44-օրյա պատերազմը քննող հանձնաժողով ստեղծելու հարցը իշխանությունը ձեռքն է վերցնում, որ պատերազմի ու պարտության պատճառները պարտակի, մեղքը գլխավոր պատասխանատու Փաշինյանի ուսերից գցի ու մեղավորներ նշանակի, կարծում է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Մեր կարծիքով` դա հարցերը կոծկելու, այլ ուղղությամբ տանելուն միտված քայլ է: Չի կարող իշխանության կողմից ստեղծված հանձնաժողովը քննի տվյալ իշխանության գործունեությունը», - նշում է նա:
Իշխան Սաղաթելյանը հիշեցնում է՝ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին իրենք ավելի վաղ են հայտարարել, բայց իշխող խմբակցությունն է առաջ ընկնում, որ հանձնաժողովը ձևավորի իրեն ձեռնտու տարբերակով, ըստ նրա` «Քաղաքացիական պայմանագրին» հարմար ընդդիմադիր ուժերի մասնակցությամբ, որ անաչառ քննության իմիտացիա ստեղծի. «Իրենց համար մի կարևոր բան գոյություն ունի` տեսարաններ, շոուներ, մարդկանց մոլորեցնել, կեղծ տեղեկություններով սնել հասարակությանը և ժողովրդին»:
Իշխանության ներկայացուցիչներն արդեն հայտարարել են, որ նորընտիր խորհրդարանում իրենց առաջին քայլերից է լինելու քննիչ հանձնաժողովի ստեղծումը։ Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքով այն պետք է ստեղծվի խորհրդարանի Պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի կազմով։ Բայց իշխանական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն «Ազատությանն» ասել է, որ կանոնակարգ-օրենքը Աստվածաշունչ չէ, փոխելու են, ընդլայնելու են կազմը, որ արտախորհրդարանական ուժերն էլ լինեն։ Իսկ խորհրդարանական ուժերը դեռ վերջնական որոշում չունեն` իշխանության նախաձեռնությանը մասնակցել, թե ոչ։
«Մենք այս պահին ունենք դիրքորոշում, որ այս ձևաչափն արդյունավետ չէ», - նշում Իշխան Սաղաթելյանը:
Նոր խորհրդարանում երկրորդ ուժը՝ «Հայաստան» դաշինքը, մասնակցության հարցը կքննարկի, եթե համաձայնեն իրենց պայմանին։ Առաջարկում են, որ հանձնաժողովում իշխանական ու ընդդիմադիր անդամները հավասար քանակով լինեն, և նախագահը լինի ընդդիմությունից. «Այսինքն` ստեղծվի մի անկախ, արդյունավետ մարմին, որ իրական քննություն կիրականացնի, հակառակ դեպքում այս ամեն ինչը պարզապես լուրջ չէ»:
Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» դաշինքն էլ մասնակցության հարցը դեռ չի քննարկել։ Դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ասում է՝ դիրքորոշում կհայտնեն, երբ այդ նախաձեռնությունը Ազգային ժողովում սկսեն քննարկել։ Բայց մինչ այդ էլ, ըստ նրա, ակնհայտ է, որ իշխանության նպատակը պատերազմի բուն խնդիրները բացահայտելը չէ. «Սա նպատակ ունի պարտության թիվ մեկ մեղավորությունը, թիվ մեկ պատասխանատվությունը անձամբ Նիկոլ Փաշինյանից վրայից ցրելու տարբեր ուղղություններով, տարբեր թիրախներով: Կան գործիչներ ռազմական և քաղաքական, որոնք հատկապես հետպատերազմյան փուլում հանդես են եկել բավականին կոշտ հայտարարություններով, որ իշխանությունը նպատակ ունի նրանց անհատական թիրախավորման տակ առնելու»:
Իշխանությունն ամենևին էլ նպատակ չունի այդ հանձնաժողովով պատասխանել հանրությանը հուզող հարցերին, ասում է Տիգրան Աբրահամյանը և հիշեցնում` դրա լավագույն օրինակն ապրիլյան հանձնաժողովի պատմությունն էր։ Մեծ աղմուկով ստեղծեցին, քննեցին ու թե ինչ պարզեցին, հանրության որ հարցերին պատասխանեցին, այդպես էլ հայտնի չդարձավ։ Զեկույցը թաքցրեցին հանրությունից, շեշտում է Աբրահամյանը. «Բայց իշխանությունն այդ մեկ տարվա ընթացքում դուրս բերեց առանձին դետալներ, որոնք որևէ հիմնավորում չունեին, բայց զուգահեռ նաև փորձեց տարբեր մարդկանց վրա սլաքներ ուղղել, դրանք պայմանական նախկիններն էին, դրանք պայմանական անցանկալի զինվորականներն էին, և փորձում էր դա քաղաքական և քարոզչական նպատակներում իր օգտագործել, և ասեմ, որ շատերի դեպքում դա գործում էր: Այս ամենը հաշվի առնելով` մենք կարո՞ղ ենք օբյեկտիվ քննության, կարո՞ղ ենք իշխանության հռչակած նպատակների որևէ հիմք ունենալ, բնականաբար չունենք»:
Իշխանության ներկայացուցիչներն են խոստովանել, որ ապրիլյան քննիչ հանձնաժողովով կարևոր բացահայտումներ են արել, ասում է Իշխան Սաղաթելյանն ու հիշեցնում Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը, որ օրինակ` Արտակ Դավթյանը բացասական դերակատարում է ունեցել քառօրյա պատերամզի ժամանակ, բայց Նիկոլ Փաշինյանը Անդրանիկ Քոչարյանի գլխավորած հանձնաժողովի բացահայտումներից հետո Արտակ Դավթյանին նշանակեց Գլխավոր շտաբի պետ։ Իսկ պաշտպանության նախարարի պաշտոնը վստահել է Արշակ Կարապետյանին, որը քառօրյայից անմիջապես հետո ազատվեց ՊՆ հետախուզության վարչության պետի պաշտոնից։
«Սա է այսօրվա իշխանության դեմքը և դիմագիծը` մարդուն, ում 16 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ մեղադրել են անգործունեության մեջ, հեռացրել են պաշտոնից, ու այդ հանձնաժողովը հաստատել է դա, այսօր նշանակում են պաշտպանության նախարար», - նկատում է Սաղաթելյանը:
Նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանը կմեկնարկի երկուշաբթի օրը, օրակարգում Ազգային ժողովի ու հանձնաժողովների ղեկավար կազմի ընտրության հարցերն են։