Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանի պահանջած` «Հայաստան» համահայկական հիմնադրամի աուդիտի արդյունքները կլինեն օգոստոսին


«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանն ու հիմնադրամի նախագահ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը, արխիվ
«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանն ու հիմնադրամի նախագահ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը, արխիվ

«Հայաստան» համահայկական հիմադրամում նախագահ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանի պահանջած աուդիտի արդյունքները պարզ կդառնան օգոստոսին։ Այս մասին այսօր Գյումրիում լրագրողներին հայտնեց հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը։

«Հոգաբարձուների խորհրդի որոշմամբ առանձին մի հանձնաժողով էր ստեղծվել հոգաբարձուների խորհրդի անդամներից, և այդ հանձնաժողովն արդեն իր կարծիքն ունի ձևավորած, նաև աուդիտն իր կարծիքն ունի ձևավորած: Այդ ամեն ինչը կներկայացվի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին, և հոգաբարձուների խորհրդի ընթացքին, որոշումներին բոլորդ տեղյակ կլինեք, որը կարծում եմ` օգոստոս ամսվա մեջ տեղի կունենա, այսինքն` Ֆինանսների նախարարությունից ունենք հաշվետվություն, թվերի, մուտքերի և կառավարության որոշումներին համապատասխան, այդ հաշվետվությունը նայել է նաև աուդիտը, նայել է աշխատանքային խումբը, որը հոգաբարձուների խորհրդի անդամներն են, նաև ես եմ այդ հանձնաժողովում: Նայվել է, աուդիտն ունի իր ձևավորած կարծիքը, ուստի կարծում եմ` այդ հարցը հոգաբարձուների խորհրդի որոշումներով կավարտվի: Իսկ հետո երբ որոշումը կայացվի, հանրությունն անպայման կտեղեկանա: Հիմա ուղղակի աշխատանքային պրոցես է», - մանրամասնեց Արշամյանը:

44-օրյա պատերազմի ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամ հանգանակած գումարների մի մասի` ավելի քան 52 միլիարդ դրամը նվիրատվության ձևով փոխանցվեց կառավարությանը, և պատերազմից հետո այդ թվում` հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներից քննադատություններ հնչեցին, թե գումարները ոչ նպատակային են ծախսվել: Նախագահը դեռ դեկտեմբերին էր պահանջել, որ հիմնադրամի միջոցներով կատարված ծախսերի վերաբերյալ կառավարությունը պետք է հստակ, մանրամասն և թափանցիկ հաշվետվություն ներկայացնի, ընդ որում, դա անի առավելագույնս հրապարակային: Աուդիտ անցկացնելու նախագահի պահանջից ութ ամիս է անցել։

Հայկակ Արշամյանն այսօր էլ հնչեցված քննադատություններն անհիմն է որակում. «Հիմնադրամը շատ անտեղին է քննադատության ենթարկվել, և ինքն ավելի շատ ուղղակի դարձավ արշավ ընդդեմ հիմնադրամի և արշավ ընդդեմ ի վերջո դրանով նաև սփյուռքի, նաև այն բարերարների` մեծ և փոքր, կապ չունի` ով ինչքան գումար է տվել, այդ մարդկանց, քան իրականությունը կար»:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը մինչև պատերազմը Գյումրիում սոցիալական բնակարանների կառուցման նախաձեռնությամբ հանդես եկավ, նաև դրամահավաք կազմակերպվեց: 2 մլն դոլարի շրջանակներում Գյումրիում 36 սոցիալական բնակարան կկառուցվի և 50 տեղանոց մանկապարեզ: Հանգանակությունների աշխարհագրությունը մեծ է՝ Ֆրանսիայից մինչև Միացյալ Նահանգներ ու Եգիպտոս, նաև տեղի գործարարներն են գումարներ նվիրաբերել։

Բնակարանները նախատեսվում է շահագործման հանձնել հաջորդ տարի։ Շահառուների ընտրության հարցում չափորոշիչներ են սահմանվել. «Անօթևանների մասին է խոսքը, ովքեր դոմիկներում են ապրում, ովքեր ժամանակին տուն չեն ստացել և վաճառել, այսինքն` այդ ընտրությունը շատ հստակ է լինելու: Այո, հիմնականում նպատակը այս ծրագրի Գյումրին դոմիկներից ազատելն է:

Փորձենք նաև ընդհանուր առմամբ բնակարանների հանձնման գործընթացը որքան հնարավոր է` բաց և թափանցիկ կազմակերպել, ամենակարիքավորները կընտրվեն, նաև եթե մարդկանց, ընտանիքների քանակը շատ լինի, թիվը բարձր լինի, նաև վիճակահանության հարցը կդնենք, որպեսզի դժգոհություններ չլինեն հետագայում»:

Առաջիկայում շինհրապարակը կընդլայնվի, և ևս 2 շենք կկառուցվի: Հայկակ Արշամյանը նշեց, որ կախված կառուցվող բնակարանների թվից կառուցվելիք 2 շենքերում 44-օրյա պատերազմի մասնակիցերից ոմանք բնակարան կստանան. «Մի լավ լուր ունեմ` նաև ծրագիր ունենք ևս 2 շենք հենց այստեղ կառուցելու, այդ շենքերի բնակարանների մի մասը նաև կտրվի վերջին պատերազմում հաշմանդամություն ստացած մեր զինծառայողներին, որոնք էլի ունեն նույն կարգավիճակը` անօթևան են, սոցիալապես անապահով են, բազմանդամ ընտանիք ունեն: Կփորձենք այդ մյուս շենքերը, եթե կարողանանք մի քիչ ավելի բարձր հարկայնություն ապահովել, ավելի հնարավոր է 60 բնակարան ստանանք այնտեղ, որից գոնե 25-ը կհանձնենք վերջին պատերազմի մասնակիցներին:

Մի շենքն ամբողջովին Միացյալ Նահանգների մեր տեղական մարմնի հավաքագրված գումարներով կֆինանսավորվի, իսկ մյուս շենքն ամենայն հավանականությամբ Նիդեռլանդների մեր տեղական մարմնի գումարներով», - ասաց հիմնադրամի տնօրենը:

Համահայկական հիմնադրամի միջոցներով Գյումրիում երկրաշարժից հետո բավականին մեծ թվով բնակարաններ են կառուցվել: Սոցիալական բաղադրիչով առաջինն է:

XS
SM
MD
LG