Մատչելիության հղումներ

Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը


Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Մոսկվայում, 11-ը հունվարի, 2021թ․
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Մոսկվայում, 11-ը հունվարի, 2021թ․

Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը, հայտնում է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը:

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հանդիպում են պատերազմից հետո առաջին անգամ:

Ինչպես նշված է Կրեմլի տարածած հաղորդագրությունում նախատեսված են Վլադիմիր Պուտին- Նիկոլ Փաշինյան, Վլադիմիր Պուտին- Իլհամ Ալիև առանձին երկկողմ հանդիպումներ ևս։

Փաշինյանի աշխատանքային այցը Մոսկվա կարճատև է, օրվա երկրորդ կեսին նա վերադառնալու է Երևան։

Նախատեսված է նաև երեք ղեկավարների մասնակցությամբ աշխատանքային ճաշ։ Հավանաբար կլինի նաև Պուտինի կարճ մամուլի ասուլիսը բանակցություններից հետո։

Ռուսական աղբյուրները նշում են, որ սա չափազանց կարևոր հանդիպում է Կրեմլի համար, այնքան կարևոր, որ Պուտինը համաձայնել է խախտել կորոնավիրուսով պայմանավորված ինքնամեկուսացման ռեժիմը։

Կրեմլի տարածած մամուլի հաղորդագրությունում նշված է, որ եռակողմ բանակցությունների օրակարգում է նոյեմբերի 10-ի գիշերը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության իրականացման ընթացքը և տարածաշրջանում առկա խնդիրների լուծման ուղղությամբ հետագա քայլերը։ Հատուկ ուշադրություն կդարձվի ռազմական գործողությունների հետևանքով տուժած շրջանների բնակիչներին օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման և զարգացման հարցերին, նշված է Կրեմլի տարածած հայտարարությունում։

Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն ավելի մանրամասն է ներկայացրել այսօրվա բանակցությունների օրակարգը՝ շեշտելով․ - «Ադրբեջանական կողմը և հայկական որոշ շրջանակներ անընդհատ շրջանառում են այսպես կոչված «Մեղրիի միջանցքի» թեման, սակայն ինչպես բազմիցս նշվել է՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ չկա ոչ Մեղրի, ոչ էլ Հայաստանի տարածքով միջանցք ստեղծելու մասին որևէ դրույթ»։

Ադրբեջանական և ռուսական կողմերը, մինչդեռ, օգտագործում են Նախիջանի միջանցք արտահայտությունը, ընդ որում Բաքուն Նախիջևանի միջանցք ասելով նկատի ունի Նախիջևանը Ադրբեջանի մնացած տարածքի հետ կապող ոչ միայն ավտոճանապարհի, այլ նաև երկաթուղային ճանապարհի շինարարությունը։ Ավելին՝ հունվարի 7-ին Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե Նախիջևանի միջանցքի շինարարությունը կսկսվի առաջիկա օրերին և կտևի մոտ երկու տարի։

Ալիևն ասել է նաև, թե Թուրքիա-Նախիջևան-Ադրբեջան տրանսպորտային ճանապարհ նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորումն արդեն նախապատրաստվում է, իսկ ադրբեջանական Հորադիզ և Զանգելան քաղաքների հատվածում շինարարական աշխատանքները կսկսվեն առաջիկա օրերին։

Ռուսական աղբյուրները նույնպես գրում են, որ Նախիջևանի միջանցքի հարցն այսօրվա բանակցությունների հիմնական թեմաներից է։ Հավելենք, որ նոյեմբերի 10-ի գիշերը ստորագրված փաստաթղթում Նախիջևանի միջանցքի մասին խոսք չկա։ Այնտեղ միայն նշված է տրանսպորտային հաղորդակցության անհրաժեշտության մասին, սակայն պատերազմի ավարտից անմիջապես հետո Բաքուն սկսեց խոսել Նախիջևանի միջանցքի մասին՝ կապելով այն Լաչինի միջանցքի հետ։

Ռուսական աղբյուրներն էլ գրում են, որ ադրբեջանական կողմը ցանկանում է ոչ միայն ստեղծել նման միջանցք, այլ նաև ռուսական սահմանապահ զորքերի հետ միասին վերահսկել այն։

Այսօրվա եռակողմ հանդիպմանը հնարավոր է, որ նոր փաստաթուղթ ստորագրվի։ Համենայն դեպս Փաշինյանի խոսնակը երեկ սա չի բացառել։ «Եթե հանդիպման ընթացքում օրակարգային հարցերի, այսինքն՝ տնտեսական թեմաների, գերիների փոխանակման, անհետ կորածների հարցերի շուրջ հնարավոր լինի հասնել համաձայնությունների, հնարավոր է հանդիպման արդյունքների վերաբերյալ համատեղ հայտարարության ստորագրում», - երեկ հայտարարել է Գևորգյանը։

Ռուսական մամուլն էլ նախօրեին գրել էր, որ եռակողմ այս հանդիպմանն ամենայն հավանականությամբ կքննարկվի նաև Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ Ադրբեջանական կողմը շեշտում է, որ օրակարգում Արցախի կարգավիճակի հարց այլևս պետք է չլինի։

Տարընթերցումներ կան կողմերի մոտ նաև զինված ուժերի հարցում․ հայտարարությունում նշված չէ, որ հայկական կողմը պետք է զորքերը դուրս բերի Ղարաբաղի՝ հայկական կողմին մնացած հատվածից, մինչդեռ Բաքուն պարբերաբար այս հարցը բարձրաձայնում է, իսկ Մոսկվան գերադասում է այն շրջանցել։ Ամեն դեպքում այսօրվա բանակցություններին ռուսական կողմն ամենայն լրջությամբ է նախապատրաստվում․ երեկ՝ կիրակի օրը Ռուսաստանի նախագահը հեռավար խորհրդակցություն է անցկացրել նվիրված Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը։ Խորհրդակցությանը մասնակցել են Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը և Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը։

Երեկ ավելի վաղ Պուտինն այսօր կայանալիք եռակողմ բանակցությունները քննարկել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ։

Հավելենք, որ Ռուսաստանի հայերի միությունը ի բողոք Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցին այսօր կեսօրին բողոքի ակցիա է կազմակերպելու Ռուսաստանում Հայաստանի դեսպանության առջև։

XS
SM
MD
LG