Տարածքային համաչափ զարգացումն ու ժողովրդագրական խնդիրների լուծումը կառավարության առաջնահերթությունների թվում են, հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի Կոտայքի մարզում կայացած խորհրդակցությանն ժամանակ:
Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է Փաշինյանը ներկայացրել է՝ Կոտայքի մարզում վարելահողերի միայն 37 տոկոսն է մշակվում: Այսինքն՝ հողերի մեծամասնությունը շարունակում է մնալ չմշակված, և սա հիմնարար խնդիր է Հայաստանի և Կոտայքի մարզի համար՝ նույնպես:
Հանրապետությունում, ըստ վարչապետի պաշտոնակատարի, միայն երկու մարզում է, որ մշակվում է վարելահողերի 50 տոկոսից ավելին՝ Արարատի և Արմավիրի մարզերը: Մնացած մարզերում գործնականում վարելահողերի 50 և ավելի տոկոսը չի մշակվում:
«Այս առումով, կարևոր եմ համարում այն գաղափարը, որ պատրաստվում ենք առաջիկայում ծրագիր ներդնել, համաձայն որի, եթե որևէ հողատարածքում տնտեսվարողն անցնում է կաթիլային ոռոգման կամ անձրևացման, 5 տարի ոռոգման ջրի վարձավճարից կազատվի: Սա կարևոր է: Առաջիկայում դե յուրե որոշումը կընդունենք և կկանոնակարգենք, թե ինչպես է այդ գործընթացը տեղի ունենալու», - նշել է Նիկոլ Փաշինյանը:
Կոտայքի մարզի հողերի 74 տոկոսը չի ոռոգվում, Նիկոլ Փաշինյանի խոսքով, այս ուղղությունները կառավարության համար պետք է առաջանահերթություններ լինեն:
Վարչապետի պաշտոնակատարը հիշեցրել է նաև, որ դեռևս նախորդ տարի ընդունել են երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության վերաբերյալ ծրագիր: Դրա առանձնահատուկ շահառու են մարզերի բնակիչները, այն ընտանիքները, որոնք առնվազն երկու անչափահաս երեխա ունեն: Նրանք հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու դեպքում, ձեռք բերվող բնակարանի արժեքի 5 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 1 մլն դրամը, աջակցություն են ստանում:
«Երրորդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի ծննդյան դեպքում, ավելանում է ևս 500 000 դրամ աջակցություն: Այսինքն՝ միանվագ աջակցություն է ստանում: Սա վերաբերում է մարզերի բնակիչներին: Եվ, ըստ էության, մոտավորապես նույն սխեման գործում է նաև կառուցապատման պարագայում: Ընդ որում, ուզում եմ ընդգծել, որ եթե շահառուի տարիքը չի գերազանցում 30 տարին, աջակցությունն ավելանում է 30 տոկոսով: Այսինքն՝ իմ ասած 1 մլն դրամը դառնում է 1 մլն 300 000 դրամ, 500 000 դրամը դառնում է 650 000 դրամ: Բայց սա նույնպես ամբողջը չէ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ կառավարությունն ունի նաև այլ ծրագիր, որն արդեն գործում է ոչ միայն մարզերում, այլև Երևանում: Ծրագրի էությունը հետևյալն է՝ առաջին և երկրորդ երեխայի դեպքում կրկին հիփոթեքով բնակարան ձեռք բերելու պարագայում մնացորդային մայր գումարի 10 տոկոսը նույնպես վճարում է պետությունը: Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ այստեղ նրբություն կա, որ պետք է վերջին 12 ամիսների ընթացքում այդ հիփոթեքային վարկը սպասարկված լինի, այսինքն՝ արդեն լինի ընթացքի մեջ:
«Ընդ որում, ուզում եմ ուշադրություն հրավիրել, որ այս ծրագրերը գործում են նաև շինարարության դեպքում: Այսինքն, երբ վարկ է վերցվում շինարարություն իրականացնելու համար: Ու եթե հաշվի առնենք, որ նաև բարձրացրել ենք առաջին, երկրորդ երեխայի ծննդյան համար տրվող միանվագ գումարը, նաև երրորդ երեխայի համար 1 մլն դրամ աջակցություն է ցուցաբերվում, այս հաշվարկները երբ անենք, կարող է պարզվել, որ օրինակ 20 մլն դրամանոց բնակարանի պարագայում, ընտանիքը կարող է ստանալ մինչև 5 մլն և նույնիսկ ավելի աջակցություն», - ասել է վարչապետի պաշտոնակատարը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ պետք է մտածել մարզերում բնակարանաշինությունը խթանելու մասին. «Որովհետև այսօր մարզերում գործնականում գրեթե ոչ մի տեղ առաջնային շուկայից բնակարան ձեռք բերել հնարավոր չէ: Բայց եթե այս ծրագրերը ճիշտ կառավարենք, կարող է ստացվել, որ, ըստ էության, երիտասարդ ընտանիքները կարող են բնակարան ձեռք բերել բացառապես պետության աջակցության հաշվին կամ առնվազն պետությունը կախված գնից, իհարկե, կարող է մինչև 70-80 տոկոս աջակցություն ցուցաբերել համախառն բնակարանի ձեռքբերմանը։ Նկատի ունեմ, որ այս ծրագրերը ընդունում ենք, սակայն դրանք նաև պետք է կարողանանք ուղեկցել. մի կողմից՝ նախ քաղաքացիներն իրազեկված լինեն, որ կան այսպիսի հնարավորություններ, որովհետև մենք մեկ-երկու անգամ լրատվություն տալով, ենթադրում ենք, որ մարդիկ դա արձանագրեցին։ Այդպես չէ»:
Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է՝ պետք է բիզնեսն էլ իրազեկվի, որովհետև եթե պարզվի, որ, օրինակ, Հրազդան քաղաքում կա պոտենցիալ «իքս» թվով շահառու, որոնք շահագրգռված են և պետք է բնակարան ձեռք բերեն, կարող է առաջանալ նաև այդ պահանջարկը։ Այս առումով Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև մեր տեղական ինքնակառավարման մարմիների աջակցությունը:
Վարչապետի պաշտոնակատարը հիշեցրել է, որ կառավարության որոշմամբ գյուղական բնակավայրերում չաշխատող մայրերին երեխայի մինչև երկու տարեկան դառնալը հատկացվում է 26 հազար 500 դրամ՝ որպես երեխայի խնամքի նպաստ, իսկ աշխատող մայրերը գյուղական բնակավայրերում ստանում են կրկնակի, այսինքն՝ 53 հազար դրամ։
«Երբ մենք ասում ենք, որ գիտելիքը մեր տնտեսության և երկրի հիմնական շարժիչ ուժն է ու պետք է դառնա այդ շարժիչ ուժը, երբեմն գիտելիք ասելով մենք շատ ծանր բաներ ենք հասկանում. ասենք՝ իմանալ բարդ մաթեմատիկական բանաձևեր, բայց, օրինակ՝ սեփական հնարավորությունների մասին իմանալը նույնպես գիտելիք է։ Երբ մարդը գիտի, որ կարող է ծրագրից օգտվել այս կամ այն պայմաններում, նաև ընտանիքի պլանավորման որոշակի գործընթաց է տեղի ունենում, այսինքն՝ ընտանիքը նույնպես իր գործերը պետք է պլանավորի, որպեսզի առավելագույնս այս ծրագրերից օգտվի և, բնականաբար, այդ գիտելիքի վրա հենված բարեկեցության մակարդակը փոխի։
Այս հարցերը շատ կարևոր եմ համարում և պետական մարմինների կարևորագույն գործառույթներից մեկը համարում եմ հնարավորությունների մասին մարդկանց իրազեկելը: Որովհետև եթե մենք ընդունում ենք աջակցության ծրագրեր, և այդ ծրագրերը բոլոր պոտենցիալ շահառուներին մի քանի անգամ չի իրազվեկում, նրանց չի տեղեկացվում, որ նրանք ունեն այսպիսի հնարավորություններ, այդ ծրագրերը կյանքում մեծ արդյունքներ չեն տալիս։ Այնպես որ հույս ունեմ, որ նաև մեր մարզպետարանները, պետական կառավարման մյուս մարմիններն անընդհատ ուշադրության կենտրոնում կպահեն այս խնդիրները, և մենք կոնկրետ առաջընթաց կարող ենք արձանագրել»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։
Մարզպետ Մեսրոպյանն անդրադարձել է մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակին, խնդիրներին ու իրականացվող ծրագրերի ընթացքին: Զեկուցվել է, որ Կոտայքի մարզում գյուղատնտեսական նշանակության հողատարածքները կազմում են 155 հազար հեկտար, որից վարելահողերը՝ 74 հեկտար: Նշված հողատարածքներից մշակվում է 37 տոկոսը, ինչի հիմնական պատճառն, ըստ մարզպետի, հողատարածքների մասնատվածությունն է, սեփականատերերի բացակայությունը, ոռոգման համակարգերի անմխիթար վիճակը: Տեղեկացվել է, որ վերջին աշնանացանի ժամանակ մշակվել է 33 հազար հեկտար հողատարածք, ավելի քան 10 հազար հեկտար էլ կմշակվի գարնանացանի ընթացքում: Մեսրոպ Մեսրոպյանի խոսքով՝ ակնկալվում է, որ նախորդ տարվա համեմատ մարզում մշակվող հողատարածքների ծավալը կավելանա 1500 հեկտարով:
Անդրադառնալով կապիտալ ծրագրերին՝ մարզպետը տեղեկացրել է, որ դրանց շրջանակում կառուցվում են Հրազդանի և Աբովյանի հիմնական երկու դպրոցները, ներկայում ընթացքի մեջ են ևս երեք դպրոցների վերակառուցման աշխատանքներ:
Կոտայքի մարզում ընթացիկ տարում նախատեսվում է իրականացնել ավելի քան 6 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր: Ներկայումս 40-ից ավելի ծրագիր ընթացքի մեջ է:
Մեսրոպ Մեսրոպյանը տեղեկացրել է, որ ընթացքի մեջ են Աբովյանում և Հրազդանում Թումո կենտրոնների հիմնման աշխատանքները:
Խորհրդակացության ընթացքում ներկայացվել են նաև Կոտայքի մարզում առկա օպերատիվ վիճակն ու հանցավորության դեմ պայքարին միտված աշխաատանքները:
Խորհրդակցությանը մասնակցել են Տարածքային կառավարաման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավարի Արսեն Թորոսյանը, Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը, Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը, փոխմարզպետները, իրավապահ մարմինների մարզային վարչությունների ղեկավարները: