2018-2020 թվականների ընթացում բոլոր մարզերում սուբվենցիոն ծրագրերի ընթացքում իրականացվել է 1193 ծրագիր, ընդհանուր ներդման գումարը կազմել է ավելի քան 47 մլրդ դրամ, այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ծրագրերի շրջանակում, ըստ գործադիրի ղեկավարի, մասնավորապես իրականացվել են փողոցների կառուցում, նորոգում, ասֆալտապատում, կառուցվել, նորոգվել են խմելու ջրի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգեր, իրականացվել են փողոցային լուսավորության ծրագրեր, կառուցվել կամ նորոգվել են մանկապարտեզներ, այգիներ, պուրակներ։
«Միայն 2021 թվականին, այս պահին ընթացքի մեջ են, 678 ծրագիր՝ 48 մլրդ 400 մլն դրամ արժեքով», - ասաց վարչապետը։
Այսօր գործադիրը պետբյուջեից ընդհանուր 532 մլն դրամ հատկացրեց Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Վայոց Ձորի և Տավուշի մարզպետարաններին՝ համայնքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի զարգացման համար։