Մատչելիության հղումներ

«Դուրս չենք գալիս խաղադաշտ, որ ոչ-ոքի խաղանք». Ռումինիա-Հայաստան խաղին ընդառաջ


Այսօր երեկոյան Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կանցկացնի Աշխարհի 2022թ. առաջնության ընտրական փուլի հերթական հանդիպումը: Հայաստանի ընտրանին Բուխարեստում ուժերը կչափի Ռումինիայի թիմի հետ, որին գարնանը Երևանում հաղթել է 3:2 հաշվով:

«Մենք դուրս չենք գալիս խաղադաշտ, որպեսզի ոչ-ոքի խաղանք, կփորձենք անպայման հաղթել, որովհետև այս հանդիպումը մեզ համար շատ կարևոր է, որպեսզի մեծ շանսեր ունենանք մյուս ամսվա խաղերի համար», - հանդիպումից առաջ տեղի ունեցած նախախաղային ասուլիսին ասաց հավաքականի պաշտպան Տարոն Ոսկանյանը:

Օրերս Հայաստանի ազգային հավաքականը Ռեյկյավիկում ոչ-ոքի՝ 1:1 ավարտեց հանդիպումը Իսլանդիայի ընտրանու հետ: Այս հանդիպումից հետո Հայաստանի հավաքականը 12 միավոր ունի և J խմբի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականից իջավ երրորդը: Աղյուսակը շարունակում է գլխավորել Գերմանիան, որը երկրորդ տեղում Հյուսիսային Մակեդոնիան է, չորրորդում` Ռումինիան, Իսլանդիան և Լիխտենշտեյնը նախավերջին և վերջին տեղերն են զբաղեցնում:

Հավաքականը երկու օր առաջ է ժամանել Բուխարեստ: Այստեղ թիմի անդամները հայկական ընդունելության արժանացան` երգ-երաժշտությամբ:

Այսօրվա խաղին ֆուտբոլիստները մարտական են տրամադրված, խաղից առաջ ասաց Տարոն Ոսկանյանը. «Ճիշտ է` մի փոքր տխրեցինք, քանի որ կարող էինք հաղթել, սակայն արդեն մոռացել ենք այդ խաղը և առավելագույնս տրամադրված ենք հանդիպմանը»։

Ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը նշում է` Ռումիանիայի հավաքականն առանձնանում է թիմային խաղով, նրանք հստակ պատկերացնում են, թե ինչ ֆուտբոլ խետք է խաղան: Անդրադառնալով նախորդ` Իսլանդիայի դեմ խաղին` նա ընդգծեց. «Իհարկե, մենք փոքր-ինչ բավարարված չենք այս արդյունքից, սակայն իմաստ չունի ֆուտբոլում բողոքել, և պետք է արդեն հոգեբանորեն տրամադրվենք հաջորդ խաղին», - նշեց նա։

«Եթե մենք առաջին խաղում հաղթեինք, այս դեպքում մեզ բավարար էր լինելու ոչ-ոքին, այժմ հիմա մենք պետք է միայն հաղթենք: Կարծում եմ` սա դրական նոտա է, պետք է օգտվել դրանից», - «Ազատության» հետ զրույցում նշեց սպորտային մեկնաբան Գևորգ Ղազարյանը:

Նրա կարծիքով` ազգային ընտրանու հետագա խաղերում իր դերը կունենա հատկապես հավաքականի աստղային նորեկը` արգենտինահայ 29-ամյա կիսապաշտպան Լուկաս Սելարայանը:

Իսլանդիայի հետ հանդիպումից հետո աշխարհահռչակ պարբերականները հենց նրան էին անդրադարձել:

«Իր բարձր որակները երևացին, նա նկատեց Կամո Հովհաննիսյանի միացումը և շատ ճիշտ, դիպուկ փոխանցումով գտավ նրան: Դա է ցույց տալիս, որ նա ունի բավարար որակներ և կարճ ժամանակում կարող է ավելի մեծ օգուտ տալ», - նկատեց Գևորգ Ղազարյանը:

Հայաստանի հավաքականը ընտրական մրցաշարում ամառային ընդմիջումիցերեք հանդիպում ավարտել է ոչ-ոքի և մեկում պարտություն է կրել, մինչդեռ գարնանը հաղթել էր բոլոր երեք հանդիպումներում և J խմբի առաջատարն էր:

Մրցաշարի վերջին երկու խաղերը Խոակին Կապառոսի սաները կանցկացնեն սեփական հարկի տակ՝ նոյեմբերի 11-ին ընդունելով Հյուսիսային Մակեդոնիայի, նոյեմբերի 14-ին՝ Գերմանիայի թիմերին:

XS
SM
MD
LG