Մատչելիության հղումներ

Արցախի նախագահը սահմանադրական կարգը տապալելու գործով որպես վկա հարցաքննվել է


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը որպես վկա հարցաքննվել է Արցախի դատախազության քննիչների կողմից։

Ֆեյսբուքյան իր էջում Հարությունյանը գրել է, որ հարցաքննվել է Արցախի քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի [Սահմանադրական կարգը տապալելը]1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործով։

«Ինչպես և խոստացել էի, տեղեկացնում եմ, որ որպես վկա հարցաքննվել եմ ԱՀ դատախազության քննիչների կողմից՝ ԱՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործով։ Հաշվի առնելով տվյալ գործի կարևորությունը՝ հայտնել եմ հնչեցված հարցերի վերաբերյալ իմ ունեցած ողջ տեղեկությունները և վերահաստատել պատրաստակամությունս հետագայում ևս վարույթին օրենքով սահմանված կարգով մասնակցելու վերաբերյալ», - գրել է Արցախի նախագահը։

Հիշեցնենք՝ ապրիլին Արցախի դատախազությունը հաղորդեց, որ Սահմանադրական կարգը տապալելու հատկանիշներով մարտի սկզբին Արցախում հարուցված քրեական գործով Արայիկ Հարությունյանն առաջիկայում հարցաքննության է հրավիրվելու։ Հարությունյանի խոսնակ Լուսինե Ավանեսյանն էլ «Ազատության»-ը փոխանցեց որ, 44-օրյա պատերազմին վերաբերող քրեական գործի շրջանակներում Հարությունյանը ծանուցագիր ստանալու դեպքում կգնա հարցաքննության։

Արցախի նախագահն այսօր նաև հայտարարել է․ - «Հասկանալով մեր հայրենիքի կյանքի կարևորագույն ժամանակահատվածին՝ 44-օրյա պատերազմին վերաբերող իրադարձությունների բուն ընթացքն ու պատճառահետևանքային կապերը բացահայտելու հանրային պահանջը՝ առաջիկայում իմ իրական լիազորությունների ու իրազեկվածության սահմաններում նաև հանրայնորեն կներկայացնեմ որոշ հարցերի պատասխաններ»։

Նշենք, որ ըստ Արցախի դատախազության՝ գործով մեղադրյալներ չկան։ Քրեական գործը հարուցվել է Արցախի երկու հասարակական կազմակերպությունների՝ «Առաջ Արցախ»-ի և «Հայկի սերունդ»-ի դիմումների հիման վրա, բողոքներն առնչվում են պատերազմի ժամանակաշրջանին։


XS
SM
MD
LG