Մատչելիության հղումներ

Կիևն արտաքսել է Վրաստանի ութ քաղաքացիների, Սաակաշվիլին շարունակում է պայքարը՝ սպառնալով իմպիչմենտով


Միխեյիլ Սաակաշվիլին բողոքի գործողության ժամանակ, Կիև, 2017 թ․
Միխեյիլ Սաակաշվիլին բողոքի գործողության ժամանակ, Կիև, 2017 թ․

Միխեյիլ Սաակաշվիլին այսօր կայացած ասուլիսում Ուկրաինայի իշխանություններին մեղադրել է իրեն աջակցող վրացիներին Ուկրաինայից անօրինական կերպով արտաքսելու մեջ:

Նա հայտնել է, որ նոյեմբերի 17-ին իր չորս ընկերներին և աջակիցներին Կիևում առևանգել են, ուղղաթիռով տեղափոխել Օդեսա, այնտեղից` Չեռնոմորսկ ու լաստանավով արտաքսել Բաթումի:

Նրանց թվում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերության լրագրող Թամազ Շավշիշվիլին: Վերջինս «Սկայպով» միացել է ասուլիսին ու հայտնել, որ Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները Կիևում ներխուժել են իր բնակարան, ուժ են կիրառել, կապել աչքերն ու տարել օդանավակայան: Լրագրողն ասել է, որ ինքն Ուկրաինայի արտգործնախարարության հավատարմագիր ունի, որևէ օրենք չի խախտել, բայց Ուկրաինայի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները պատասխանել են, թե նրա մուտքը երկիր երեք տարով արգելված է:

Կիևը պաշտոնապես հայտնել է, որ վերջին օրերին արտաքսել են Վրաստանի ութ քաղաքացիների: Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտարարել է, թե նրանց արտաքսելու որոշումն ընդունվել է Միգրացիոն պետական ծառայության և ազգային ոստիկանության տվյալների հիման վրա, ըստ որի՝ նշված օտարերկրացիների գործունեությունը հակասում է Ուկրաինայի ազգային անվտանգության շահերին: Սաակաշվիլին պնդում է, որ Ուկրաինայի իշխանություններն ուժեղացնում են քաղաքական ճնշումներն իր ձևավորած ընդդիմադիր շարժման առաջնորդների և ակտիվիստների նկատմամբ:

Ուկրաինայի խորհրդարանի՝ Գերագույն ռադայի մոտ ընդդիմադիրները նոյեմբերի 17-ից վրաններ են տեղադրել ու շարունակում են հակակառավարական ակցիան: Նախօրին այնտեղ կայացած հանրահավաքում Միխեյիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ պատրաստ է նոր կառավարություն ձևավորել ու դառնալ Ուկրաինայի վարչապետ: «Ուկրաինան շտապ նոր կառավարություն ձևավորելու կարիք ունի»,-ասել է Սաակաշվիլին նոյեմբերի 19-ին Գերագույն ռադայի մոտ անցկացված հանրահավաքի ժամանակ: «Եկեք ձևավորենք նոր կառավարություն և առաջին հերթին կգտնենք այն ուկրաինացիներին, որոնք հոգ կտանեն, կհարգեն ու կզարգացնեն երկիրը»,- հավելել է Վրաստանի նախկին նախագահն ու Օդեսայի նախկին նահանգապետը:

Հակակառավարական ցույցերի մասնակիցները իշխանություններին մի շարք պահանջներ են ներկայացնում՝ չեղարկել պատգամավորների անձեռնմխելիությունը, հակակոռուպցիոն դատարան ստեղծել, փոփոխություններ կատարել Ընտրական օրենսգրքում և երկրի նախագահին իմպիչմենտ հայտարարելու մասին օրենքում: Ուկրաինայի մի շարք ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներ միացել են ցուցարարներին:

Սաակաշվիլին, ով առաջնորդում է իր ստեղծած «Նոր ուժերի շարժումը», ասել է՝ եթե իշխանությունները չկատարեն իրենց պահանջները, ապա դեկտեմբերի 3-ից կսկսեն Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի և մյուս բարձրաստիճան ղեկավարների «ժողովրդական իմպիչմենտը»: «Մինչև դեպտեմբերի 3-ը մեք կշարունակենք այն, ինչ սկսել ենք: Դեկտեմբերի 3-ը «իքս օր» է բոլորիս համար: Ես ճամփորդելու եմ երկրով մեկ՝ խաղաղ ճանապարհով ժողովրդին բարձրացնելու համար»,- ասել է Սաակաշվիլին:

Այս տարվա հունիսին Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն Սաակաշվիլիին զրկել էր Ուկրաինայի քաղաքացիությունից, ով այդ ժամանակ գտնվում էր արտերկրում: Սակայն անտեսելով Պորոշենկոյի որոշումը, սեպտեմբերի 10-ին Սաակաշվիլին հարյուրավոր աջակիցների օգնությամբ ճեղքեց Լեհաստան-Ուկրաինա սահմանային անցակետը, մտավ Ուկրաինա և սկսեց հանրահավաքներ անել, հարցազրույցներ տալ:

Պետրո Պորոշենկոն ասել է, որ բողոքի հանրահավաքներ կազմակերպելու իրական նպատակն Ուկրաինան ապակայունացնելն է: Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն Սաակաշվիլիին և նրա աջակիցներին մեղադրել է «դրսի ֆինանսական օգնությամբ դավադրություն» կազմակերպելու մեջ:

Չնայած Ուկրաինայի իրավապահները սահմանն անօրինական հատելու մեղադրանքով քրեական գործ են հարուցել և չնայած Սաակաշվիլիին ձերբակալելու և արտահանձնելու՝ Վրաստանի դիմումներին, ըստ որոնց, նա մեղադրվում է առնվազն երեք քրեական գործերի շրջանակում, Սաակաշվիլին շրջում է Ուկրաինայում, հակակառավարական ելույթներ ունենում և ցույցեր կազմակերպում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG