Այսօր խորհրդարանում միջադեպ տեղի ունեցավ ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանի և Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի միջև։
Ազգային ժողովը քննարկում էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված և պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ստեղծված քննիչ հանձնաժողովի անդամների թիվը։
Նշելով, որ պատերազմի առաջին օրերից հիմնադրամը նախաձեռնեց «Մենք ենք մեր սահմանները» խորագրով համազգային դրամահավաք-արշավ, որի ընթացքում հավաքագրված միջոցների շուրջ 52 միլիարդ դրամը հետագայում փոխանցվեց պետական բյուջե, քննիչ հանձնաժողովի նախաձեռնող կողմի ներկայացուցիչ Հայկ Մամիջանյանը մտահոգություն հայտնեց՝ պետական միջոցները ծախսվել են ոչ արդյունավետ։
Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը հակադարձեց՝ «մտածված քաղաքականություն է վարվում՝ վարկաբեկելու այս հիմնադրամը»։ Խաչատրյանը սա «սրիկայություն» որակեց։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ արձագանքելով՝ հայտարարեց՝ «սրիկայությունը շատ օրինակներով կարելի է ասել, բայց Արցախ ուրացողը դավաճան է, դավաճանություն է, ոնց որ քիչ առաջ ելույթ ունեցողը լրատվամիջոցների առաջ էր Արցախն ուրացել»։
Նիստը վարող Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նախ կոչ արեց էթիկայի կանոնները չխախտել, ապա պահանջեց անուններով խոսել․ - «Դուք նոր ինչ-որ մեկին մեղադրում էիք Արցախն ուրանալու մեջ, անո՛ւն տվեք»։
«Բառացի կբերեմ Վիգեն Խաչատրյանի խոսքը, դրանից հետո կխոսեք», - պատասխանեց Մանուկյանը։
«Դուք Վիգեն խաչատրյանին դավաճա՞ն եք անվանում», - հարցրեց Ռուբինյանը և կարգադրեց անջատել Մանուկյանի խոսափողն ու պատգամավորին էլ ամբիոնը լքելու կոչ արեց։ Վերջինս շարունակեց ելույթը անջատված բարձրախոսի պայմաններում։ Ռուբինյանը ներս հրավիրեց անվտանգության աշխատակիցներին, վերջիններս պատգամավորին թևերից բռնած հեռացրեցին ամբիոնից, 20 րոպե ընդմիջում հայտարարվեց։