Մատչելիության հղումներ

Ադրբեջանը չունի տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ․ ադրբեջանցի վերլուծաբան


Ադրբեջանը չունի տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ հայտարարեց Բաքվի Թոփչիբաշևի անվան վերլուծական կենտրոնի տնօրեն Ռուսիֆ Հուսեյնովը՝ պնդելով՝ Ադրբեջանում քննարկվում է տրանսպորտային կապուղիների զարգացման հարցը։

Օրեր առաջ Իրանի արտգործնախարարը Մոսկվայում հայտարարեց, որ Թեհրանը մտահոգություն ունի Հարավային Կովկասում ընթացող զարգացումների շուրջ և անթույլատրելի է «տարածաշրջանի քարտեզի փոփոխությունը»։

Ավելի ուշ Թվիթերում ուշագրավ գրառում կատարեց Իրանի ճանապարհների և քաղաքաշինության զարգացման նախարար Ռոստամ Հասեմին՝ նշելով, թե Հարավային Կովկասում տարանցիկ ճանապարհների քարտեզը շուտով ամբողջովին կփոխվի, մանրամասնելով՝ «Նորդուզից Հայաստան գնացող ճանապարհի և կովկասյան միջանցքի հարցը կլուծվի»։

«Ազատությունը» Հուսեյնովից մասնավորապես հետաքրքրվեց ո՞րքան լուրջ է այս սպառնալիքը, արդյո՞ք կարծում է, որ նման բան կարող է տեղի ունենալ:

«Կարծում եմ, որ նման կարգի խոսույթները՝ այն է, որ Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են ոչ միայն ճնշում գործադրել Հայաստանի վրա, այլ նաև օկուպացնել հարավային մարզը, որ կոչվում է Սյունիք, իսկ մենք այն Զանգեզուր ենք անվանում, կամ ունենալ որևէ արտատարածքային միջանցք, որի նկատմամբ Հայաստանը ինքնիշխանություն չի ունենա։ Այո՛, կարծում եմ նման զարգացումը անընդունելի է և՛ Հայաստանի, և՛ Իրանի համար։ Հասկանում եմ մտահոգությունը և մտավախությունները երկու երկրներում էլ, բայց, ըստ իս, ու ես ասում են այն, ինչ մենք քննարկում ենք Ադրբեջանում և Թուրքիայում, խոսքը տրանսպորտային կապի ուղիներին է վերաբերում: Բայց կրկին ասեմ, որ ես գիտեմ, որ կան նման մտավախություններ, որ այն կլինի մի կամրջակ, առաջին քայլ դեպի Մեծ Թուրանի ձևավորմանը, որ Սյունիքով անցնող այս տրանսպորտային միջանցքով Թուրքիան կստանա կամուրջ դեպի Ադրբեջան, իսկ Ադրբեջանից կհասնի Կենտրոնական Ասիա», - ասաց ադրբեջանցի վերլուծաբանը՝ շարունակելով․ - «Ես ծանոթ եմ հայկական խոսույթների հետ և սոցցանցերում հաճախ տեսնում եմ գրառումներ, որ «Ադրբեջանն ու Թուրքիան միասին ուզում են բաժանել իրար մեջ Հայաստանը և այլն»: Կարծում եմ, որ այն, ինչ պաշտոնական քննարկվում է Ադրբեջանում, ինչ քննարկվում է կառավարության կողմից, կայանում է հետևյալում. հակամարտությունը ավարտված է, հարցը փակված է, այսուհետ մենք կզարգացնենք կապերը, տրանսպորտային կապուղիները: Իհարկե նման իդենտիկ նախագծերը այժմ չեն ծրագրվում ոչ Բաքվում, ոչ էլ Անկարայում»:

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի հնարավորությունից

Օրերս Ադրբեջանի ղեկավարն էր հայտնել, թե դեմ չէ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում հանդիպել Հայաստանի ղեկավարին։ Փաշինյանը ևս հանդիպման պատրաստակամություն է հայտնել։

Դիտարկմանը, թե Ալիևը հայտարարում է, որ ցանկանում է խաղաղ պայմանագիր կնքել Երևանի հետ, միևնույն ժամանակ նաև կոշտ հայտարարություններով է հանդես գալիս՝ նշելով, որ «եթե հայերը չտան մեզ միջանցք դեպի Նախիջևան, ապա կստանան այն ուժով», վերլուծաբանն այսպես արձագանքեց․ - «Ես կառավարություն չեմ ներկայացնում, ուստի չեմ կարող ասել պաշտոնյաների անունից: Բայց պատերազմից հետո մեզ մոտ ավելացել են քննարկումները Զանգեզուրի վերաբերյալ: Այն, որ այդ տարածքներում մինչև 90-ականները, մինչև 80-ականների վերջ ապրել են ադրբեջանցիներ, դա ևս փաստ է: Մի քանի անգամ Ալիևն ինքն ասաց, որ մենք չունենք որևէ տարածքային պահանջ Հայաստանի նկատմամբ: Ու եթե մենք գնանք, ասենք, Զանգեզուր, ապա մենք գնալու ենք այնտեղ մեքենաներով, ավտոբուսներով կամ գնացքով: Կրկին, եթե ես չեմ սխալվում, ադրբեջանական Հանրապետության պաշտոնական դիրքորոշումը այն է, որ Բաքուն չունի տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ»:

Վաղը՝ հոկտեմբերի 12-ին Հայաստանի վարչապետը կմեկնի Մոսկվա՝ հանդիպելու Ռուսաստանի նախագահ Վլադիմի Պուտինի հետ։ Առայժմ չի հաղորդվում, թե արդյոք Մոսկվա է մեկնելու նաև Ադրբեջանի նախագահը։

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը վերջին անգամ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ եռակողմ ձևաչափով էին հանդիպել։ Հունվարի 11-ին Կրեմլում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումն առաջին էր պատերազմից հետո: Այն տևել էր մոտ չորս ժամ: Դրանից հետո երեք երկրների առաջնորդներն հայտարարություն էին ընդունել, որը վերաբերում էր տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելուն։

Հաքրցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG