Մատչելիության հղումներ

Անուշավանի բնակիչների հիմնական խնդիրը ոռոգման ջուրն է, մարզպետին առաջարկում են փակ համակարգ կառուցել


2 ամիս առաջ Շիրակի մարզպետի պաշտոնը ստանձնած Հովհաննես Հարությունյանը սկսել է գյուղական համայնքներ այցելել՝ տեղում հենց գյուղացիներից լսելու նրանց խնդիրների մասին։ Իսկ խնդիրները քիչ չեն. Անուշավան համայնքի բնակիչների հիմնական գլխացավանքը ոռոգման ջուրն է: Ոռոգովի ցանքատարածություններն անջուր են մնում, առաջարկեցին՝ ոռոգման փակ համակարգ կառուցել:

«Այդ նույն ջուրը փակ համակարգով եթե մեզ տան, ուրեմն 3-4 անգամ հնարավոր է, բայց օրինակ` մեր թաղամասն ընդհանրապես ոռոգման ջրի երես չի տեսնում, էս 10-15 տարի է` չունենք ջուր»:

70-ամյա Մկրտիչ Մովսիսյանը այգեգործությամբ է զբաղվում: Ասում է՝ եթե ոռոգման ջրի հարցը լուծվի, և հնարավորություն ստեղծվի կա՛մ այգու բերքը ապահովագրել, կա՛մ լրացուցիչ հակակարկտային կայաններ ստեղծել, այգին կկարողանա մեծացնել. «Դե եթե կարկտակայանն օգնի, ընդհանուր ծավալով պաշտպանվի, որոշ մարդիկ ռիսկ կենեն էլի: Էն տեսակի ծառերն ենք մշակում, որ Հայաստանում անգամ չկա էլ էտ ծառատեսակները, ունեմ, էտ տեսականին էլ ունեմ, բայց դե չեմ կարողանում ռիսկով ամեն ինչը, ծավալը մեծացնեմ, բերքատվությունը շատան, կամ էլ որ շատացավ, հանձնելու տեղը սպառման արդեն կարիք կեղնի»:

Անուշավանի համայնքապետ Երվանդ Հակոբյանն ասում է՝ ժամանակին հաշվարկ է արվել, ոռոգման համակարգի կառուցման գումարը 1 մլրդ դրամից ավելի է գնահատվել։ Թանկ են համարել, նոր հաշվարկ են արել, ու գումարը 1 միլիարդից 400 մլն դրամ է իջել. «Կարելի է մի քանի անգամ ոռոգում կազմակերպել, հիմա այս պահի դրությամբ օգտվում ենք գետով` բաց տարածքով, 70-80 տոկոս կորուստն էլ ծայրամասի համայնքը, վերևի համայնքի բնակիչները մշտապես օգտվել են իրենց աշխարհագրական դիրքից, ճնշած են պահել, ընդամենը 4, թե 5 օր է, որ ոռոգման ջուրը բաց են թողնում: Շատ մեծ դժվարությամբ ենք ոռոգում կազմակերպում, շատ կարևորություն եմ տալիս, փակ համակարգի դեպքում ընդհուպ պատրաստ ենք ներդրում անենք, որպեսզի այդ ծրագիրը կյանքի կոչվի: 280 հեկտարից ավելի հողեր ունենք, որ կոլխոզի ժամանակ մշակաբույսեր են մշակել և շատ մեծ բերք են ստացել: Հիմա այդ բոլոր հողերը խոտանքի նման մի բան են»:

Հողի հարկի գանձման հարցում էլ խնդրի առաջ են կանգնել: Բազայում անճշտությունները շատ են. բնակիչը շահում է, համայնքը տուժում է: Համայնքապետը մարզպետին բացատրեց, թե որն է խնդիրը. «Շատ տարօրինակ բան է տեղի ունեցել, այսինքն` բնակիչը ստացել է, ենթադրենք, երկու հողաբաժին, որը կազմում է 1,43 հեկտար, դրա վերաբերյալ ունի կեսի մի մասի սեփականության իրավունքի վկայականը, որը գրանցել է Կադաստրի պետական կոմիտեում, մի մասը անճշտությունների պատճառով չի գրանցվել: Հիմա, ենթադրենք, բնակիչը 7500 դրամ ամբողջ տարվա հողի հարկ է տալիս, բազայում երևում է 3000 դրամ: Ի՞նչ ենք անելու, բա մնացած 3500 դրամը ո՞նց է մուտք լինելու: Սա լուրջ խնդիր է»:

Համայնքապետի խոսքով՝ հողի կադաստրային վկայականներ ունենալու պարագայում խնդիրը կլուծվի: Դժգոհեցին նաև ճանապարհների վիճակից: Անուշավանում սուբվենցիոն ծրագրով այս տարի 2 փողոց կտուֆապատվի, բայց Արթիկից Անուշավան տանող քարուքանդ ճանապարհը փոսալցման հույսին կմնա:

Մարզպետ Հովհաննես Հարությունյանից հետաքրքրվեցի՝ հետպատերազմական իրավիճակի պատճառով արդյոք սուբվենցոն ծրագրերի կրճատումներ կան:

«Այս պահի դրությամբ դեռ վերջնական չէ, բայց շատ փոքր քանակություն կարող է լինել, ընդամենը ծրագրային կամ գերակայությունների ուղղություններով: Այս տարի մոտավորապես մոտ 4 միլիարդի ընդհանուր նախատեսվում է սուբվենցիոն ծրագրեր իրականացնել: {Ուղղությունները} տարբեր են, ունենք և՛ ֆոտովոլտային կայանների շատ մեծ ծրագիր, որն իրականացվելու է Գյումրի համայնքում, ունենք և՛ ճանապարհների վրա, և՛ ունենք նաև համայնքային ենթակառուցվածքների վերանորոգման` կարկտակայաններ, տարբեր տեսակի ծրագրեր», - տեղեկացրեց մարզպետը:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG