Մատչելիության հղումներ

Նավալնին կարծում է` Արևմուտքը պատժամիջոցներ պետք է սահմանի ոչ թե Ռուսաստանի, այլ ռուս օլիգարխների դեմ


Ռուս ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնին իր առաջին հարցազրույցն է տվել գաղութում գտնվելու ընթացքում: Նա գրավոր պատասխանել է The New York Times-ի հարցերին:

Նա անդրադարձել է ռուս-ամերիկյան հարաբերություններին, կալանավայրում իր կյանքին: Ռուսաստանի նախագահի ամենակոշտ քննադատն ասել է, թե Արևմուտքը, մասնավորապես Միացյալ Նահանգները պետք է պատժամիջոցներ սահմանի ոչ թե Ռուսաստանի, այլ ռուս օլիգարխների դեմ. «Պատժամիջոցներ պետք է սահմանել նրանց դեմ, ովքեր թալանում են Ռուսաստանը, նրա ժողովրդին դարձնում են ավելի աղքատ և զրկում ապագայից»:

Պատմելով գաղութի առօրյայի մասին` Նավալնին նշել է, որ օրվա մեծ մասն անցկացնում է ռուսական հեռուստատեսություն դիտելով. «Սա հայրենասիրական դաստիարակչության ծրագիր է, այսպիսով Ռուսաստանի իշխանությունները փորձում են դաստիարակել հանցագործներին», - կատակել է ընդդիմադիր գործիչը` հավելելով, թե դատապարտվածները դիտում են ֆիլմեր Հայրենական մեծ պատերազմի կամ այն մասին, թե ինչպես մի օր` 40 տարի առաջ, ռուսաստանցի մարզիկները հաղթեցին ամերիկացիներին կամ կանադացիներին:

«Պուտինի ռեժիմի գաղափարախոսության էությունն է ներկան և ապագան փոխարինել անցյալով», - ասել է Նավալնին` նկատելով, թե որևէ աշխատանք կալանավայրում չի կատարում:

Ընդդիմության առաջնորդն ասել է, թե իր դեմ ֆիզիկական ուժ գաղութում չեն կիրառում, և որ այստեղ գերադասում են հոգեբանական ճնշումը: Նա նաև նշել է, որ իր առողջությունը բարելավվել է գարնան համեմատ, երբ հացադուլ էր հայտարարել` պահանջելով, որ իրեն այցելեն քաղաքացիական բժիշկներ:

Ինչ վերաբերում է քաղաքականությանը, Նավալնին ասել է, թե շուրջ 21 տարի Ռուսաստանը ղեկավարող Վլադիմիր Պուտինի ռեժիմը պատմական պատահականություն է, ոչ թե օրինաչափություն, հույս հայտնում, որ վաղ թե ուշ այդ սխալը կուղղվի. «Վաղ թե ուշ այդ սխալը կուղղվի, և Ռուսաստանը կգնա զարգացման ժողովրդավարական եվրոպական ուղով: Մենք յուրահատուկ ենք, ինչպես ցանկացած ազգ, բայց մենք Եվրոպա ենք, և մենք Արևմուտք ենք»:

Ռուսաստանի կառավարության ամենաբարձր օղակներում կոռուպցիայի վերաբերյալ բազմաթիվ հետաքննությունների հեղինակը, ընդդիմության առաջնորդը, ով իշխանության դեմ բողոքների հազարավոր մարդկանց էր փողոց հանում, անցած տարվա օգոստոսի 20-ին հոսպիտալացվել էր Օմսկում թունավորման ախտանիշներով: Գերմանիայում, ուր նրան տեղափոխել էին բուժման, նրա մարմնում հայտնաբերել են «Նովիչոկ» խմբի թունավոր նյութի հետքեր: Նավալնին պնդում է, որ իրեն թունավորել են ՌԴ հատուկ ծառայությունները Պուտինի հրամանով:

Ընդդիմադիր գործիչը ձերբակալվեց հունվարին Ռուսաստան վերադառնալուն պես և ուղարկվեց Վլադիմիրի շրջանի Պոկռով քաղաքի գաղութ քրեական գործով պատիժ կրելու համար: Պայմանական պատիժը փոխարինվեց իրականով: Իրավապաշտպանները Նավալնիին ճանաչել են որպես քաղբանտարկյալ, իսկ արևմտյան երկրների ղեկավարները բազմիցս կոչ են արել ռուսաստանյան իշխանություններին նրան ազատ արձակել: Նրա հետ կապված կառույցները վերջերս Ռուսաստանում ճանաչվեցին ծայրահեղական և արգելվեցին, իսկ նրա կողմնակիցներից շատերը հետապնդումների են ենթարկվում երկրում կամ ստիպված են եղել լքել այն:

XS
SM
MD
LG