգրես են ներկայացրել «Ռուսաստանին չարամիտ գործունեության համար պատասխանատվության ենթարկելու մասին» օրինագիծը:

Օրինագծով, մասնավորապես, առաջարկվում է հասցեական պատժամիջոցներ սահմանել ՌԴ պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնք մեղսակից են ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի թունավորմանը և Ռուսաստանում «Նովիչոկ» տեսակի մարտական թունավոր նյութի պատրաստմանը:

Փաստաթղթի համաձայն, օրենքի ընդունումից հետո 90 օրվա ընթացքում, ԱՄՆ-ի նախագահը պետք է պատժամիջոցներ սահմանի Նավալնու թունավորմանը մասնակից անձանց դեմ: Խոսքն ակտիվների սառեցման, ԱՄՆ մուտքի արգելքի մասին է, ինչպես նաև ամերիկյան քաղաքացիներին ու կազմակերպություններին արգելվելու է գործ ունենալ պատժամիջոցների ցուցակում ընդգրկված անձանց հետ: Առանձին պատժամիջոցներ կարող են սահմանվել «Նովիչոկ»-ի մշակման և օգտագործման կապակցությամբ:

Օրինագիծը նաև նախատեսում է, որ դրա ընդունումից հետո180 օրվա ընթացքում, նախագահը Կոնգրես պետք է ներկայացնի երկու զեկույց՝ 2015 թվականին Մոսկվայում ընդդիմադիր Բորիս Նեմցովի սպանության հանգամանքների մասին՝ նշելով այն անձանց, որոնք ենթադրաբար առնչություն ունեն դրան, և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա հարազատների «անձնական հարստության» մասին:

Փաստաթղթում նաև կոչ է արվում Պետդեպարտամենտին՝ հնարավորինս անել, որ Գերմանիան հրաժարվի «Հյուսիսային հոսք-2» գազատարից և դադարեցվի գազատարի շինարարությունը, ինչպես նաև ստիպել Ռուսաստանի իշխանություններին՝ ազատ արձակել Ալեքսեյ Նավալնիին։

Ավելի վաղ Նավալնիի թիմակից Վլադիմիր Աշուրկովը նախագահ Ջո Բայդենին ուղարկել էր 35 անձանց ցուցակ, որոնց դեմ, ըստ «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամ»-ի, ԱՄՆ-ն պետք է պատժամիջոցներ սահմանի: Ցուցակում ոչ միայն պաշտոնյաներ են, որոնք կարող են առնչություն ունենալ Նավալնու թունավորումը կազմակերպելու հետ, այլև Պուտինի շրջապատի գործարարներ։

Նավալնին բազմիցս հայտարարել է, որ Արևմուտքը պետք է հասցեական պատժամիջոնցեր սահմանի արտերկրում էական ակտիվներ ունեցող ռուսաստանցի օլիգարխների դեմ:

Ընդդիմադիր գործիչն իր թունավորման մեջ, հիշեցնենք, մեղադրում է Ռուսաստանի անվտանգության դաշանային ծառայության աշխատակիցներին և համոզված է, որ իրեն չէին կարող թունավորել առանց Պուտինի ուղղակի հրահանգի կամ գոնե Պուտինի իմացության։ Ռուսաստանի իշխանությունները հերքում են թունավորման փաստը։

Ռուսաստանում հակապուտինյան նոր բողոքի շարժում է սկսվել, Նավալնիի կողմնակիցներըբողոքի ակցիաներ են անցկացնում Ռուսաստանի բոլոր մեծ քաղաքներում, իշխանութուններն էլ բողոքի այդ ցույցերին մարդկանց դաժան ծեծում են մահակներով, հազարավոր մարդկանց բերման ենթարկում, նրանց մի մասին՝ ձերբակալում։ Ձերբակալավածներն այնքան շատ են, որ Մոսկվայում արդեն տեղ չկա նրանց մեկուսացնելու համար և մարդիկ օրեր են անցկացնում ոստիկանական հատուկ մեքենաներում։ Ռուսաստանում «վհուկների որս» է սկսել․ Նավալնիի կողմնակիցներին, նրանց, ովքեր մասնակցում են բողոքի ակցիաներին, կամ իրենց բողոքի մասին գրում են սոցիալական ցանցերում, ձերբակալում են, ազատում են աշխատանքից, համալասրաններից, իսկ ակցիաներին մասնակցող դպրոցականների ծնողներին սպառնում, որ նրանց երեխաները լուրջ խդիրներ կունենան։ Վերջին բողոքի ակցիաներին ձերբակալվել են նաև լրագրողներ։

Չնայած իշխանություններն ամեն ինչ անում են՝ երկրում վախի մթնոլորտ ձևավորելու համար, բողոքի շարժումը չի մարում, իսկ Նավալնիի կողմնակիցների շարքերը գնալով ընդլայնվում են։ Արդեն կան դեպքեր, երբ Նավալնիի ձերբակալության պատճառով աշխատանքից հեռանալու մասին դիմում են գրում, օրինակ, ոստիկանները։

Իվանովո քաղաքի բնակիչ Սերգեյ Ռիմսկին, մասնավորապես, ոչ միայն թողել է աշխատանքը ոստիկանությունում, այլ նաև ի պաշտպանություն Նավալնու ու մնացած քաղբանտարկյալների, տեսաուղերձ է հրապարակել։ Ռիմսկին համոզված է, որ բողոքի շարժումն էլ ավելի մեծ թափ կհավաքի հատկապես ռեգիոններում։

«Շարժումը կընդլայնվի առաջին հերթին ռեգիոնների շնորհիվ։ Բացի այդ, չեմ բացառում, որ եթե այսպես շարունակվի ռեգիոնալ ոստիկանությունների ղեկավարները պարզապես կհրաժարվեն կատարել ցույցերին դուրս եկած մարդկանց դաժան ծեծելու՝ կենտրոնական իշխնությունների հրահանգը», - ասել է Ռիմսկին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG