Ադրբեջանի նախագահը Հայաստանին և Իրանին մեղադրել է իր երկրի տարածքով դեպի Եվրոպա թմրանյութեր փոխադրելու մեջ:
«Ադրբեջանը Իրանի հետ 130-կիլոմետրանոց պետական սահմանը վերականգնելուց հետո, որը նախկինում 30 տարի Հայաստանի վերահսկողության տակ էր, արգելք դրեց թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը Իրանից Ադրբեջանի Ջաբրայիլի շրջանով դեպի Հայաստան և հետագայում Եվրոպա», - այսօր ելույթ ունենալով ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հեռավար նիստին՝ հայտարարել է Իլհամ Ալիևը՝ առանց փաստեր վկայաբերելու։ Նա միայն նշել է, թե ադրբեջանա-իրանական սահմանին ադրբեջանական կողմի առգրաված հերոինի ծավալները վերջին մեկ տարում կրկնակի ավելացել են։
«Հայաստանը Իրանի հետ դավադրությամբ Ադրբեջանի օկուպացված տարածքներն օգտագործել են դեպի Եվրոպա թմրանյութ փոխադրելու համար», - պնդել է Ալիևը։
Պաշտոնական Թեհրանը դեռևս չի արձագանքել այս մեղադրանքներին։