Մատչելիության հղումներ

Վարչապետը հաստատեց՝ Էյվազլին ու Չայզամը Հայաստանի Հանրապետության տարածքում չեն


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` Գորիս-Կապան ճանապարհահատվածին ստեղծված իրավիճակի չորրորդ օրը, առաջին անգամ խոսելով այս մասին, հաստատեց՝ Էյվազլին ու Չայզամը Հայաստանի Հանրապետության տարածքում չեն։ Եվ ինքը ավելի վաղ կառավարության նիստին հատուկ է ադրբեջանական տեղանունները օգտագործել այդ փաստը ընդգծելու համար։

Այս հայտարարության հիմքում Խորհրդային Միության քարտեզներն են, որոնցով Հայաստանն անդամակցել է ՄԱԿ-ին, ինչպես նաև դեռ 2010 թվականին ԱԺ -ի ընդունած Վարչատարածքային բաժանման մասին օրենքը։

«Ուզում եմ կրկին հիշեցնել 2010 թվականին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունված Վարչատարածքային բաժանման մասին օրենքը, որտեղ հստակ արձանագրվում է, որ մասնավորապես, Շուռնուխ և Որոտան գյուղերի վարչական սահմանները համապատասխանում են հայ-ադրբեջանական սահմանին: Եվ տվյալ դեպքում պիտի արձանագրեմ նաև, որ այս իրողությունն է, և Խորհրդային Միությյան ժամանակ, մասնավորապես, այդ հատվածում Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի գոյություն ունեցած վարչական սահմանն է, որը հետագայում արդեն վերածվել է պետական սահմանի: Այս իրողությունն է ընդունվել որպես հիմք: Հիմա այդ նույն տրամաբանությամբ - եթե հիշում եք, նաև ՀՀ պաշտպանության նախարարությունն այդ թեմայով հաղորդագրություն է տարածել - և այդ հատվածներում երկու տեղ Գորիս-Կապան ավտոճանապարհը դուրս է գալիս Հայաստանի Հանրապետության կամ Խորհրդային Հայաստանի վարչական սահմանից, և նաև այս հանգամանքի բերումով է, որ ժամանակին ձեզ հայտնի տեղերում հայտնվել են մեզ հայտնի ցուցանակները և մեզ հայտնի հենակետերը»,- շեշտեց նա:

Փաշինյանի մատնանշած Գորիս-Կապան ավտոճանապարհի այդ 21 կիլոմետրանոց հատվածում են ադրբեջանցիները արդեն չորրորդ օրն անցակետ դրել ու տուրք են պահանջում իրանցի վարորդներից։ Հայաստանի վարչապետը կարծում է՝ Ադրբեջանի նպատակը ոչ թե նոյեմբերի 9-ի փաստաթղթում ամրագրված ապաշրջափակումն է, այլ միջանցք ստանալը։ Ի դեպ, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերից անկատար են շարունակում մնալ գերիների վերադարձի և հաղորդակցության ուղիների բացման դրույթները։ Եվ մինչ Ադրբեջանը պարբերաբար խոսում է Զանգեզուրի միջանցքի մասին, Հայաստանը հակադարձում է, թե միջանցքի հարց չի քննարկվում, կա ապաշրջափակման հարց:

«Հայաստանի Հանրապետությունը, ընդունելով, որ տարածաշրջանի կոմունիկացիաները պիտի բացվեն, այնուամենայնիվ արձանագրում է, որ օտարերկրյա բեռները ՀՀ տարածքը հատելիս, այդ թվում` Ադրբեջանի արևմտյան շրջաններից դեպի Նախիջևանի ինքնավար հանրապետություն գնալիս պետք է հատեն մաքսային, անձնագրային և այլ կետեր, ինչպես սահմանված է ԱՊՀ երկրների միջև տրանսպորտային հաղորդակցությունն ապահովող իրավապայմանագրային բազայում», - ընդգծեց Հայաստանի ղեկավարը:

Փաշինյանը հայ-ադրբեջանական սահմանագծի երկայնքով տեղի ունեցող իրադարձությունները դիտարկում է, իր խոսքով, դեռ 2020 թվականի դեկտեմբերից սկսված ՀՀ ԶՈՒ դիրքերը Խորհրդային Միությունից ժառանգած սահմանների հետ համապատասխանեցնելու համատեքստում. «Եվ այդ գործընթացն իրականացվել է ռազմական նոր էսկալացիայից խուսափելու համար, և ես մանրամասն մեր մոտիվացիաները ներկայացրել եմ նախորդող շրջանում նախորդ օրը իմ ունեցած հեռուստաուղերձում»:

Դեկտեմբերին Փաշինյանը երկու հեռուստաուղերձ է ունեցել` 5-ին և 14-ին։ Առաջինը մոտ կես ժամ տևողությամբ է, որի միայն 20 րոպեին Հայաստանի ղեկավարը մոտ կես րոպե խոսում է այդ մասին. «Խոսքը տվյալ դեպքում հայաստանյան հատվածի մասին է, Արցախի պարագան առանձին խնդիր է: Մեր սահմանի մոտակայքում տեղի ունեցող այդ պրոցեսները, իհարկե, մարդկանց ընկալումներում լուրջ խնդիրներ են առաջացնում, տարբեր տիպի գործնական խնդիրներ նույնպես կան, բայց այդ խնդիրներն անլուծելի չեն, և դրանց լուծման վրա մենք աշխատում ենք», - ասել էր նա իր ուղերձում:

Եվս մեկ անդրադարձ Հայաստանի Հանրապետության սահմանների ճշգրտմանը Փաշինյանն արել է դեկտեմբերի 14-ի ուղերձում. «Բանակցությունների ընթացքում եղել է ըմբռնում, որ այդ հատվածում պետք է տեղի ունենա սահմանային գծերի ճշգրտում, ինչը առաջիկա շաբաթվա ընթացքում պետք է իրականացվի: Այստեղ կան մեզ համար զգայուն հարցեր, և այդ հարցերի կառավարման շուրջ տեղի են ունենում ինտենսիվ բանակցություններ, բայց կրկին ուզում եմ ընդգծել, որ նոյեմբերի 9-ի հայտարարության իրագործման որևէ փուլում Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները մնացել են և կմնան անձեռնմխելի, այսինքն` ՀՀ սահմանների անխախտելիության սկզբունքը որևէ կերպ չի կարող կասկածի տակ դրվել»:

Ինչո՞ւ է ընտրվել հենց այս օրենքը

Հայ-ադրբեջանական սահմանի հստակեցման՝ դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին այսօր խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հարց բարձրացրին նաև ընդդիմադիր պատգամավորները։ «Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանը հարցրեց` ինչո՞ւ այդ մասին չէր խոսում 44-օրյա պատերազմից առաջ, երբ Հայաստանի դիրքերն ավելի ամուր էին:

«Նաև ինձ համար անհասկանալի է, թե ինչո՞ւ է վեճի կարգավորման յուրիսդիկցիա ընտրվել ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, այլ ոչ թե օրինակ` պետական անկախության վերականգնման վերաբերյալ ադրբեջանական հանրապետության 91 թվականի հոկտեմբերի 18-ի սահմանադրական ակտը», - հարցրեց պատգամավորը:

Ընդդիմադիր պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը Փաշինյանի հայտարարությունը վտանգավոր համարեց ու հարցրեց. «Ձեզ չի՞ հետաքրքրում Հայաստանի տնտեսական անվտանգությունը։ Մինչև ե՞րբ են ադրբեջանցիները մնալու այս տարածքում, և ի՞նչ քայլեր եք ձեռնարկում»:

«Բարդ խնդրի առաջ ենք կանգնած, փաստ է», - արձագանքեց փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը:

Ադրբեջանական կողմը այս իրադարձությունները նաև Ղարաբաղի հետ է կապում, Բաքուն պատժում է Իրանին՝ ապօրինի կերպով Ղարաբաղ մտնելու համար, նախօրեին հաղորդել էր «Թուրան» գործակալությունը, մանրամասնելով՝ վերջին օրերին սոցցանցերում տեսանյութեր են հայտնվել, որտեղ երևում է՝ ինչպես են Իրանին ու այլ երկրների պատկանող բեռնատարները մտնում ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքներ առանց Բաքվի թույլտվության։ Ադրբեջանական աղբյուրները հաշվել էին՝ անցած մեկ ամսում նմանատիպ 58 տրանսպորտային միջոց է այդ ճանապարհով Ղարաբաղ մտել։

Բաքուն չպետք է այս իրավիճակը հանդուրժի, «Ազատության» ադրբեջանական ծառայությանն ասել է Բաքվում գործող վերլուծական կենտրոններից մեկի ղեկավար Իսմայիլ Իսմայիլին. «Եթե խաղաղապահները գազի կարիք ունեն, Ադրբեջանը կարող է այն տրամադրել։ Գիտեմ, որ Իրանը ավելի ցածր գին է առաջարկում, բայց մենք էլ կարող ենք մեր ապրանքը էժանացնել։ Այդ բեռնափոխադրումները հակասում են միջազգային օրենքին ու խախտում են սահմանային կանոնները»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG