Մատչելիության հղումներ

Փորձագետի կարծիքով` եթե Գորիս-Կապանը բացվի էլ, միշտ փակելու պատրվակ Ադրբեջանը կգտնի, նոր ճանապարհներ են պետք


Եթե Գորիս -Կապան ճանապարհը բացվի հայկական կողմից ինչ-որ բան զիջելու գնով, պետք չէ, որ այն բացվի, ասում է «Անի» կենտրոնի փորձագետ Թաթուլ Հակոբյանը:

«Հիմա Ադրբեջանը բացի, մեզանից մի բան պոկի, հետո փակի, նորից մի բան պոկի, հետո այսպես շարունակ: Մենք պետք է ունենանք մեր ճանապարհները, և կառավարությունն, այո, շատ ուշացնում է, որ նոր է այդ մասին խոսում: Պետք էր ամբողջ ռեսուրսներն ուղղել հենց այդ նպատակին, պետք է ամբողջ երկիրը ոտք կանգներ, և խորհրդարանում դատարկ հայրենասիրական ճառերից ու իրար վրա շշեր նետելուց պետք էր մտածել, թե ինչպես անենք, որպեսզի ապահովենք Հայաստանի քաղաքացիների, Հայաստանի Հանրապետության անվտանգությունը», - նշում է նա:

Երրորդ օրն է` ադրբեջանական զինուժը Գորիս-Կապան միջպետական մայրուղու երկու հատվածներ փակ է պահում, մի շարք համայնքների բնակիչներ մարզկենտրոն ու մայրաքաղաք չեն կարող հասնել ասֆալտապատ ճանապարհով: Հայ, ռուս և ադրբեջանցի սահմանապահների միջև բանակցություններ են գնում, պարզ չէ, թե Ադրբեջանն ինչ պայմաններ է առաջ քաշում, բայց որպես պատճառ նշվում է, թե հայ զինծառայողները սվինահարել են ադրբեջանցի սահմանապահի։

Թաթուլ Հակոբյանը վստահ է՝ Ադրբեջանը միշտ միջադեպ կստեղծի, որովհետև փորացավ ունի՝ անկլավների հարց, սահմանների ճանաչում, միջանցք. «Ինքը հստակ հայտարարել է, հայտարարում է, որ այդ ճանապարհը ժամանակավորապես է Հայաստանն օգտագործում: Մենք բոլորս գիտենք, որ կողմերը մեր պարտությունից հետո վերադարձել են խորհրդային ժամանակների քարտեզներին մոտավորապես, և մենք ունենք ճանապարհներ, որոնք անցնում են Ադրբեջանի բերանի պռնկով կամ մտնում են Ադրբեջանի տարածք»:

Այս դեպքում, ըստ փորձագետի, Ադրբեջանը ցանկանում է Հայաստանի վրա ճնշում բանեցնելով միջանցք ստանալ դեպի Նախիջևան ու Թուրքիա, ընդ որում այդ երկրին ավելի գրավիչ է թվում ոչ թե Ղազախ-Իջևան-Դիլիջան տարբերակը, այլ Սյունիքինը՝ Հորադիզ-Զանգելան Մեղրիիից մինչև Նախիջևան:

«Եթե պետք է տեղի ունենա ապաշրջափակում, ապա հասկանալի է, որ հատուկ ճանապարհներ անհրաժեշտ չեն, և ինչպես մենք ենք օգտվում օրինակ` Վրաստանի տարածքից Ռուսաստանի հետ կապվելու համար, նույն ձևով Ադրբեջանը կարող է կապվել, բայց կրկնում եմ` Ադրբեջանը, զգալով Հայաստանի թույլ դիրքը, փորձում է նաև պոկել Հայաստանից սուվերեն տարածք, որպեսզի ինքը կապվի Նախիջևանի և Թուրքիայի հետ առանց Հայաստանի մաքսային և սահմանապահ կետերի հետ գործ ունենալու», - նշում է նա:


Թաթուլ Հակոբյանի տպավորությամբ` ռուսական կողմի համար թե՛ անկլավների վերադարձի հարցը, միջանցք, թե՛ պարզապես ապաշրջափակում, միևնույն է: Սյունիքի ճանապարհներին են կանգնած ռուս խաղաղապահները, արդեն Ոսկեպարում են, գուցե հետո Տիգրանաշենում կկանգնեն: Որքան շատ լինեն նրանք, այնքան մեծ կլինի ռուսական ազդեցությունը Հայաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի վրա. «Միակ ուժը, որին վստահում է հայկական կողմը, ռուս խաղաղապահներն են, և ինչքան շատ ռուս խաղաղապահներ լինեն այս տարածաշրջանում, կոնկրետ Հայաստանում, Ռուսաստանի շահերից է բխում: Դրանով ինքը կարողանալու է ավելի ամբողջական վերահսկողություն իրականացնել Հայաստանի նկատմամբ, բայց նաև դրանով ինքը լծակներ է ունենալու և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի վրա»:


Թաթուլ Հակոբյանը շեշտում է՝ հայրենասիրական տեքստեր կարելի է ասել, հընթացս հատորներ գրել այս իրավիճակի պատասխանատուների մասին, բայց առաջարկում է լուծումներ գտնել: Դա այս պահին, ըստ փորձագետի, նոր ճանապարհներն են. եթե Գորիս-Կապանը բացվի էլ, միշտ այն փակելու պատրվակ Ադրբեջանը կգտնի։

Ըստ Վիրաբյանի` առանց մարտերի ու կրակոցի կենսական նշանակության ճանապարհը հանձնվեց

Ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածը վիճահարույց դարձավ այս պատերազմից հետո, երբ Կուբաթլուն ու Զանգելանն Ադրբեջանին հանձնվեցին, ու ստացվեց` ճանապարհը տեղ-տեղ անցնում է Ադրբեջան դարձած տարածքներով։

Պատմական գիտությունների դոկտոր, Հայաստանի ազգային արխիվի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանի գնահատմամբ՝ առանց մարտերի ու կրակոցի կենսական նշանակության ճանապարհը հանձնվեց. «Ինչո՞ւ ամսի 9-ին գիտակցելով, որ դա այս պահին կենսական նշանակություն ունեցող ճանապարհ է, պայման չդրվեց, որ այդ ճանապարհը մնում է հայկական հսկողության տակ, հայկական ուժերի, Հայաստանի Հանրապետության իրավասության ներքո, այդպիդի բան չեղավ, և ադրբեջանցիներն էլ հասան կարևոր ճանապարհի սահմանին, կանգնեցին սահմանի վրա»:

Ամատունի Վիրաբյանի տեղեկացմամբ՝ Գորիս-Կապան ճանապարհը սահման է դարձել 1920-ականներին, բայց շեշտում է ոչ թե պետական, այլ վարչական սահման միութենական երկու հանրապետությունների միջև: Այդ ժամանակ ըստ Վիրաբյանի՝ սահմանները գծվում էին լեռնագագաթներով ու գետերով, եթե գետ չկա, ճանապարհով, ընդ որում, մի ափը` Ադրբեջանին, մյուսը` Հայաստանին. «Այդտեղ եղել է մի փոքր ճանապարհ, հետո է այդ ճանապարհն ընդլայնվել, և ահա սահմանը 21 կամ 20 կմ որոշել են անցկացնել այդ ճանապարհով, որովհետև խնդիրն ինչումն էր, ոչ թե դա պետական սահման էր, դա վարչական սահման էր, այդ ճանապարհը ե երկուստն էլ կարող էին օգտագործել: ԱՄբողջ խնդիրը նա է, որ հետագայում երբեք չեն մտածել` մինչև 1988-1990 թվականները, որ այդ ճանապարհը խնդիր է դառնալու»:

Պատմաբանն էլ է վստահ՝ միակ ելքն այս պահին սահմանից հեռու նոր ճանապարհներն են:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG