Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անբավարար է գնահատում Վանաձորի համայնքային իշխանությունների անցած չորս տարիների աշխատանքն ու պնդում, թե նրանք պետք է ներողություն խնդրեն վանաձորցիներից իրենց նախընտրական խոստումները չկատարելու և ձախողումների համար ու հեռանան։ 2016 թվականին Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակով համայնքապետ դարձած Մամիկոն Ասլանյանի աշխատակազմի գործունեությունը գնահատելիս մարզպետարանի պաշտոնական էջերում հրապարակված տեսանյութում ասել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։
«Անցել են այն ժամանակները, որ պետք է հնչեն խոստումներ իշխանության գալու նպատակով, և հետագայում դրանք ուղղակի մոռացվեն», - ասել է նա:
Մարզպետը պնդել է, որ Վանաձորում համայնքի և կառավարության համաֆինանսավորմամբ 2019-20 թվականներին իրականացված ավելի քան երկու միլիարդ դրամի դրամի ծրագրերը լուրջ թերություններով, որոշ դեպքերում անգամ անորակ են եղել։ Մի քանի ծրագրեր պետք է ավարտված լինեին դեռ անցած տարի, բայց այսօր էլ ընթացքի մեջ են, շեշտել է մարզպետ Անդրեյ Ղուկասյանը. - «Ասֆալտապատման աշխատանքները Վանաձորում տասնյակ ավանդաբար վատ են իրականացվել, և այդ ավանդույթները դեռևս ցավոք սրտի շարունակվում են: Համայնքապետարանն ուներ բոլոր օրինական լծակները պայմանագիրը խզելու և 20 թվականին նոր շինարար ներգրավելու սակայն երկարացրեց պայմանագիրը, և այս պահի դրությամբ վերջնաժամկետն արդեն հատել ենք, օգոստոսի 1-ն էր, աշխատանքները դեռևս ավարտված չեն, իսկ արված աշխատանքների որակը դեռևս պետք է այսպես ասենք` գնահատվի»:
«Վերահսկողության իսպառ բացակայություն կա ծրագրերի պատվիրատու համարվող համայնքապետարանի կողմից», - ասում է Անդրեյ Ղուկասյանն ու պնդում, թե աշխատասենյակներում են կազմվում շինարարական նախագծերը, և ընթացքում պարզվում է, որ անհնար է դրանք իրագործել։
Վանաձորի համայնքապետ Մամիկոն Ասլանյանը, մինչդեռ, հակադարձում է. - «Վերահսկողությունը եղել է շատ բարձր մակարդակի, բարձր մակարդակով էլ շարունակվում է, սուբվենցիոն բոլոր ծրագրերն ավարտված են, մտել ենք ավարտական փուլ: Որն ավարտված է, ավարտվել է, որն ավարտվել է, պայմանագրի ժամկետը լրացել է, դրանից հետո արդեն իրենք տույժ-տուգանքի տակ են ընկել այդ կազմակերպությունները, մինչև աշխատանքը դադարեցնեն»:
Մարզպետը հրապարակված տեսանյութում անդրադարձել է նաև Վանաձորում տեղի ունեցող ապօրինաշինություններին։ Նա համոզմունք է հատնել, որ դրանց առնվազն 90 տոկոսը տեղի է ունենում համայնքապետի իմացությամբ։ Պնդել է՝ որևէ քաղաքացի շինարարություն չի սկսում՝ առանց երաշխիք ունենալու, որ հետագայում այդ ապօրինի կառուցված շինությունը կարող է օրինականացնել. - «Այստեղ կարող ենք 2 դիտարկում անել, մեկը նա է, որ հնարավոր է` այդտեղ կան կոռուպցիոն ռիսկեր, դա արվում է որոշակի գումարի դիմաց, մյուսը, երբ որ լիակատար անտարբերություն է: Կարծում եմ, որ համայնքապետարանը չունի այդ կամքը կամ գուցե ցանկությունը, որպեսզի կարողանա պայքարել այդ ապօրինի շինությունների դեմ: Ամեն դեպքում ես ցույց եմ տվել մի քանի ապօրինաշինություն քաղաքի կենտրոնում, և արդեն անցել է բավականին ժամանակ, որևէ գործողություն չի արվել: Եվ նման անգործություն ցուցաբերելու դեպքում չի բացառվում, որ ես նաև դիմեմ այլ քայլերի»:
