Հոկտեմբերի 15-ին, ժամը 09։00-ի սահմաններում, ադրբեջանական Զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Արցախի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված Պաշտպանության բանակի ստորաբաժանման սանիտարական մեքենայի ուղղությամբ, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։
Հայկական կողմից տուժածներ չկան։ Դեպքի վերաբերյալ տեղեկացվել է Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը։
Արցախի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ շարունակում է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը և կոչ է անում ադրբեջանական կողմին նույնպես ձեռնպահ մնալ իրադրությունն ապակայունացնող գործողություններից:
Արցախի պաշտպանության նախարարությունը գիշերն էլ հաղորդեց, որ ադրբեջանական զինված ուժերը երեկ երեկոյան կրակ են բացել Արցախի արևելյան սահմանագոտում տեղակայված Պաշտպանության բանակի մարտական հենակետի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել 6 զինծառայող:
Կեսգիշերից քիչ անց հաղորդվեց, որ իրավիճակը շփման գծի ողջ երկայնքով կայունացել է, հայկական կողմը դիրքային ու տարածքային կորուստներ չունի: