Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը երեկ Սկոպյեում գոլազուրկ ոչ-ոքի խաղաց Հյուսիսային Մակեդոնիայի հետ՝ վաստակելով մեկ միավոր։ Ընտրանին շարունակում է գլխավորել 2022 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի իր ենթախումբը։
Չորս հանդիպումներից հետո Հայաստանի հավաքականը 10 միավոր ունի ու մեկ միավորով գերազանցում է խմբի ֆավորիտ Գերմանիային։ Խմբի առաջատարներն այս կիրակի Շտուտգարտում կայանալիք մրցավեճում կփորձեն ամրապնդել իրենց դիրքերը։ Հետխաղային ասուլիսի ընթացքում հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը, մեկնաբանելով խաղի ընթացքը, նշեց՝ Հայաստանի ընտրանին առաջին խաղակեսը հետ քաշվելով սկսեց, սակայն, հետո իրավիճակը փոխվեց։
«Այս խաղում ամեն ինչ կար, առաջին խաղակեսը մենք սկսեցինք նահանջելով, հետ քաշվելով՝ հասկանալով, որ Մակեդոնիայի հավաքականը կարող է եզրերով մեզ բավականին մեծ գլխացավանք պատճառել: Սակայն ընթացքում տղաները սկսեցին գործել ավելի վստահ, և մենք սկսեցինք անցկացնել հակագրոհներ և կարող էինք գրավել մրցակցի դարպասը», - նշեց մարզիչը:
Գոլազուրկ ավարտված հանդիպումը հիմնականում հավասար պայքարում անցավ, ըստ վիճակագրության, գնդակին ավելի շատ դաշտի տերերն են տիրել, Հայաստանի հավաքականը մի քանի սուր գրոհ անցկացրեց, որոնք կարող էին գոլով ավարտվել։
Հյուսիսային Մակեդոնիայում կայացած հանդիպմանը ընտրանին կորուստներով էր մասնակցում. որակազրկման պատճառով թիմին օգնել չկարողացան առանցքային ֆուտբոլիստներ Վարազդատ Հարոյանը, Խորեն Բայրամյանն ու Տիգրան Բարսեղյանը։
«Ամբողջ հարցն այն է, որ դաշտ են դուս գալիս երկու թիմ և երկու թիմն էլ խաղում են, մենք կուզեինք անընդհատ գրոհել, սակայն հակառակորդը ստիպում է քեզ նահանջել», - ասաց Կապառոսը:
Հավաքականի մասին խոսելիս իսպանացի մասնագետն ասաց՝ այս թիմը հոգի ունի. «Տղաներն ապացուցեցին, որ իրենք կարող են տառապել, ինչպես դա տեղի ունեցավ վերջին 15 րոպեների ընթացքում, և սա այն բանի նշանն է, որ մենք իսկական թիմ ենք»:
Երկրպագուները երեկվա հանդիպումից հատկապես առանձնացնում են պաշտպանությունում գրագետ խաղը: ՖԱՖ շարժման անդամ Սևակ Հայրապետյանի խոսքով՝ հարձակման գծում բացակա ֆուտբոլիստների տեղը երևում էր. «Եթե իրանք լինեին, իմ կարծիքով, 1-2 գոլ կիրացնեինք, կհաղթեինք խաղը, բայց ոչ-ոքին էլ վատ արդյունք չէր երեկվա խաղի համար»:
Գերմանիայի հետ խաղում միավոր վաստակելը երկրպագուն իրատեսական է համարում. «Դե 4 խաղից հետո խմբում առաջին տեղ ենք միանձնյա 10 միավորով, խմբից դուրս գալը շատ իրատեսական է ինձ համար, երազանքի կատարման շեմին ենք այսօր, պատրաստվում ենք արդեն Քաթար գնալու: Ինձ թվում է՝ դուրս ենք գալու խմբից այս անգամ վերջապես: Լիխտենշտեյնին, միանշանակ, հաղթելու ենք, Գերմանիայից էլ եթե մի միավոր բերենք, առաջատարի դիրքերը շարունակելու ենք պահպանել այս խաղից հետո»:
Այս կիրակի կայանալիք Գերմանիայի դեմ մրցավեճից հետո Հայաստանի հավաքականը Երևանում կընդունի խմբի հետնապահ Լիտենշտեյնին, որին առաջին տուրում դրսում հաղթել է։ Որակավորման փուլի վերջին 4 հանդիպումները թիմը հոկտեմբերին և նոյեմբերին կանցկացնի:
Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությանը մասնակցելու ուղեգիր կնվաճեն խմբերում առաջին տեղը զբաղեցրած թիմերը, հավաքականները, որոնք մրցաշարը կեզրափակեն երկրորդ տեղում, կխաղարկեն մնացած ուղեգրերը։ Ընդհանուր առմամբ Քաթար 2022-ում եվրոպան կներկայացնի 13 թիմ։