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը սա ևս հանիրավի մեղադրանք է համարում և պնդում, որ մարզպետի նմանօրինակ հայտարարություններն անտեղյակության արդյունք են. - «Եթե դրա մեջ կա կոռուպցիոն ռիսկ, անօրինականություն, ինչ-որ թաքնված, ստվերային, անօրինական երևույթ, փառք Աստծո, իրավապահ մարմինները կարող են զբաղվել դրանով և յուրաքանչյուր դեպքով տալ իրենց իրավական գնահատականը: Մարզպետը կարա՞ միանգամից համ դատախազ լինի, համ դատավոր, համ մարզպետ, համ հողաշինարար: Տենց չի լինում չէ՞: Եթե օրինակությունից դուրս է, էտ կարող ենք խոսել, թե չէ՞ կներեք, սաղ քաղաքում մենք ո՞ւմ չենք ճանաչում, կամ մեզ, էս ինչին ճանաչում ենք... Բնականաբար, բոլորին էլ ճանաչում ենք, բոլորին էլ գիտենք, որևէ պայմանավորվածություն, որն օրենքից դուրս կարող է լինել, ես երբևէ չեմ անում, չեմ էլ անելու»:
Հաջորդ տարի աշնանը Վանաձորում տեղի կունենան համայնքի ղեկավարի նոր ընտրություններ։ Հեղափոխությունից հետո հանրապետական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը նշում էր, որ ինքը քաղաքականությամբ չի զբաղվում։ 2018 թվականի ԱԺ ընտրություններին որևէ կերպ չաջակցեց իրեն ընդդիմություն հռչակած Հանրապետականին, թեև կուսակցության Վանաձորի շրջանային խորհրդի նախագահն էր։ Համենայն դեպս նման հայտարարություններ արեց և նախընտրական շրջանում այդպես էլ կուսակցության գրասենյակի իր աշխատասենյակում չերևաց։ Փոխարենը ակտիվ մասնակցում էր վարչապետի՝ Հանրապետականի քաղաքական հակառակորդ Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավներին։
2021 թ. ընտրություններից մեկ տարի առաջ Լոռու մարզպետը շեշտում է, որ «դեռևս Հանրապետական կուսակցությունը Վանաձորում իշխանություն է», և որ հանրապետականներն ի դեմս Մամիկոն Ասլանյանի հաջորդ տարի փորձելու են որևէ կերպ վերարտադրվել. - «Լեգիտիմության պակասը և վերարտադրվելու, այսպես ասեմ` շանսերի գրեթե բացակայությունն իրենք զգալով` փորձում են իրենց լեգիտիմության պակասը լրացնել այլ մանիպուլյացիաներով»:
Համայնքապետը չի հերքում, որ հաջորդ տարի մտադիր է մասնակցել ընտրություններին` նշելով, թե դեռ նախագծեր ունի իրագործելու Վանաձորի համար, բայց չի մանրամասնում, թե քաղաքական ինչ ֆորմատով կլինի իր մասնակցությունը. - «Նախընտրական կեղծ քարոզարշավ սկսելով հո չի, ի՞նչ ա լիազորություններն ենք չարաշահում մեկս մյուսիս, որ ասեմ: Ի՞նչ քարոզարշավ, ի՞նչ ընտրություններ, երբ որ ժամանակը կգա, ընտրական ստարտը կտրվի, այն ժամանակ մարդիկ էլ կկողմնորոշվեն, մենք էլ, մյուսներն էլ կկողմնորոշվեն` ինչ ենք անելու, ոնց ենք անելու, այսօր մենք մեր սովորական աշխատանքային ռիթմով աշխատում ենք առանց ընտրությունների մասին մտածելու»: