Մատչելիության հղումներ

Այս տարի Գյումրիում տասնյակ փողոցների, հրապարակների վերանորոգում է նախատեսվում


Վերանորոգված և բարեկարգված փողոց Գյումրիի կենտրոնում, օգոստոս, 2019թ․
Վերանորոգված և բարեկարգված փողոց Գյումրիի կենտրոնում, օգոստոս, 2019թ․

Արդեն երրորդ տարին է՝ Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տրամադրած 23,5 միլիոն եվրո վարկային միջոցներով Գյումրիում փողոցաշինական ծրագրեր են իրականացվում։ Այս տարվա առաջին մրցույթները կայացել են, և հաղթած շինկազմակերպությունների հետ Գյումրիի քաղաքապետարանը արդեն իսկ կնքել է պայմանագիր:

«8 փողոցներ, կայանամերձ հրապարակ, որի աշխատանքները մենք կսկսենք [մարտի կեսերից]։ Մենք վստահ ենք, որ որակով փողոցներ կունենանք, և մեր քաղաքում ևս 12 կիլոմետր ճանապարհ կկառուցենք և մեկ հրապարակ», - ասաց քաղաքապետ Սամվել Բալասանյանը։

Շինարարը 210 օր ունի աշխատանքներն ավարտին հասցնելու համար, եթե, իհարկե, առաջ չգան նախագծային փոփոխություններ, ինչպիսին եղան ծրագրի առաջին փուլում:
Անցած տարի նույն ՎԶԵԲ-ի ծրագրով հիմնանորոգվելու էր 15 փողոց, սակայն դրանց մեծ մասի աշխատանքները կիսատ մնացին, երեք փողոցներում էլ ընդհանրապես չմեկնարկեցին: Եթե խանգարող հանգամանքներ առաջ չգան, ապա, ըստ քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի պետ Կնյազ Մանասյանի, օգոստոսին հնարավոր է աշխատանքներն ավարտեն։

«Հունիս-հուլիս ամիսներին մեծ ծավալի նախագծային փոփոխություն տեղի ունեցավ։ Կոյուղացանցը չէր նախատեսված փոփոխությունների ենթարկել, և այդ իսկ պատճառով տեղի ունեցավ լուրջ փոփոխություն, և այդ լուրջ փոփոխությունը, բնականաբար, ժամկետների փոփոխություն առաջ բերեց։ Այդ իսկ պատճառով, մեր համաձայնությամբ՝ շինարարը երեք փողոցներում աշխատանքները չսկսեց, որպեսզի կարողանա ինչը որ սկսել է, գոնե եղածը ավարտին հասցնել։ Այդ երեք փողոցները մենք էս տարի ենք սկսելու», - ասաց Մանասյանը՝ շարունակելով․ - «Մրցույթը կայացել է, և պայմանագրերը կան, երեք փողոցները էս տարի ենք սկսելու, և առաջիկա մի քանի օրերի ընթացքում՝ հավանաբար մարտ ամսվա մեջ կսկսենք։ Եվ դրան զուգահեռ՝ մարտ ամսում արդեն էն 12 փողոց, որ նոր սկսել էինք, այդ 12 փողոցները արդեն ավարտին կհասցնենք։ Մոտավորապես, ենթադրում եմ, որ մենք օգոստոսի մեջ կունենանք էդ փողոցները»։

Բացի ՎԶԵԲ-ի վարկային միջոցներից, նաև Կառավարության սուբվենցիոն ծրագրերով են փողոցներ հիմնանորոգվել: Կնյազ Մանասյանն ասում է՝ այս տարբերակն ավելի ձեռնտու է համանքների համար, ավելի շատ փողոցներ են հիմնանորոգվում․ - «Համայնքային բյուջեն, ուրեմն, մենք լրիվ նպատակաուղղում ենք սուբվենցիոն ծրագրերին։ Մասնաբաժին ենք կազմելու Կառավարության կողմից տրված գումարին՝ 45 տոկոս ֆինանսավորումը համայնքի կողմից է, 55 տոկոսը Կառավարությունն է տրամադրում, երկուսը միասին դառնում է 100 տոկոս, և մենք այս պահի դրությամբ 8 փողոց և մեկ հրապարակ ընդգրկել ենք այդ ցանցում։ Ցանկը արդեն ներկայացված է Կառավարություն, Կառավարության կողմից դրական արձագանք ունենալու դեպքում մենք արդեն մրցույթները կհայտարարենք՝ և՛ նախագծի, և՛ փողոցների կառուցապատման։ Առանձին հիմնանորոգում չունենք՝ դա սուբվենցիոն, Կառավարության հետ համատեղ է»։

Գյումրիի փողոցների մոտավոր քանի՞ տոկոսն է հնարավոր եղել արդեն հիմնանորոգել, հետաքրքրվեցինք Մանասյանից: «Առայժմ 10 տոկոս, նու, 20 կարող է՝ մենք միայն փողոցներ չէ՝ հրապարակ էլ ենք կառուցում, չէ՞, հրապարակը երկարություն չունի՝ մակերեսով են այն չափում։ Մոտավորապես 20 տոկոսի սահմաններում», - պատասխանեց պաշտոնյան։

Այս տարի կհիմնանորոգվեն փողոցներ, որոնք ասֆալտ տեսել էին երկրաշարժից առաջ, օրինակ՝ Շարատ Տալյան և Շինարարների փողոցները: Ինչպե՞ս է կատարվում փողոցների ընտրությունը: «Սուբվենցիոն ծրագիրը հիմնականում նախագծումը կատարում ենք մենք։ Նախնական մի 20-30 փողոցի ցանկ ենք կազմում, թե որտեղ անհրաժեշտություն կա, հետագայում արդեն քննարկելով, կոպիտ ասած՝ մաղելով, գալիս հասնում ենք մոտավորապես էն գումարի չափին, որ ունենք հնարավորություն մենք։ Հիմնականում, առաջինը՝ դպրոց կամ մանկապարտեզ մոտեցող ճանապարհ, առողջապահական հիմնարկին մոտեցնող ճանապարհ, նորակառույց փողոցները մեկը մյուսին միացնող, միջանկյալ փողոցները, որ ցեխը դուրս չգա, չգնա քանդի փողոցը, և չորրորդը՝ էնպիսի փողոցներ ունենք, որ իրոք սարսափելի վատ վիճակում են, անանցանելի են, նույնիսկ մարդը չի կարող անցնել, էլ չեմ ասում՝ տեխնիկան, փոքր քանակությամբ նաև էդպիսի փողոցների ընտրություն ենք կայացնում», - մանրամասնեց Գյումրիի քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի պետը։

ՎԶԵԲ-ի ծրագրով Գյումրիում փողոցաշինությանը զուգահեռ իրականացվելու է նաև լուսավորության ցանցի հիմնանորոգում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG