Այսօր Մոսկվայում մեկնարկելու է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի եռակողմ հանձնաժողովի հերթական նիստը, օրակարգում տարածաշրջանում տրանսպորտային ուղիների վերաբացման հարցն է։
Հատկանշական է, որ հանդիպման նախօրեին Ադրբեջանը որոշեց վերադարձնել հայաստանցի ևս հինգ ռազմագերիների։
Հայաստանի արտահանողների միության ղեկավավար Րաֆֆի Մխջյանի խոսքով, անշուշտ, ճանապարհների, հատկապես՝ երկաթուղու վերագործարկումը կարևոր է արտահանումների և ընդհանրապես՝ ողջ տնտեսության համար, սակայն պակաս կարևոր չէ, թե ինչ գնով։
«Ամենանվազագույն բանը՝ էսօր Լարսում, արդեն վերջին 10-15 օրերի ընթացքում, հսկայական կուտակումներ ունենք, և եթե այսօր բացվում է մի ալտերնատիվա Լարսի, ոնց կարող է պատահի՝ մենք չօգտվենք դրանից, 100 տոկոս կօգտվենք, բայց, նորից եմ կրկնում, դա ի՞նչ գնով է լինելու», - ասաց Մխջյանը։
Երեք երկրների փոխվարչապետեր Ալեքսեյ Օվերչուկի, Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանդիպումների ձևաչափը ստեղծվեց այս հունվարի 11-ին Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածության արդյունքում։
44-օրյա պատերազմից հետո առաջին անգամ հանդիպելով՝ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը Մոսկվայում համատեղ հայտարարություն տարածեցին, ըստ որի, երեք պետությունների փոխվարչապետերից կազմված աշխատանքային խումբը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը միտված քայլերի ցանկ կկազմի, բացի այդ կստեղծվեն ոլորտային փորձագիտական ենթախմբեր։
Մոսկովյան այսօրվա հանդիպմանը նախօրեին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝նշելով, թե երկաթգծի ապաշրջափակման հարցում կա որոշակի հստակություն։
«Այո՛, մենք որոշակի պատկերացումներ ձևավորել ենք երկաթուղու մասով, մենք որոշակի պատկերացումներ և նախնական պայմանավորվածություններ ունենք, առ այն, որ կարգավորումներն ապաշրջափակման հետ կապված իրականացվելու են ԱՊՀ երկրների իրավական բազայի կարգավորումների շրջանակներում», - ասաց փոխվարչապետը։
Հայաստանի փոխվարչապետի փոխանցմամբ՝ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում քննարկում են խորհրդային տարիներին գործող բոլոր երկաթգծերի վերականգնումը՝ չհստակեցնելով, թե դրանցից որ մեկի վերագործարկումն է առաջնային այսօրվա օրակարգում։
Խորհրդային Միության ժամանակ Հայաստանը Ադրբեջանի հետ երկաթուղով ու ավտոճանապարհով կապվում էր երկու ուղղություններով՝ Երևան-Նախիջևան-Մեղրի, այնտեղից էլ դեպի Բաքու, և Երևան-Իջևան-Ղազախ՝ այնտեղից էլ դեպի Բաքու կամ Թբիլիսի։