Ռուսաստանում բանտարկված ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին երեկ հացադուլ է հայտարարել։ Նա դիմել է այս ծայրահեղ քայլին, քանի որ մեկուսարանում բժշկական օգնություն չի ստանում։ Նավալնին հայտարարել է, թե սնունդ չի ընդունի, մինչև իր մոտ բժիշկ չհրավիրեն։
Վերջին օրերին նրա առողջական վիճակը վատթարացել էր։ Նավալնին ասել էր, թե բժշկի ու դեղորայքի կարիք ունի, բայց գաղութի ղեկավարությունը հայտարարել էր, թե նրա առողջական վիճակը բավարար է։
Ալեքսեյ Նավալնիի հայտարարությունը տեղադրվել է նրա Ինստագրամի էջում։ «Ես բժիշկ հրավիրելու և դեղորայք ստանալու իրավունք ունեմ։ Ոչ մեկն ինձ չեն տրամադրում, մեջքիս ցավն անցել է ոտքերիս, աջ ոտքս, իսկ հիմա նաև ձախը թմրում են, կատակը մի կողմ, բայց սա արդեն անհանգստացնում է», - գրել նա։
Քրեակատարողական ծառայության շրջանային վարչությունը մարտի 31-ին հայտարարել է, թե Ալեքսեյ Նավալնիին ցուցաբերվում է անհրաժեշտ օգնություն՝ նրա բժշկական տվյալներին համապատասխան։
Նավալնին անցյալ տարի ամռանը Ռուսաստանում թունավորվել էր, ըստ գերմանացի մասնագետների՝ «Նովիչոկ» տիպի քիմիական նյութով։
Մոսկվայի դատարանի փետրվարի 2-ի վճռով Նավալնին պետք է մոտ 2,5 տարի բանտարկված մնա։
Տե՛ս նաև այստեղ